Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ր նորմի հիման վրա է վարչապետին վերապահվում այդ իրավասությունը»․ Արծվիկ Մինասյանը ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր ընտրելու մասին

Հուլիս 13,2023 12:09

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, թե սահմանադրական լիազորությունների տեսակետից ո՞ր նորմի հիման վրա է վարչապետին վերապահվում իրավասություն՝ հաստատելու կամ մերժելու միջազգային դատարանում դատավորների թեկնածուների ցուցակը։

Հիշեցնենք, որ այս նախագծում արվում է հետեւյալ լրացումը՝ «վարչապետն իրավասու է ձեւավորել միջազգային դատարաններում դատավորների պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով, հաստատել դրա աշխատակարգը, ինչպես նաեւ հաստատել միջազգային դատարանում դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ, հաստատելու կամ մերժելու ընտրության արդյունքում հանձնաժողովի կազմած թեկնածուների ցուցակը»։

«Օրենքը, որը վերաբերում է կառավարության կառուցվածքին եւ գործունեությանը, ենթադրվում է, որ հենց կառավարության լիազորությունների մասով պետք է գնա։ Ի՞նչն է խանգարում, որ այս իրավասությունը վերապահվի կառավարությանը, անհատական կազմի հաստատումը էլի բնականաբար կարող է մնալ վարչապետի լիազորությունների դաշտում»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը։

Ի պատասխան՝ Եղիշե Կիրակոսյանն ասաց․ «Կարծում եմ՝ վարչապետի՝ արտաքին քաղաքականության համակարգման լիազորությունից ուղղակիորեն բխում է այս լիազորության նախատեսումը։ Կառավարությանը նման լիազորություն վերապահելը, ըստ իս, ավելորդ բարդացում է, որովհետեւ արդեն իսկ հանձնաժողով է ստեղծվել, եւ հանձնաժողովը պրոցեսը տանելու է առաջ։ Այսինքն՝ սահմանադրական առումով վարչապետին նման լիազորություն տալու հիմքերը հստակ են, շատ ուղիղ վերաբերում է արտաքին քաղաքականության ոլորտին։ Ուղղակի այս հատուկ նորմը մենք առաջարկում ենք լրացում անել օրենքում, որ ավելի հստակ լինի, որեւէ հարց չառաջանա»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31