Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը՝ Արցախի շրջափակման մասին․ «Գերմանական կոնցլագերներում էին փորձարկումներ դնում մարդու վրա, թե փսիխիկան ինչքան կարող է կտտանքներին դիմանալ»

Հուլիս 12,2023 21:21

Հասարակական գործիչ, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսեց արդեն 213 օր գերության մեջ գտնվող Արցախի ու արցախցիների նկատմամբ ցեղասպանական գործողություն իրականացնող Ադրբեջանի վարած քաղաքականության մասին։

«Այլեւս մի քանի օր է արգելվել է անգամ «Կարմիր խաչի» մեքենաների մուտքը Արցախ, որտեղից նրանք կարողանում էին տեղափոխել ծայրահեղ ծանր հիվանդներին, որոնք իրենց բուժումը կարող են ստանալ միայն ու բացառապես Երեւանում։ Աշխարհում չկա մի նախադեպ, որ «Կարմիր խաչի» մեքենաների երթեւեկը արգելեն։ Արցախում այլեւս հումանիտար ճգնաժամ է։ Իսկ միջազգային հանրությունը լուռ է։ Ավելին, ես տեսա, որ մի քանի օր առաջ քրիստոնեական թիվ մեկ հանգրվանի՝ Վատիկանի, ներկայացուցիչ Պիեդրո Պարոլինը հանդիպելով Բաքվի ներկայացուցիչների հետ, ասել է, որ իրենք բարձր են գնահատում Ադրբեջանի, իբր, հումանիտար մոտեցումները։

Երեւի Մեհրիբանը Վատիկանի գանձարանին հսկայական գումարներ պիտի մուծի եւ Հռոմի Պապի հերթական արձանը պիտի համաֆինանսավորի, ինչպես արել է բազմաթիվ անգամներ։ Վատիկան, որ քրիստոնեական բարձրագույն կոթողն ես, հարց չունե՞ս Բաքվին, որ 120 հազար մարդ մատնված է սովի, որոնց մեջ 30 հազար երեխա։

Կարծում եմ նաեւ տեղյակ եք, որ Սարսանգի ջրամբարի մակարդակը կտրուկ իջել է, իսկ դա նշանակում է, որ շուտով լինելու է նաեւ էլեկտրաէներգիայի լրջագույն ճգնաժամ։ Հիշում եք չէ, թե օրեր առաջ ինչ անմարդկային նվաստացման ենթարկեց Ադրբեջանը արցախցիներին։ Ընդամենը մի քանի ժամով միացրեց գազի մատակարարումը։ Հիշում եք չէ՞, միջազգային կառույցները, նույնիսկ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունեցին Ադրբեջանի այս «մարդասիրական» քայլը։ Սակայն մի քանի ժամ հետո գազամատակարարումը անջատեցին։

Երկրորդ համաշխարհայինի ժամանակ գերմանական կոնցլագերներում՝ Օսվենցիմներում եւ այլ տեղերում էին այդպես փորձարկումներ դնում մարդու վրա, թե ինչքան մարդու փսիխիկան կարող է այդ կտտանքներին դիմանալ։ Ես նախօրեին ասել եմ, որ Ադրբեջանի ՊՆ կողմից հովանավորվող ռուսալեզու ինտերնետ պորտալներից մեկը հայտարարել է, թե ինչպես վայրի կատվին, գազանին են վարժեցնում, մենք էլ այդպես արցախցիներին հլու եւ հնազանդ վարժեցնում ենք։ Ու սա կոչվում է խաղաղության համաձայնագիր»,-ասաց տիկին Զոհրաբյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31