Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիին:
Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և պետքարտուղարի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:
Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ձերդ Վսեմություն, ուրախ եմ Ձեզ ողջունելու Հայաստանի Հանրապետությունում: Բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների զարգացման գործում: Բարձր ենք գնահատում նաև այսօրվա այցը և պատրաստակամությունը՝ նոր լիցք հաղորդել Հայաստանի Հանրապետության և Վատիկանի հարաբերություններին: Հայաստանում շատ ջերմ են հիշում Հռոմի Ֆրանցիսկոս և Հովհաննես Պողոս պապերի այցերը 2001 և 2016 թվականներին, բայց նաև պիտի ընդգծեմ, որ սա Վատիկանի պետքարտուղարի առաջին այցն է Հայաստան: Եվ ինձ համար մեծ պատիվ է Ձեզ ընդունել: Սա վկայում է մեր հարաբերությունների նոր լիցքի մասին: Բարով եք եկել»:
Իր հերթին, Պիետրո Պարոլինին նշել է. «Շնորհակալություն պարոն վարչապետ, շնորհակալություն, որ տվեցիք այս հնարավորությունը՝ հանդիպելու, երկխոսություն ունենալու ու մտքեր փոխանակելու Ձեզ հետ: Շատ ուրախ եմ գտնվել Հայաստանում՝ ճիշտ այն բարյացակամ հարաբերությունների կոնտեքստում, որ արդեն գոյություն ունեն: Վստահաբար այս այցելությունը կնպաստի դրանք ավելի զարգացնելու: Վերջերս նաև շատ դրական փոփոխություն տեղի ունեցով, որ Առաքելական նվիրակի՝ Վատիկանի դեսպանի ներկայությունը կա Հայաստանում, շնորհակալություն ենք հայտնում Ձեր այս տրամադրվածության համար»:
Կարդացեք նաև
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող ճգնաժամին, 44-օրյա պատերազմից հետո առկա հումանիտար հարցերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին:
Պիետրո Պարոլինին Սուրբ Աթոռի պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման, ինչպես նաև հումանիտար խնդիրների լուծման գործընթացին:
ՀՀ կառավարություն