Aravot.am-ի տեղեկություններով, զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի պետ Գուրգեն Գրիգորյանն այսուհետ իր գործառույթները իրականացնելու է որպես քննչական կոմիտեի Սյունիքի քննչական մարզային վարչության պետի տեղակալ։ Ըստ մեր աղբյուրների՝ Գրիգորյանը հանդիպել է Սյունիքի քննչական վարչության աշխատակիցներին, ներկայացրել իր աշխատանքի տեսլականը։
Սակայն ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ Սյունիքի քննչական վարչությունում կադրային որեւէ փոփոխություն չկա։
Նշենք, որ Գուրգեն Գրիգորյանը 10-րդ կայազորային քննչական բաժնի պետ էր նշանակվել այս տարվա մայիսին։ Ի դեպ՝ ՀՀ քննչական կոմիտեի կայքում նշված է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի պետի պարտականությունները այս պահին կատարում է Ավետիք Մանուկյանը։
Ըստ մեր տեղեկությունների՝ Սյունիքի քննչական մարզային վարչության պետ Սարգիս Մարգարյանն առաջիկայում նշանակվելու է Գեղարքունիքի քննչական մարզային վարչության պետ, իսկ նրա փոխարեն պաշտոնակատար է նշանակվելու Գուրգեն Գրիգորյանը։
Կարդացեք նաև
«Սյունիքի քննչական մարզային վարչությունում որեւէ կադրային փոփոխություն չի եղել ու Սարգիս Մարգարյանը շարունակում է աշխատել»,-մեզ հետ ունեցած զրույցում նշել է Գոռ Աբրահամյանը։
Գոռ Աբրահամյանն ավելի ուշ հաստատեց, որ Գուրգեն Գրիգորյանը նշանակվել է տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից՝ նշելով, որ նախնական հերքումը թյուրընկալման արդյունք է եղել։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ