ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում ոսկե մեդալ նվաճած Արմավիրի թիվ 1 դպրոցի XI դասարանի աշակերտուհի Անի Իսրաելյանին, կենսաբանության ուսուցչուհի Գայանե Մհերյանին և դպրոցի տնօրեն Նունե Դոլինյանին:
Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան կայացել է հունիսի 25-28-ը Ինդոնեզիայում։ Հայաստանը ներկայացնող յոթ դպրոցականներն էլ հաղթահարել են կիսաեզրափակիչ փուլը և եզրափակիչ փուլում գրանցել են աննախադեպ արդյունքներ՝ նվաճելով 4 ոսկի, մեկ արծաթ և երկու բրոնզ։
Մարզպետը, շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Անիին և ուսուցչուհի Գայանե Մհերյանին՝ սրտացավ և նվիրված աշխատանքի համար
«Ուրախ եմ հանդիպելու մեր մարզի ջանասեր աշակերտուհուն, ով մեր պետության և մարզի պատիվը բարձր է պահել միջազգային օլիմպիադայում: Սա նաև դպրոցի տնօրենության հետևողական և այդ դպրոցում ձևավորված միասնական թիմի աշխատանքի արդյունքն է:
Կարդացեք նաև
Սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ մարզերում կրթության նկատմամբ կա առանձնահատուկ հոգածություն։ Այս հաղթանակը ձեր, ձեր ուսուցիչների, ոլորտի պատասխանատուների տքնաջան աշխատանքի արդյունքն է։ Վստահաբար ասում եմ, որ մենք էլ մեր հերթին պատրաստ ենք աջակցել և կշարունակենք լինել մարզի խելացի աշակերտների կողքին, որ կարողանաք հասնել ձեր երազած բարձունքներին, և ես վստահ եմ` կհասնեն»,- նշել է մարզպետը։
Կենսաբանության ուսուցչուհի Գայանե Մհերյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Անիի ծնողներին՝ նշելով, որ ծնողների ներդրումն այս հաղթանակում շատ մեծ է եղել:
Անին հանդիպման ընթացքում պատմեց իր և օլիմպիադայի մասնակից մյուս ընկերների մասին, ներկայացրեց ձեռքբերումները, ապա շնորհակալություն հայտնեց մարզպետին ընդունելության համար:
Հանդիպման ավարտին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պատվոգրով և շնորհակալագրով պարգևատրեց Անի Իսրաելյանին և կենսաբանության ուսուցչուհի Գայանե Մհերյանին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և էլ ավելի բարձր նվաճումներ:
Արմավիրի մարզպետի աշխատակազմ