Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսելով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտնի հայտարարությունից հետո իշխող ուժի ակտիվացման եւ կրկին նախկինների թեման խաղարկելու մասին, ասաց․ «Հիշենք, որ նախկինների վարկաբեկման թեման բավականին հին արմատներ ունի։ Մինչեւ այդ չարաբաստիկ հեղափոխությունը խորքային աշխատանք անընդհատ տարվում էր։ Ես առողջ քննադատության մասին չեմ խոսում, որովհետեւ խելացի շատ մարդիկ ժամանակին առողջ քննադատության ենթարկել են նախկիններին։ Բայց սրանց կործանարար քննադատությունը հին արմատներ ունի եւ մարդկանց ուղեղներում էլ բավականին արմատակալած է։ Նույնիսկ հիմա, երբ եկել, հասել ենք մի աստիճանի, որ աչքի առաջ երկիրը կործանվում է, մարդիկ զոհվում են, արյունը, մահը, կարծեք, դարձել են սովորական, այնուամենայնիվ, դեռեւս իներցիայով նախկինների նկատմամբ դիրքորոշումները չեն մարել։ Եվ սրա վրա դեռ շարունակում են աշխատել։
Բայց մյուս կողմից վերջին տարիներին այնքան անհեթեթության հասավ սրանց կողմից արվածների պատասխանատվությունը իրենց վրա չվերցնելը եւ նորից ամեն ինչը նախկինների հետ կապելը, որ արդեն քիչ թե շատ առողջ բանականություն ունեցող մարդու համար հասկանալի է դառնում, որ այստեղ ինչ-որ մի բան այն չէ։ Իսկ այսօր մարդկանց բանականությունը շատ դեպքերում շղթայված վիճակից աստիճանաբար դուրս է գալիս։ Մարդկանց գիտակցությունը այլեւս ազատագրված է։ Մարդիկ ունեն մտածելու, համեմատելու ունակություն։ Եվ եթե նախկիններից ինչ-որ չափով դժգոհ են եղել, այնուամենայնիվ, աղետալի վիճակը, որի մեջ մենք այսօր հայտնվել ենք եւ դեռ չգիտենք, թե վաղն ինչ է լինելու, մարդիկ սկսում են մտածել, որ չէ, ամեն ինչ նախկինների հետ հնարավոր չէ կապել։ Հինգ տարի է, որ դու եկել ես նոր ծրագրերով, նոր խոստումներով։ Մենք ամեն քայլափոխի գնում ենք դեպի անկում եւ նախկինները վաղուց չկան։
Ես նկատել եմ, ու կարծում եմ, շատերը նույնպես, որ արդեն ծաղրի է վերածվում նախկիններ ասելը։
Տպավորություն է, որ մեզ տարբեր կողմերից քարոզչական թիրախ են դարձրել եւ մենք հոգեբանական իմաստով այսօր շատ բարդ վիճակում ենք գտնվում։ Շատ եմ ասել ու ավելորդ չեմ համարում մեկ անգամ եւս կրկնել, որ մենք գտնվում ենք հոգեբանական պատերազմի մեջ, իսկ հոգեբանական պատերազմի զենքերը անտեսանելի են ու հենց սրանով են վտանգավոր։ Դրանք իրենց մեջ կարող են պարունակել ինչ-որ գայթակղություն։ Տեսեք, սրանց դագաղների հեղափոխությունը ինչո՞վ եկավ։ Գեղեցիկ խոսքով։ Ու մարդկանց մեղադրել չի կարելի, որովհետեւ այնքա՜ն լավ բաներ էին խոստանում։ Իսկ Նիկոլի լեզուն բավականին ճարտար է, ու նա կարողանում էր համոզել։
Կարդացեք նաև
Ցանկացած թակարդի մեջ կա խայծ։ Մարդիկ այդ խայծերը կուլ տվեցին։ Կամ դեպի Արեւմուտք գնալը։ Ստերիոտիպ կա չէ՞, թե Արեւմուտքն այս, կամ այն, թեեւ Արեւմուտքն այսօր ինքն է տարբեր պատճառներով ծանր վիճակի մեջ։ Եվրոպական, առաջադեմ, զարգացած երկրներ։ Սրանք տարբեր խայծեր են։ Բայց որ նայում ես, իրականության մեջ սա դեպի Թուրքիայի ստամոքսը գնալու ճանապարհ է»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ