Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին

Հուլիս 13,2023 12:30

Սկիզբը՝ այստեղ

8. Գլենդելյան ողբերգություններ

Վահեն պատմեց Գլենդելից մի խումբ հայ գործիչների հետ ամերիկյան քաղաքական գործիչ, Նյու-Ջերսիի նահանգից սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Հայկական գործերով ԱՄՆ կոնգրեսի խմբի անդամ Ռոբերտ Մենենդեսի հետ հանդիպման մասին: Հանդիպումը կազմակերպել է Հայ դատի ներկայացուցիչ Րաֆֆի Համբարյանը, որը սենատորին մեկ-մեկ ծանոթացրեց հանդիպման եկած հայ գործարարների, հասարակական գործիչների հետ: Նա խոսեց հայանպաստ աշխատանքների, Արցախի շրջափակված լինելու, ցեղասպանության ճանաչման, քաղաքական իրավիճակի, հայ-ամերիկյան բարեկամությամ մասին:

Հայկական կողմից ելույթ ունեցավ Գլենդելի նախկին քաղաքապետ Արտաշես Քացախյանը: Ելույթ ունեցողները հիմնականում խուսափում էին սուր հարցերից, ասենք՝ մեկը բողոքում էր, որ իր երեխային չկարողացավ բժշկի տանել: Իսկ ինքը կարողացավ միայն  Հայկական հարցի մասին փաստաթղթերը փոխանցել նամակի հետ:

Ահա մի նոր խոչընդոտ իմ առջեւ: Նոր բջջային հեռախոսը, որը ձեռք էր բերել Սոնան, ասես ոչ մի կերպ չէր հպատակվում ինձ, ավելի շուտ՝ ոչ մի կերպ նրա լեզուն չէի հասկանում: Ըստ երեւույթին, նման խառնաշփոթ դիտավորյալ է ստեղծվում, որպեսզի Ա7-ը թողնեն ու հաջորդ այֆոնը գնեն: Ես հրաժարվեցի  Ա7-ից ու իմ հին չինականին անցա, որի լեզվին ծանոթ եմ: Սակայն հեռախոսային արգելքները ամենեւին չսահմանափակվեցին: Ասես ինչ-որ աներեւույթ մեկը հետեւում էր մեզ ու նոր խոչընդոտներ հորինում: Խանութից դուրս եկանք ու Արցախի փողոցով տուն էինք գնում, երբ հանկարծ Սոնան սկսեց գրպաններում ինչ-որ բան փնտրել:

-Հեռախոսս…

Արագ վերադարձավ խանութ: Ետ եկավ.

-Ողջ գլենդելյան կապերս, բնակվարձի գումարը, քարտեզը, ամենն Այֆոն-13 հեռախոսիս մեջ են… ինձ մնում է Երեւան վերադառնալ, որովհետեւ տնանկ-բոմժի կվերածվեմ այստեղ, ի՞նչ անեմ, Երեւանում օտար մարդը գրավել է բնակարանս…

Փորձեցի զանգել, սակայն այն անհայտ գտնողն արգելք էր դրել: Երեւանում մի քանի անգամ կորցրել էի հեռախոսս ու ամեն անգամ գտնողն անմիջապես պատասխանում էր, ու պայմանավորվում ենք վերադարձնելու մասին:

Ոստիկանությանը դիմեցինք: Եկան, սակայն ոչնչով չկարողացան օգնել:

Ֆիլիպինցի գաղթականի արձանը Գլենդելում

Վահեի հետ գնացինք Գլենդելի մեծահասակ մարդկանց զբաղեցման կենտրոն: Շենքի առաջ ֆիլիպինուհի գաղթականի քանդակ էր՝ բոբիկ ոտքերով:

Տեսարան Ամերիկանայից

Հանգիստ

Ինձ հետաքրքրում է Ամերիկա տեղափոխվող հայ կանանց ճակատագիրը: Լսեցի, որ դստերս ընկերուհու որդուն այսօր դատարանը ցմահ բանտարկության դատավճիռ էր կայացրել: Մայրը պնդում էր, որ նա չի սպանությունը իրականացրել, սակայն դատավորն անդրդվելի էր: Այդ կինը իր գոյությունը կանեփի տերեւների մշակման միջոցով էր պահում: Կանեփի գլուխները կտրտում են մկրատով, փաունդ կազմում: Ամեն փաունդը ստեղծելու համար հարյուր դոլար են ստանում: Հատկապես գյուղից եկած կանայք, որոնք սովոր են գյուղատնտեսական ծանր աշխատանքի, օրական յոթ փաունդ են հավաքում, ստանում իրենց 700 դոլարը: Շատերը լքում են Մայր Հայաստանը, քանի որ պարտքի տոկոսի վճարման տակ են հայտնվել: Նրանց գայթակղել է խաբեբաների գայթակղիչ առաջարկությունը՝ վաճառել սեփական գույքը, ասենք՝ բնակարանը, գումարը հանձնել իրենց, բարձր տոկոսով ամսավճար ստանալ: Մի քանի ամիս հետո դադարեցնում են տոկոսը վճարել, հրաժարվում մայր գումարը վերադարձնել: Այդպես տասնյակ ընտանիքներ սուր կարիքի  եւ հանցագործ խմբի գործունեության հետեւանքով ծանր վիճակում են հայտնվում: Սա նման է գիշատիչ կենդանիների յուրահատուկ ապրելակերպին, որը չի փոփոխվել միլիոնավոր տարիների ընթացքում:

Տեսարան Գլենդելից

Ես Գլենդելում գրի առա առաջին հայացքից զավեշտալի մի քանի իրական դեպքեր, սակայն դրանք համեմված են ողբերգական երանգով:

Հայաստանյան մի ընտանիք՝ տղամարդը կնոջ, հիվանդ մոր եւ երկու երեխաների հետ Մեքսիկա է հասնում, տեղում մեքենա գնում, մտադրվելով որեւէ կերպ անցնել սահմանը եւ հայտնվել Միացյալ Նահանգներում: Ճանապարհին մահանում է մայրը: Քանի որ մահացածին անհնար էր կաբինում պահել, տեղավորում են մեքենայի պահարանում, շարունակում ճանապարհը: Սահմանին մեքենան պահում է ճաշարանի մոտ, մտնում են ճաշելու: Երբ դուրս են գալիս, տեսնում են չկա մեքենան: Մեքսիկացի տղաները գողացել են այն: Ստիպված են լինում հայտնել ոտիկանությանը: Հաջորդ օր մեքենան գտնում են դաշտում՝ այրված: Ոստիկաններն ասում են՝ կարող եք տանել տատի ոսկորները: Ընտանիքը քոռ ու փոշման վերադառնում է Հայաստան:

Գլենդելում ապրող մի երիտասարդ, որը հարսնացու էր փնտրում, ինտերնետով կապվում է երեւանցի աղջկա հետ, մեկ տարվա ընթացքում նրանց կապը սերտանում է, ու որոշում են պսակվել: Տղան պատրաստում է փաստաթղթերը, մեկնում Երեւան, միասին մեկնում են Լոս Անջելես: Օդակայանում նրանց դիմավորում են անծանոթ տղաներ, մեկը փեսացուին հայտնում է, որ աղջիկը իր հարսնացուն է, այս ամենը սարքած էր աղջկան Գլենդել բերելու համար, ինչ որ եղել է, անչափ շնորհակալ են: Գլենդելցի երիտասարդը պատասխանում է, որ հասկանում է նրանց, միայն մի խնդրանք ունի, քանի որ իրենց տանը հարսանիքի են հավաքված, թույլ տան աղջկա հետ մտնեն տուն, ցույց տա հարսնացուին, անմիջապես ետ կբերի եւ կհանձնի իրենց: Տղաները համաձայնում են: Գլենդելցի երիտասարդը իր ավտոմեքենայով սլանում է ուղիղ Մեքսիկա, անցնում սահմանը, մի ամբողջ տարի իրեն օնլայն կապով խաբած աղջկան թողնում Մեքսիկայում ու վերադառնում Գլենդել:

Գլենդելցի ծնողները տեսնում են, որ իրենց տգեղ աղջկան անհնար է պսակել, տեղյակ չլինելով Սունդուկյանի «Խաթաբալայի» Մարքրիտի ճակատագրին, որոշում են Հայաստանից մի հարմար փեսացու գտնել, գայթակղել Ամերիկայով ու լուծել հարցը: Տղան հասնում է Գլենդել, տեսնում է սեղանը լիքը ուտելիքներով, հարսանքավորները ուրախ խնջույքի են նստել, ամեն կողմից գոչում են՝ մեր փեսա՜ն, մեր փեսա՜ն… տեսնում է ամեն ինչով տգեղ հարսնացուին, հարմար պահ որսալով շուռ է գալիս ու փախչում:

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Վահե Մեսրոպյան, Ռոբերտ Մենենդես

«Առավոտ» օրաթերթ
12.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31