Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի նախագիծն ուղղակի անհասկանալի է։ Վստահ եմ՝ ինչ-որ կարճաժամկետ խնդիրների լուծման համար է. Հովհաննես Քոչարյան. «Հրապարակ»

Հուլիս 13,2023 11:44

Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր գործուն զղջման ինստիտուտը կիրառել նաեւ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում, մինչդեռ այդ ինստիտուտը մինչ այժմ կիրառվել է միայն ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների դեպքում։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք նախկին փոխոստիկանապետ, ներկայումս փաստաբան Հովհաննես Քոչարյանի հետ։ Անդրադառնալով արդեն իսկ ընդունված փոփոխություններին՝ Քոչարյանն ասաց․ «Երբ ես այս նախագծին, որ արդեն օրենք է դառնում, նայում եմ, ինձ մոտ մի հարց է առաջանում․ ինչ-որ խնդրի են փորձում լուծում տալ, բայց ինչ-որ այլ հիմնավորումներով, օրինակ՝ նախաքննական մարմինները բեռնաթափելու։ Մի տեսական այդ հիմնավորումն ու լուծման մասշտաբը չեն համապատասխանում իրար։ Առաջին անգամ եմ տեսնում, որ նախաքննական եւ դատաքննական մարմինների բեռնաթափման խնդիրն այսպիսի աննախադեպ փոփոխություններով սկսեն, որը, ըստ էության, երեւի բացառիկ է հետխորհրդային տարածքում։ Անկեղծ ասած, ես որքան փորձում եմ նման բան գտնել, համեմատություն անել, հասկանալ, թե կա՞ արդյոք որեւէ այլ պետություն, որը նման լուծումների է գնացել, եւ կարծես թե նման օրինակներ չեմ տեսնում։ Ես ընդհանրապես կողմ եմ մեղադրյալների համար լրացուցիչ հնարավորությունների, բայց արդարության վերականգնման մեխանիզմների գործուն ինստիտուտների շրջանակներում, ես դատարանի կողմից ազատումների մեխանիզմների պրոցեսուալ եղանակներին եմ կողմ, ես համաներման ինստիտուտին եմ կողմ, որը համարում եմ, որ ժամանակ առ ժամանակ՝ 5 կամ 10 տարի պարբերականությամբ, որպես հումանիզմի ակտ պետք է կիրառվի, բայց այստեղ խնդիրն այն է, թե այդ հայեցողությունն ում է թողնված․ գործադիր իշխանության մաս հանդիսացող նախաքննական մարմնին, որ ինքն է որոշելու՝ այս առանձնապես ծանր կամ ծանր հանցագործության պարագայում կիրառենք գործուն զղջումը, իսկ այս պարագայում չկիրառենք։ Հետաքրքիր եւս մի բան․ տուժողների պարագայում ինչպիսի վնասի հատուցման մասին է խոսք գնալու։ Ասենք՝ առանձնապես ծանր մի հանցագործության մասին է խոսք գնում, որի համար նախատեսված է 15-20 տարի ազատազրկում, եւ հարց է առաջանում՝ ինչպե՞ս ես հատուցելու տուժողի վնասը, իմ ուղեղի մեջ դա ուղղակի չի մտնում։ Այդ ինչպիսի՞ հատուցում պետք է լինի, որ այդ խոցված օբյեկտների վերականգնում տեղի ունենա արդարության չափանիշի կոնտեքստում։ Այս նախագիծն ուղղակի անհասկանալի է։ Ես վստահ եմ, որ այն ինչ-որ կարճաժամկետ խնդիրների լուծման համար է, եւ կարծում եմ՝ 1 կամ 2 տարի հետո կտեսնենք, որ նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որ այս փոփոխություններն ուժը կորցրած կճանաչվեն արդեն»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31