Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրականում սոցիալական խնդիր առանձնապես չի լուծվելու։ Նվազագույն կենսաթոշակը դեռ ամբողջությամբ չի ծածկում կենսապահովման անհրաժեշտ ծախսերը. Լիլիա Ամիրխանյան. «Փաստ»

Հուլիս 13,2023 11:34

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ զրույցում անդրադարձել ենք հուլիսի 1-ից կենսաթոշակների, նպաստների բարձրացմանը, խոսել հունիսին արձանագրված գնանկման միտումների ու ազդեցության մասին։

«Հաշվի առնելով այն սոցիալական ծանր իրավիճակը, որն արդեն ավելի քան 2 տարի կա, եկամտի ցանկացած ավելացում դրական է, բայց, այդուհանդերձ, չենք կարող օբյեկտիվ չլինել ու չասել, որ իրականում սոցիալական խնդիր առանձնապես չի լուծվելու։ Գուցե որոշակիորեն ինչ-որ չնչին հարցեր լուծվեն, բայց սոցիալական խնդիր չի լուծվելու։ Այս առումով բավական է դիտարկել հուլիսի 1-ից բարձրացված նվազագույն կենսաթոշակի չափը և նվազագույն պարենային զամբյուղի արժեքը։ Թեպետ այդ բարձրացման արդյունքում նվազագույն կենսաթոշակը մոտեցել է նվազագույն պարենային զամբյուղի արժեքին, բայց դեռ ամբողջությամբ չի ծածկում կենսապահովման անհրաժեշտ ծախսերը»,-«Փաստի» հետ զրույցում նշել է փորձագետը՝ շեշտելով, որ այլ խնդիր ևս կա։

Անդրադառնալով իրավիճակի հնարավոր լուծումներին՝ նա շեշտեց. «Մի կողմից՝ հանրության շրջանում անընդհատ եկամուտներն ավելացնելու օբյեկտիվ պահանջ է առաջանում, մյուս կողմից՝ կա նաև խնդրի հակառակ կողմը՝ պետություն, պետական ռեսուրսներ, միջոցներ։ Ես քաղաքական կամքն ու կառավարման որակները մի կողմ եմ թողնում, որովհետև եթե այս իշխանության պարագայում դա քննարկենք, ո՛չ որևէ առաջարկով ենք հանդես գալու, ո՛չ էլ որևէ գործողություն ենք ակնկալելու իրենցից։ Մեծ հաշվով, անում են այն, ինչ ուզում են։ Մինչդեռ միջազգային պրակտիկայում օրինակելի մի մոդել կա՝ եկամուտների ինդեքսացիան։ Այս մասին արդեն ավելի քան 2 տարի է՝ բարձրաձայնում ենք. այն պահից, երբ հասկանալի էր, որ գործ ունենք երկարաժամկետ գնաճային իրավիճակի հետ, գործողություններ ու քայլեր պետք է դիտարկվեին։ Եկամուտների ինդեքսացիան այն գործողությունն է, որն իրականացվում է կառավարությունների կողմից՝ ինչ-որ իրավիճակներում մարդկանց եկամուտների կորստի փոխհատուցումն ապահովելու համար։ Գնաճն ամենատարածված իրավիճակներից է, որի ժամանակ միջազգային պրակտիկայում կիրառվում է եկամուտների ինդեքսացիան։ Գնաճի պարագայում մարդկանց եկամուտները նվազում են, և այդ վնասի փոխհատուցման համար տարբեր երկրներում կիրառվում է ինդեքսացիայի գործիքակազմը»։

Մեր զրուցակցի խոսքով, ինդեքսացիայի գործընթացը ռիսկեր ունի, առաջինը պետության հնարավորությունների խնդիրն է. «Հակադարձելով՝ կարող են նշել, թե մեր պետությունը ինդեքսացիա իրականացնելու համապատասխան միջոցներ չունի։ Ու այստեղ բախվում ենք նույն խնդրին՝ այդ դեպքում ո՞ւր են բոլոր աննախադեպ ցուցանիշները, աննախադեպ հոսքերը, որոնց մասին խոսում էիք։ Մեր պարագայում եկամուտների գոնե մասնակի ինդեքսացիա իրականացնելու հնարավորությունը, կարծես, ունենք, որովհետև մեզ ասում են, որ ամեն ինչ աննախադեպ է»։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31