Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլին քիչ ժամանակ է մնացել

Հուլիս 13,2023 12:00

Ո՞ր երկրներն իրենց գործողություններով, «բարեկամական» ձեռքսեղմումներով ու գրկախառնություններով նպաստեցին Ռուսաստանի ազդեցության թուլացմանը եւ ինչպես… Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերն այդ գործում իսկապես անուրանալի են, պարզապես այդ մասին ռուսական իշխանական վերնախավում ընդունված չէ խոսել

Անցյալ շաբաթ Ռուսաստանը խիստ մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների եւ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման վերաբերյալ։ Ամենաշաբաթյա ճեպազրույցում ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշեց. «Մենք ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի եւ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման կապակցությամբ: Առկա տեղեկություններով հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վատթարանում է։ Ցավով պետք է արձանագրել, որ դեպի Ղարաբաղ մատակարարումների դադարեցումից հետո բնակչությունը կարող է մնալ առանց մթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների եւ դեղորայքի։ Սա հակասում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը Բաքվին եւ Երեւանին կոչ արեց բոլոր խնդիրները լուծել բացառապես քաղաքական ճանապարհով. «Ադրբեջանին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը եւ ապահովել դրանով քաղաքացիների, տրասնպորտային միջոցների եւ բեռների անխոչընդոտ տեղաշարժը»։

Պաշտոնական Բաքուն վերջին շաբաթներին ակնհայտորեն Արցախում ռազմական գործողություններ` «հատուկ օպերացիա» իրականացնելու նախապատրաստական աշխատանքների պետական քարոզչությամբ է զբաղված։ Հարցին, թե հնարավոր էսկալացիայի դեպքում ռուս խաղաղապահները կպաշտպանե՞ն արցախցիներին, Զախարովան պատասխանել էր. «Ռուս խաղաղապահների գործողությունները կհամապատասխանեն «գետնի վրա» իրավիճակի զարգացմանը»։

Նա նաեւ հայտնեց, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւն առաջիկայում կայցելի տարածաշրջան։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ հանդիպմանը, նա նկատել էր. «Եթե այդպիսի տեղեկություն լինի, մենք կհաղորդենք»։

Զախարովան նաեւ նշել էր, որ Ռուսաստանը կապեր է պահպանում հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի նպատակով։ Այդ շփումները, նրա խոսքով, շարունակվում են թե՛ քաղաքական մակարդակով, թե՛ խաղաղապահ զորախմբի գծով։ «Եվ, իհարկե, շատ բան հենց կողմերից է կախված, նրանց քաղաքական կամքից եւ միմյանց ընդառաջ գնալու պատրաստակամությունից։ Մենք մեր կողմից բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրում ենք»,- ասել էր նա։

Ռուսական խաղաղապահ առաքելության երկարաձգման ժամկետների առումով երկար ժամանակ չի մնացել: Հիշեցնենք, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվեց 2020թ. 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի եւս 5 տարով, եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Հայաստանում, թեեւ կա հաստատուն համոզում, որ եթե ՌԴ խաղաղապահները չլինեին այնտեղ` Արցախում հայ չէր մնա, այնուամենայնիվ, ռուսական խաղաղապահների գործունեության վերաբերյալ, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում որոշակի հարցադրումներ կան: Որ պաշտոնական Բաքվի համար իդեալական տարբերակ կլիներ, եթե այնտեղ ՌԴ խաղաղապահներ չլինեին` դա եւս ակնհայտ է:

Հարցն այն է, թե ո՞րն է պաշտոնական Մոսկվայի նպատակը: Եթե ռուսական խաղաղապահ առաքելությունը կողմերից մեկի առարկության հիմքով ստիպված լինի դուրս գալ Արցախից, պետք է վստահաբար արձանագրել, որ ուրեմն Ռուսաստանը դուրս է գալու մեր տարածաշրջանից:

Սակայն այսօր որեւէ հիմք չկա պնդելու, որ Ռուսաստանը ձգտում է դուրս գալ մեր տարածաշրջանից: Ավելին, Ռուսաստանի գործողությունները, ՌԴ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Մոսկվան ձգտում է ամրապնդվել այս տարածաշրջանում եւ ողջ ուժով ընդդիմանում է Արեւմուտքի ակտիվությանը, նույնիսկ հայ-ադրբեջանական բանակցություններ կազմակերպելու դեպքում:

Կհանդուրժի՞ Մոսկվան, օրինակ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրում` Արեւմուտքի հովանու ներքո: Իհարկե` ոչ: Հետեւաբար, Մոսկվայի ձգտումները, բացահայտ նախազգուշացումներն ուղղված կողմերին` վերադառնալ Մոսկվա-Երեւան-Բաքու ձեւաչափի պայմանավորվածություններին, լրացուցիչ ապացույցն է այն բանի, որ Մոսկվան այս տարածաշրջանում ունի երկարաժամկետ ծրագրեր եւ տարածաշրջանից հեռանալն այդ ծրագրերում չկա:

Պաշտոնական Բաքուն արձագանքեց ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությանը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը բացահայտ հայտարարեց, որ միջազգային կառույցների կոչերն իրենց համար առ ոչնչ են, փաստացի անում են այն, ինչ հարմար են գտնում: Բայրամովն անդրադառնալով Զախարովայի կոչին ուղղված Ադրբեջանին` ապաշրջափակել Լաչինի միջանցքը, եւ հայտարարությանը, որ Մոսկվան ծայրահեղ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիացած դեպքերով եւ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, նկատել էր, թե` անցած 2,5 եւ դրան նախորդող 30 տարիների ընթացքում լսել են հարյուրավոր, հազարավոր տարբեր կոչեր: Բայրամովը նշել էր, թե, իհարկե, պետք է լսել այդ կոչերը, վերլուծել պետք է, բայց Ադրբեջանն իր քաղաքականությունը վարում է ոչ թե առաջնորդվելով ինչ-որ մեկի կոչերով, այլ ազգային շահերից ելնելով: «Իհարկե, կոչերը պետք է լսել։ Կարեւոր է դրանք վերլուծել, եւ մենք դա անում ենք, տալիս ենք համարժեք պատասխաններ… Ադրբեջանն իր տեսակետն ունի՝ հարցեր միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու վերաբերյալ։ Մենք մեր քաղաքականությունը վարում ենք ոչ թե ինչ-որ մեկի կոչերով, այլ մեր ազգային շահերից ելնելով։ Վստահ ենք, որ այս քաղաքականությունը դրական արդյունքների կբերի»,- ասել էր Բայրամովը:

Պաշտոնական Բաքուն, այնուհետեւ, հիշեցրել էր, թե վերջին ամիսներին «ինտենսիվ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»: Բայրամովը հիշեցրել էր, որ այս ընթացքում մի քանի հանդիպումներ են եղել երկու երկրների ղեկավարների, ինչպես նաեւ ինտենսիվ շփումներ արտգործնախարարների մակարդակով, ապա հավելել էր, որ կողմերը բանակցություններ են վարում հաղորդակցությունների բացման շուրջ։

Արդյոք Բայրամովի ակնարկը Մոսկվային նշանակում էր` եթե խանգարեք մեզ, հիշեք, որ Երեւանն ու Բաքուն համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի ամերիկյան նախագծի շուրջ, նկատի առնելով այն տեղեկությունը, որը ստացվեց երեք օր տեւած վաշինգտոնյան բանակցությունների ավարտին, երբ հայտարարվեց, որ խաղաղության համաձայնագրի եւս մի քանի հոդվածների շուրջ կողմերը համաձայնության են եկել։

Որքան էլ Մոսկվան չխոստովանի` Ադրբեջանին հաջողվել է 44-օրյա պատերազմից հետո Արցախում ռուս խաղաղապահների նշանակությունն ու ազդեցությունը նվազեցնել: Մոսկվան գիտակցվա՞ծ է Բաքվի գործողությունները «կուլ տալիս», արդեն էական էլ չի: Այս օրերին Ռուսաստանում փորձագետների, անգամ իշխանական պետական քարոզչամեքենայի ներկայացուցիչները հարց են հնչեցնում, թե հիմա՞ էլ Ռուսաստանը կհանդուրժի Թուրքիայի նախագահի հասցրած հերթական ապտակն իրենց երկրին` այլ հարցերով:

Ինչ-որ պահից, թերեւս, ռուսական իշխանական վերնախավում պետք է փորձեն պատասխանել հարցին` ո՞ր երկրներն իրենց գործողություններով, «բարեկամական» ձեռքսեղմումներով ու գրկախառնություններով նպաստեցին Ռուսաստանի ազդեցության թուլացմանը եւ ինչպես…

Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերն այդ գործում իսկապես անուրանալի են, պարզապես այդ մասին ռուսական իշխանական վերնախավում ընդունված չէ խոսել: Ընդհակառակը, առայժմ թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկացած քայլ ընդդեմ Ռուսաստանի` պաշտոնական Մոսկվան առայժմ հակված է մեկնաբանել այսպես` «դա այդ երկրի ինքնիշխան գործն է»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31