Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը իրատեսական չի համարում Օսկանյանի առաջարկը. «Երբ խոսվում է ԼՂԻՄ-ի մասին, նախեւառաջ պետք է պատասխանել՝ ինքնավարություն՝ ո՞ւմ կազմում»: Եվ ընդգծում է, որ որեւէ միջազգային մեխանիզմ, փաստաթուղթ չի կարող դա երաշխավորել․ «Հիմա ժողովրդավարության շղարշները հանվել են, ամեն ինչ մերկ է, նույն Հաագայի դատարանը որոշում չընդունեց, որ պետք է բացվեր միջանցքը, կամ չարաբաստիկ հայտարարությամբ որտե՞ղ է ֆիքսված, որ այն պետք է փակվեր, ի՞նչ երաշխիքների մասին է խոսքը»։
88-ի եւ այսօրվա իրավիճակները, Բաբայանի խոսքով, արմատապես տարբեր են։ «Նախեւառաջ, ԼՂԻՄ-ը մինչեւ 88-ը մի իրավիճակ էր, 88-91-ին այլ իրավիճակ էր, 91-ից մինչեւ 2018-20 թթ․՝ բոլորովին այլ։ 88-ը վաղուց անցել է, այդ պայմաններում ԼՂԻՄ-ը հարց բարձրացրեց՝ վերամիավորվելու Հայաստանի հետ։ Սա եղել է անհրաժեշտություն այն ժամանակ, որովհետեւ բարդ իրավիճակ էր առաջացել նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ, երբ Ադրբեջանն ամբողջական վերահսկողություն չուներ ԼՂԻՄ-ի վրա, մենք ընդհանուր խորհրդային պետության կազմում էինք, Ադրբեջանն իրավունք չուներ մեր ինքնավարությունը չեզոքացնել, իրավունք չուներ վերացնել այն, բայց «տակից» իր գործն անում էր։ Ուստի 88-ին վերամիավորման հարցը բարձրացրինք, Գորբաչովը 85-ին այդ ռումբը դրեց ԽՍՀՄ-ի տակ եւ քանդեց, հիմա տարբեր ձեւով կարելի է մտածել՝ հատո՞ւկ է արել, թե՞ ոչ, բայց գորբաչովիզմն ամենասարսափելի երեւույթներից մեկն է, որի միջով որեւէ ազգ կարող է անցնել։ ԼՂԻՄ-ը գոյատեւեց մինչեւ 1991 թվականը, բայց արդեն գրեթե դե ֆակտո անկախ վիճակում՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Ավելին, միակ վարչատարածքային ինքնավար կազմակերպությունն էր խորհրդային տարիների ընթացքում, որը դուրս բերվեց Ադրբեջանի խորհրդային միությունից եւ ենթարկվեց կենտրոնին՝ Մոսկվային, հետո լրիվ իրավիճակը փոխվեց եւ այլն։ Հիմա, երբ գոյություն ունի անկախ Ադրբեջան՝ պետական հայատյաց գաղափարախոսությամբ, մենք ո՞նց ենք սրա տակից դուրս գալու, մենք Խորհրդային Միության կազմում չենք, որ ինչ-որ մեկն Ադրբեջանի գլխին տա, թույլ չտա դեմ գնալ պետության քաղաքականությանը, որովհետեւ ինտերնացիոնալիզմը եղել է պետական քաղաքականություն այն ժամանակ: Այս իրավիճակում ի՞նչ ինքնավարություն` անկախ Ադրբեջանի կազմում չկա ապագա կամ էլ կա մեկը՝ ժողովրդի հայաթափում։ Մի՞թե մենք պատկերացնում ենք, որ Հադրութը հետ պիտի տան, ինչի՞ համար, ինչի՞ դիմաց»,- ասում է Բաբայանը։ Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակում Արցախի ապագայի հետեւյալ տարբերակները կան․ «Եթե մենք ճանաչում ենք մեզ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, «հայ ժողովուրդ» հասկացությունը վերաֆորմատավորվելու է, չի լինելու «հայ ժողովուրդ» հասկացությունը, սփյուռքը մի կողմից է օտարվելու հայրենիքից եւ ճիշտ է անելու, արցախցիները` ով ողջ մնա, չգիտեմ ինչ է լինելու։ Մենք չպետք է այս տարբերակն ընդունենք, որովհետեւ սա կնշանակի հանձնվել, որ բռնաբարեն, հետո սպանեն, կա՛մ պետք է պայքարենք, զոհվենք, կա՛մ էլ դուրս գանք։ Ով մեղավոր է մեր այս ճակատագրում, Աստված թող պատժի մինչեւ յոթը պորտը»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: