Լրահոս
Օրվա լրահոսը

Բարության անթարգման լեզուն

Հուլիս 13,2023 13:00

Կան կյանքում յուրահատուկ, բացառիկ հոգու տեր մարդիկ, որոնք իրենց առաքելությամբ նման են միսիոներների: Նրանք այնտեղ են, երբ կա օգնության կարիք, իրենց կարողությունների ուժով եւ ավելին տալով, ներդնելով բարու հաղթանակի գործում: Արփինե Սարգսյան. անգլերենի հրաշալի մասնագետ լինելը նրա մենաշնորհներից մեկն է, որը երկու հրաշալի զավակների մայրը, հայեցի արժեքներով ապրող ու արարող ընտանիքի կինն ու հայուհին վաղուց է վաստակել իր կրթած սերունդների բարձր որակավորման շնորհիվ նաեւ: Մեր կողքին ապրող, չբացահայտված գանձի նման են այն անհատները, ովքեր իրենց գործն անում են լուռ, աննկատ:

Հարուստ է Արփինեի աշխարհը, որտեղ իր տեղն ունի գեղանկարչությունը, սկզբում, որպես հոբի, հիմա արդեն լուրջ ստեղծագործական աշխատանք, որի արդյունքը մի քանի տասնյակ գեղանկարչական ստեղծագործություններն են: Բնության պոեզիան է պատկերում Արփինե Սարգսյանն իր կտավներում, ուր բնանկարի ռեալական գծապատկերին միախառնվում է նրա վերաբերմունքն ու սերը, դարձնելով ստեղծագործությունները բանաստեղծական ոճավորում ունեցող աշխատանքներ, ուր ինքնուս, բայց գեղանկարի հիմքերն ուսումնասիրած ու վարպետացած նկարչուհու վրձինը վարժ ու համարձակ պատկերում է իր վերաբերմունքն ու սերը հանդեպ բնությունն ու նրա ստեղծագործությունը: Բնության կատարելության հաստատումն են Արփինեի կտավները, ծավալուն շարքեր, որոնք եւ ինքնուրույն են, եւ կարծես շարունակում են մեկը մյուսին, ստեղծելով գեղարվեստական պատումի մի անվերջանալի շրջապտույտ…

– Լեզուների իմացության մասին խոսելը դարերի ժամանակավրեպություն կլինի: Նորացվող, գլոբալացվող, տարածություններ կրճատող աշխարհի պարագայում օտար լեզվի իմացությունը դառնում է անխուսափելի անհրաժեշտություն, այսօր դուք անգլերենի դասեր եք տալիս նաեւ զինհաշմանդամ զինվորներին, դո՞ւք էիք նախաձեռնության հեղինակը, ինչպե՞ս ստացվեց նման համագործակցությունը:

– Հայտարարությունն այն մասին, որ «Զինվորի տանն» անհրաժեշտ է անգլերենի մասնագետ երկու զինհաշմանդամ զինվորների՝ Անդրանիկի եւ Հենրիկի հետ աշխատելու համար, կարդացի պատահաբար «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում եւ կապվեցի իրենց հետ։ Տղաներին անհրաժեշտ էր օտար լեզվի իմացություն օդանավակայանում աշխատանքի անցնելու համար։ Համագործակցությունը հրաշալի էր։ Տղաների քաջությունն ու կամքը ուղղակի աննկարագրելի են։ Ես սկսեցի աշխատել այն միտումով, որ կարողանամ օգտակար լինել նրանց, սակայն իրականում ես իրենցից ավելին էի ստանում՝ վարակվելով կյանքի ու դժվարությունների հանդեպ նրանց ունեցած անվախ ու հաստատուն վերաբերմունքից։

– Տղաների հաջողությունների մասին ի՞նչ կասեք, հե՞շտ էր իրենց հետ, անհրաժեշտությունից ելնելո՞վ, թե՞ լեզուն սիրելով սովորեցին:

– Տղաների մոտ ֆիզիկական բացը լրացվում էր խելքի, պատկերացման ու հրաշալի հիշողության միջոցով։ Իրենց հետ շատ հեշտ էր աշխատել, եւ շատ հաճելի։ Ակամայից ուզում էիր կյանքում հաջողության հասնելու նրանց ձգտման ու պայքարի մեջ մի չնչին ներդրում ունենալ։ Երկուսն էլ իրականացրին իրենց նպատակները։ Լեզուն սովորեցին եւ սիրով, եւ տվյալ պահին իրենց համար դրա կարեւորությունը գիտակցելով։

– Թարգմանական գործունեությամբ զբաղվելու մտադրություն կա՞, եղե՞լ է, որ զբաղվեք գրքերի թարգմանությամբ, ի՞նչ է պահանջում այն մասնագետից:

– Թարգմանական գործունեությամբ զբաղվել եմ մի քանի տարի շարունակ աշխատելով ՄԱԿ-ի գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի մի ծրագրում։ Ներկայումս նման մտադրություն չկա, քանի որ եւ դասավանդում եմ Հայաստանի Ամերիկյան համալսարանում, եւ աշխատում եմ շատ հետաքրքիր մի ծրագրի վրա, որը միաձուլում է գեղարվեստն ու օտար լեզվի ուսուցումը։ Հուսամ, որոշ ժամանակ հետո կկարողանամ այս նախաձեռնությունը հիմնավորել շատ հետաքրքիր մեթոդական լուծումներով։ Գաղափարի հիմքում այն միտքն է, որ թե լեզուն եւ թե վրձինը հանդիսանում են գեղարվեստական արտահայտչականության հզոր գործիքներ։ Ուրեմն հարկ է զուգահեռներ անցկացնել դրանց մեջ։ Չնայած հայտնի ճշմարտությանը, որ զուգահեռ ուղիղները չեն հատվում, հնարավոր է գտնել հատման կետեր, երբ կա երեւակայություն, թե ինչպես դրանք ինտեգրել ուսուցման գործընթացում։ Առհասարակ, ես կարծում եմ, որ թե արվեստում, եւ թե գիտության մեջ, չէին լինի գլուխգործոցներ կամ գյուտեր, եթե մարդիկ իրենց մտածողությունը կաղապարեին արդեն ընդունված կարծրատիպերի մեջ։

Ինչ վերաբերում է գեղարվեստական թարգմանությանը, գրքերի թարգմանությամբ չեմ զբաղվել, սակայն առանձին գեղարվեստական գործերի հատվածային թարգմանություններ արել եմ Համաստեղից, Թումանյանից։ Մեծ լոռեցու քառյակներից մի քանիսի թարգմանությունները տպագրվել են թումանյանագիտական գիտաժողովներից մեկի հոդվածաշարում։ Ինչ վերաբերում է հմտություններին, որ պիտի ունենա թարգմանիչը, դրանք, իհարկե, շատ են, սակայն կարեւորը թարգմանվող նյութի ասելիքը զգալն ու ճիշտ փոխանցելն է, հատկապես գեղարվեստական գրականության պարագայում, երբ ավելի շատ են արտահայտչականության միջոցներն ու հուզականությունը եւ սա սոսկ բառերի փոխանցում չէ, այլ՝ անցում մի մշակույթից մյուսը։

– Բացի լեզուների մասնագետ լինելը, նաեւ նկարում եք: Ինչպե՞ս սկսեցիք ստեղծագործել, այն վաղուց արդեն հոբի չէ ձեզ համար:

– 2018 թվականի ամռանը ԱՄՆ-ում էի։ Մի օր եղբորս կինը՝ մեր սիրելի Աննան, առաջարկեց մասնակցել մի հետաքրքիր միջոցառման, ինքն էլ չիմանալով, թե ինչ մի աննման աշխարհ է բացահայտելու ինձ համար։ Միջոցառումը անց էր կացվում Սան Ֆրանցիսկո քաղաքին մոտ մի բնակավայրում եւ կոչվում էր «Նկարչական գիշեր»։ Իրականում դա գունաթերապիայի նման մի բան էր. յուրաքանչյուր մասնակցին տրվում էր մի մաքուր կտավ, ներկեր, վրձիններ եւ հրաշալի երաժշտության ներքո հանձնարարվում էր նկարել սենյակի մեջտեղում դրված նկարը, ով ինչքան կարողանում էր։ Երբ միջոցառում անցկացնող նկարչուհին մոտեցավ ինձ, նայելով իմ աշխատանքը, հարցրեց, թե արդյոք ունե՞մ նկարչական կրթություն կամ իր միջոցառումներին հաճախ եմ այցելում։ Երբ ժխտեցի երկու տարբերակն էլ, ասաց, որ տաղանդ ունեմ, եւ չպիտի թույլ տամ, որ դա կորչի։ Իսկ ես այդ օրը հասկացա, որ նկարելը իմ երբեւէ ճանաչած մեծագույն վայելքներից մեկն էր՝ գործընթաց, որն ինձ ուղղակի կտրում է իրականությունից։ Երբ վերադարձա Հայաստան, զգացի, որ մատներս քոր են գալիս, կարոտում եմ կտավն ու գույները։ Սկսեցի նկարել ու այլեւս չկարողացա կտրվել։

Ընտանիքս ինձ շատ էր քաջալերում, հատկապես ամուսինս եւ իմ շատ սիրելի սկեսրայրը՝ Մնացականյան Ժորան, ով չափազանց արվեստասեր էր, ինքն էլ ուներ աշտարակյան նկարիչների նկարների հրաշալի հավաքածու, ամեն ինչ անում էր, որ ես կտավի ու շրջանակի պակաս չունենամ։ Մի ծովանկար ունեի, որ շատ էր սիրում։ Մի օր նույնիսկ ասաց, որ դա իր հավաքածուի մեջ է ներառելու, աշտարակյան մյուս նկարիչների գործերի հետ միասին, չիմանալով անգամ, թե դա ինձ մոտ ինչ մեծ ոգեւորություն առաջացրեց։ Ամենօրյա նկարչությունն ինձ օգնեց հասկանալ, որ գույները տեքստ են ու տառեր, եւ հանգիստ կարող ես կյանքն ու ապրումներդ նկարագրել՝ բառերի փոխարեն գույն ու վրձին օգտագործելով։ Ինձ համար ավելի կարեւոր է նկարելու պրոցեսը, քան վերջնարդյունքը, որը ստանում եմ, քանի որ, եթե չեմ վայելում կտավի վրա աշխատելու ընթացքը, ստացված նկարն ինձ չի գոհացնում։ Չլինելով պրոֆեսիոնալ, ինձ համար ամեն կտավի վրա աշխատանքը լի է բացահայտումներով։ Այնինչ կարող էի մի անգամից սովորել պրոֆեսիոնալ նկարչության դասերի ժամանակ, հիմնականում բացահայտում եմ ինքս՝ տքնաջան աշխատանքի ու բազմաթիվ փորձերի շնորհիվ։ Ինձ համար ցանկացած միտք ունի գույն, գիծ, տեքստ, ուր եւ ամենակարեւորը՝ եթե նրանից էներգիա է հոսում: Շատ կուզենայի հասկանալ մեզ շրջապատող բոլոր էներգիաները, գիտակցել եւ պատկերացնել դրանց փոխակերպումները։ Գիտությունների գիտությունն ինձ համար ֆիզիկան է, եւ եթե նորից մասնագիտություն սովորելու հնարավորություն ունենայի, անպայման կընտրեի ֆիզիկան։ Ինչեւէ, անսահման շնորհակալ եմ Աստծուն այս շնորհի համար։

– Պատերազմի օրերին ձեր նկարներից վաճառվեցին եւ նվիրվեցին զինվորի ֆոնդին, ի՞նչ էիք զգում նման քայլով, երբ ստեղծագործությունը ծառայում էր վեհ նպատակին:

– 2020 թվականի պատերազմի ժամանակ մի ծրագիր կար, որ կոչվում էր «Նկարիչները հանուն Արցախի»: Գաղափարն այն էր, որ Ֆեյսբուք սոցիալական հարթակում ներկայացվում էին տարբեր նկարիչների աշխատանքներ, եւ եթե վաճառվում էին, ապա գումարը միանգամից փոխանցվում էր «Զինծառայողների ապահովության հիմնադրամին», որից հատկացումներ էին արվում զոհված զինվորների ընտանիքներին, կամ վիրավոր զինվորներին։ Չլինելով պրոֆեսիոնալ նկարիչ, երկար մտածեցի, արդյոք արժե՞ մասնակցել նվիրատվությամբ, եւ արդյոք իմ նկարները կվաճառվե՞ն։ Վերջապես որոշեցի եւ նրանց ուղարկեցի իմ առաջին կտավը՝ յասամանների մի փունջ։ Նկարը Ֆեյսբուք սոցիալական կայքում տեղադրվելուց հետո ընդամենը 20 րոպեում վաճառվեց։ Ոգեւորությամբ ուղարկեցի երկրորդը, երրորդը, չորրորդը եւ այսպես շարունակ։ Պատերազմի օրերին, երբ սիրտդ պայթում էր, թե ինչ անես հայ զինվորին օգնելու համար, դա կարծես սպեղանի լիներ, եւ ինձ ու ընտանիքիս շատ էր ուրախացնում։ Ես ոգեւորված նկարում էի, մինչեւ այն պահը, երբ Կարմիր Շուկայի մարտերի ժամանակ հերոսաբար զոհվեց հորեղբորս 19-ամյա որդին՝ Արտակ Սարգսյանը, ով մի յուրահատուկ երիտասարդ էր, բյուրեղյա մաքուր բնավորությամբ, եւ բացառիկ խելքով։ Արտակի մահը խորապես ցնցեց ինձ եւ մոտ 5-6 ամիս չկարողացա նկարել։

– Ձեր տղան էլ ծառայում է հիմա հայոց բանակում, ի՞նչ կուզենայիք ասել մեր զինվորներին, մեր պետությանն ու հասարակությանը, որպես հայ մայր, կին, քաղաքացի: Ո՞ր հարցերն են ըստ ձեզ, որ առաջնային լուծում են պահանջում:

– Մի քանի օրից, Աստծո կամոք, տղաս կավարտի ծառայությունն ու տուն կվերադառնա։ Այս երկու տարիները զինվոր ունեցող ծնողի համար շատ դժվար փորձություն են։ Բայց առավել դժվար են զինվորի համար, հատկապես 2020 թ. պատերազմից հետո։ Աչքիս առաջ են տղայիս զինվորական երդման ժամանակ շարքով քայլող իր եւ իր ընկերների դեմքերը՝ արեւից այրված, մգացած մաշկով, փոշու ու քրտինքի մեջ կորած, բայց լայն ժպիտով, մի այլ տեսակի ժպիտով, որից ավելի սիրունը ես չեմ տեսել։ Կուզենայի մեր զինվորներին ասել, որ նրանք մեր մեծագույն հպարտությունն ու ապավենն են, նրանց շնորհիվ մեր երկրում կյանքի մնացած ամեն ինչը իրենց տեղում է։ Խորին խոնարհումս բոլոր այն զինվորներին, որ ետ չեկան, նաեւ նրանց ծնողներին ու ընտանիքներին։ Նրանց հերոսությունը ոչ մի բառերով նկարագրել հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է առաջնային լուծում պահանջող հարցերին, կդժվարանամ դրանք թվարկել, քանի որ տղաս բնույթով շատ գաղտնապահ է, եւ այս երկու տարվա ընթացքում որեւէ բանից չի բողոքել, որեւէ խնդրից չի խոսել, թեեւ դրանք հաստատ շատ են։ Սակայն համոզված եմ, որ դրանց մեջ մեր զինվորի կյանքի ու առողջության ապահովումն ամենակարեւորներն են։

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն իրականությանը, երբ անհատն է պետության համար օրինակ դառնում իր քայլերով: Դա կարո՞ղ է վերաբերմունք փոխել, պատասխանատվության զգացում ավելացնել, թե՞ մի տեսակ «այդպես էլ պիտի լինիների» շարքից է ընկալվում պետության կողմից…

– Պատմության մեջ մենք շատ անհատներ ենք ունեցել, որոնց կյանքն ու գործունեությունը օրինակ են բոլորիս համար, իսկ գաղափարները՝ կարգախոս նաեւ պետության համար։ Պետությունն ընդամենը քաղաքականապես կազմակերպված համայնք է՝ կառավարման ընդհանուր համակարգի ներքո։ Եվ այդ համայնքում ոչ բոլոր անհատներն են, ում գործունեությունը կարող է վարքագիծ փոխել։ Սակայն ես կարծում եմ՝ անհատն իր տեսակով եւ գործունեությամբ նախ ինքն իր առաջ պիտի հաշվետու լինի, անի այն, ինչ ինքը որպես մարդ գտնում է, որ պիտի անի։ Պարտադիր չէ, որ բոլորը Տիգրան Մեծ կամ Նժդեհ լինեն։ Մայր Թերեզան ասում է, որ պետք չի, որ բոլորը մեծ գործեր անեն, բավական է, որ ամեն մարդ իր փոքր գործն անի մեծ նվիրումով, եւ պետությունը կծաղկի։

– Կա՞ մի բան, որը թարգմանել անհնար է կամ չի կարելի…

– Կարծում եմ՝ տեսականորեն ամեն ինչն էլ կարելի է թարգմանել։ Այլ հարց է՝ արժի՞ արդյոք։ Ինչպես ասացի, ինձ համար կյանքում ամեն ինչն էներգիա է, իսկ դրանցից մեծագույնը սերն է։ Համոզված եմ, որ սիրո մասին երգ կամ բանաստեղծություն լսելիս անգամ առանց թարգմանության էներգիան զգում եւ ընկալում ենք բոլորս։

Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31