Հայ-ադրբեջանական նոր բանակցությունների շուրջ նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն առայժմ չկա: Այս մասին երեկ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Դեռևս հանդիպում նախատեսված չէ, թեև մենք շարունակում ենք անհամբեր սպասել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նախարարների հաջորդ հանդիպմանը, բայց ես որևէ թարմացում չունեմ հաղորդելու»,- ասել է Միլլերը:
Ի պատասխան լրագրողի հարցի՝ ինչ է նշանակում «խաղաղությունը մոտ է» («the peace is within reach») արտահայտությունը, արդյո՞ք դա նշանակում է մեկ ամսից, կամ երկու, երեք ամսից, Միլլերն ասել է, որ չի ցանկանա այդ հարցում ժամանակացույց սահմանել:
«Մենք նկատի ունենք, որ նրանք [հայկական և ադրբեջանական կողմերը] զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերում: Անգամ վերջին հանդիպման ժամանակ նրանք նեղացրել են մնացած չլուծված հարցերի թիվը։ Եվ այսպես, մենք կարծում ենք, որ քանի լուծման ենթակա խնդիրները նվազում են, համաձայնագիրը հասանելի է դառնում»,- ասել է Միլլերը՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է նաև, որ կողմերը պատրաստ լինեն փոխզիջման:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ