Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու են դողում ձեռքերը

Հուլիս 13,2023 09:35

Ձեռքերի դողի պատճառները շատ տարբեր կարող են լինել՝ սթրեսից ու թերսնուցումից մինչև նյարդաբանական լուրջ հիվանդություններ։ Ահա դրանցից մի քանիսը։

Էսենցիալ տրեմոր (դող)

Էսենցիալ տրեմորը նյարդային համակարգի խանգարում է, որը ձեռքերի դողի առավել տարածված պատճառներից մեկն է։ Էսենցիալ տրեմորի առաջացման հստակ պատճառները հայտնի չեն, սակայն երբեմն այն կապվում է ժառանգականության հետ։ Թեթև ախտանշանների դեպքում այս խանգարումը բուժման կարիք չի էլ զգում, սակայն ավելի բարդ դեպքերում, երբ խաթարվում է մարդու առօրյա նորմալ կենսագործունեությունը, կարող է նշանակվել դեղորայքային բուժում կամ վիրահատական միջամտություն։

Պարկինսոնի հիվանդություն

Այս հիվանդությանը բնորոշ ախտանշաններից մեկն էլ ձեռքերի դողն է, որն առաջանում է գլխուղեղի՝ շարժունակության համար պատասխանատու բջիջների մահացության կամ վնասվածքների արդյունքում։ Դողը սովորաբար մի ձեռքից է սկսվում՝ ժամանակի ընթացքում տարածվելով նաև մյուս ձեռքի վրա։ Հիվանդությունն առաջացնում է նաև դանդաղկոտություն, մարմնի հավասարակշռության հետ կապված խնդիրներ, մկանների պրկվածություն։ Պարկինսոնի հիվանդության դեպքում դողի հիմնական բուժումը դեղորայքային է, երբեմն էլ՝ վիրահատական՝ մկանային վերահսկողությունը բարելավելու համար։

Ցրված սկլերոզ

Այս հիվանդությունը վնասում է նյարդերի սպիտակ նյութը՝ միելինը, և երբ դա տեղի է ունենում, դրսևորվում են բնորոշ ախտանշանները, այդ թվում ձեռքերի և մարմնի այլ հատվածների դողը։ Այս հիվանդությունը կարելի է վերահսկել դեղորայքային բուժման, ֆիզիոթերապիայի միջոցով։

Թիրեոտոքսիկոզի համախտանիշ (հիպերթիրեոզ)

Ձեռքերի դողը կարող է հիպերթիրեոզի ախտանշաններից մեկը լինել։ Դա տեղի է ունենում, երբ վահանաձև գեղձը չափից ավելի լարված է աշխատում՝ առաջացնելով վահանագեղձի հորմոնների գերքանակ արյան մեջ։ Ձեռքերի դողից զատ հիպերթիրեոզը կարող է արտահայտվել սրտի ռիթմի խանգարմամբ, ավելի հաճախ՝ հաճախասրտությամբ, սիստոլիկ զարկերակային հիպերտենզիայով, քաշի նվազմամբ, ջերմության բարձրացմամբ, գերքրտնարտադրությամբ, դյուրագրգիռ վիճակով՝ ընդհուպ մինչև փսիխոզով, լացկանությամբ, աշխատունակության անկմամբ, փորլուծությամբ, ախորժակի բարձրացմամբ, կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարումներով։

Արյան պարզ անալիզի միջոցով է ախտորոշվում այս հիվանդությունը, որից հետո նշանակվում է համապատասխան բուժում։

Կոֆեինի չարաշահում

Կոֆեինը բնական խթանիչ նյութ է, որն օգնում է արթնանալ առավոտյան, բայց և կարող է ձեռքերի դողի առաջացման պատճառ դառնալ, եթե օգտագործվի չափից ավելի։ Ընդ որում, կոֆեինի չարաշահումը միայն սուրճի չարաշահումով պայմանավորված չէ, կոֆեինն առկա է նաև գլխացավի դեմ պայքարող դեղամիջոցների, շոկոլադի, գազավորված որոշ ըմպելիքների կազմում։

Ալկոհոլից հրաժարում

Եթե մարդն ալկոհոլային կախվածություն ունի, ապա դրանից հրաժարվելու ճանապարհին կարող է ձեռքերի դող ունենալ, որը սովորաբար սկսվում է ալկոհոլի վերջին չափաբաժնի ընդունումից 10 ժամ հետո և կարող է տևել մի քանի շաբաթ։ Դետոքսիկացիոն որոշ ծրագրեր կօգնեն ազատվել ալկոհոլից հրաժարվելու ընթացքին բնորոշ ախտանշաններից։

Քնի անբավարարություն

Քնի անբավարարությունը նույնպես կարող է ձեռքերի դող առաջացնել, սակայն, բարեբախտաբար, խնդիրը հարթելուն պես այդ տհաճ վիճակն անհետանում է։

Արյան մեջ շաքարի ցածր մակարդակ

Մարդու մկաններն ու նյարդերը սնուցվում են արյան մեջ պարունակվող շաքարով և երբ բավականաչափ չեն ստանում, ազդանշաններ են հղում, որոնք արտահայտվում են նաև ձեռքերի դողով։ Արյան մեջ շաքարի ցածր մակարդակի պատճառը կարող է լինել դիաբետը, որոշ դեղամիջոցների օգտագործումը, ալկոհոլի չարաշահումն ու թերսնուցումը։

Սթրես

Հուզական ապրումները, անհանգստությունը, նյարդերի լարումը ձեռքերի դողի պատճառ կարող են դառնալ, և այս դեպքում օգնում են սթրեսից ազատվելու, ռելաքսացիայի մեթոդները։

Որոշ դեղամիջոցներ

Ձեռքերի դողը դեղատոմսով վաճառվող շատ դեղամիջոցների կողմնակի ազդեցություններից է։ Այդպիսի ազդեցություն կարող են առաջացնել հատկապես տրամադրության, ջղակծկումների, միգրենի, ասթմայի հետ կապված դեղամիջոցները, որոշ հակահիստամինային դեղամիջոցներ ևս առաջացնում են այդ խնդիրը։

Ծխելը

Շատերը նշում են, որ ծխելն օգնում է ազատվել սթրեսից, սակայն այն հենց անհանգստության պատճառ էլ կարող է դառնալ։ Ծխախոտի մեջ պարունակվող նիկոտինը, որն էլ կախվածություն է առաջացնում, հայտնվելով արյան մեջ՝ ստիպում է սիրտն արագ բաբախել։ Դա կարող է ձեռքերի դողի առաջացման պատճառ դառնալ։

Վիտամին B12-ի անբավարարություն

B12 վիտամինը կարևոր դեր ունի նյարդային համակարգի առողջության պահպանման գործում։ Այս վիտամինի անբավարարությունը կարող է առաջացնել ձեռքերի դող, ձեռքերի և ոտքերի թմրածություն, ծակծկոց, սակավարյունություն, այտուցված, բորբոքված լեզու, ճանաչողական դժվարություններ, հիշողության կորուստ, թուլություն, հոգնածություն և այլն։

Վիտամին B12-ի անբավարարությունն ախտորոշվում է բժշկի հետազոտության և արյան անալիզի միջոցով։ Կարևոր նշանակություն ունի խնդրի վաղ հայտնաբերումն ու բուժումը, քանի որ այս վիտամինի դեֆիցիտը կարող է նյարդաբանական լուրջ խնդիրներ և արյան հիվանդություններ հարուցել։

Ֆեոխրոմոցիտոմա

Ֆեոխրոմոցիտոման ուռուցքի հազվադեպ տեսակ է, որն աճում է մակերիկամներում։ Թեև ուռուցքը, որպես կանոն, բարորակ է, այն զարկերակային ճնշման բարձրացման պատճառ է դառնում։ Այն կարող է դող, ուժեղ քրտնարտադրություն, հևոց և գլխացավ առաջացնել։ Ուռուցքը կարող է հանգեցնել նաև սրտային հիվանդությունների ու կաթվածի, ուստի ավելի նպատակահարմար է այն հեռացնել վիրահատական միջամտությամբ։

Լյարդի հիվանդություններ

Դողը լյարդի որոշ հիվանդությունների, մասնավորապես Վիլսոնի հիվանդության ախտանշաններից է։ Այս գենետիկ հիվանդության դեպքում օրգանիզմում պղնձի կուտակումը ախտահարում է լյարդն ու գլխուղեղը։ Հիվանդության ախտանշաններից են նաև հոգնածությունն ու մաշկի ու աչքերի դեղնությունը։ Վիլսոնի հիվանդությունը բուժվում է դեղորայքով ու սննդակարգի փոփոխություններով։

Ձեռքերի դողի առաջացման պատճառ կարող են լինել նաև կաթվածը, գանգուղեղային վնասվածքները և այլն։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31