Եթե փետրվարին Ադրբեջանի կառավարությունն ասում էր, թե բնապահպանական ակցիան իր կողմից չի կազմակերպվել եւ քաղաքացիական հասարակության ինքնաբուխ գործողություն է, ապա հիմա Ադրբեջանը նման բան ասելու հնարավորություն չունի, որովհետեւ հիմա արդեն Լաչինի միջանցքն արգելափակված է ադրբեջանական պետական կառույցների գործողությունների պատճառով։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում եւ է՛լ ավելի ամրապնդվում է Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի համար։
«Ադրբեջանի «բնապահպանական» ակտիվությունը շարունակվում է, եւ հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական եւ ոչ պաշտոնական մակարդակով։ Ընդ որում, սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք բոլորովին ուրիշ բանի մասին են, հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս խնդրի շուրջ ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար․ «Այս առումով չափազանց կարեւոր է նաեւ միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների ապահովման օրակարգով»։
Կարդացեք նաև
Փաշինյանը հիշեցրեց, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների 4-րդ հանդիպումը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ