Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար, դաշնակցական Արծրուն Իգիթյանը։
Հիշեցնենք` վերջին շրջանում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ամեն կերպ փորձում էր հասնել այս համայնքում իշխանափոխության` պնդելով, որ կա կառավարման ճգնաժամ։
Ախուրյանի տեղի իշխանությունն իր հերթին մեղադրում էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը առ այն, որ հենց նրանք են քաղաքական խաղերի միջոցով խաթարում համայնքի անդորրը և լծված են ավագանու անդամ փախցնելու գործին։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պատրաստվում էր այստեղ անցկացնել ավագանու արտահերթ նիստ` համայնքապետի պաշտոնում առաջադրելով Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն, ավագանու ՔՊ անդամ Զավեն Մանուկյանին։
Կարդացեք նաև
Փաստորեն առանց այդ նիստի էլ, մեր աղբյուրների փոխանցմամբ, համայնքապետը հրաժարական է ներկայացրել։ Նա 25 տարուց ավել կառավարում էր Ախուրյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ