Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողական կազմակերպությունները խստորեն դատապարտում են Հայկ Ղազարյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը

Հուլիս 12,2023 20:12

Խոր մտահոգությամբ և վրդովմունքով տեղեկացանք երեկ՝ հուլիսի 11-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում «Սիվիլնեթ» լրատվական կայքի սեփական թղթակից և «Անալիտիկոն» պարբերականի լրագրող Հայկ Ղազարյանի նկատմամբ ֆիզիկական բռնության մասին։ Մի խումբ անձինք դարանակալել են, փորձել առևանգել նրան, և երբ դա չի հաջողվել, ծեծի են ենթարկել։ Լրագրողն այդ մարդկանցից ոմանց ճանաչել է և ասում է, որ նրանք ԼՂՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի շրջապատից են։

Այս միջադեպին նախորդել է երկու օր առաջ Հայկ Ղազարյանի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումը․ Ստեփանակերտում բողոքի ակցիան լուսաբանելիս նրա ձեռքից մի ոստիկան խլել է հեռախոսը, որը ավելի ուշ վերադարձվել է, բայց նկարահանված կադրերը ջնջված են եղել։

Տեղի ունեցածը հատկապես դատապարտելի է, եթե հաշվի առնենք, որ անցած տարվա դեկտեմբերից Ադրբեջանը շրջափակել է Արցախը, որի բնակչությունը հայտնվել է հումանիտար աղետի եզրին, և այս պայմաններում տեղի իշխանությունները պետք է առավել ջանքեր գործադրեն և հանդուրժողականություն ցուցաբերեն հանրային համերաշխություն ձևավորելու համար։ Մինչդեռ, կիրառված բռնությունը վկայում է, որ ընտրվել է միանգամայն այլ՝ նեղ քաղաքական, խմբային խնդիրների սպասարկման ճանապարհ։

Ուշագրավ է, որ աղմկահարույց այս միջադեպից հետո Արցախի իշխանությունների կողմից որևէ արձագանք կամ գնահատական չի հնչել։ Սա ևս մի անուղղակի ապացույց է այն ենթադրությունների, որ Հայկ Ղազարյանի նկատմամբ բռնության կազմակերպմանն առնչություն ունեն բարձրաստիճան պաշտոնյաներ։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է․ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե «Անալիտիկոն»-ի ու «Սիվիլնեթ»-ի աշխատակից Հայկ Ղազարյանի գլխից մի մազ պակասի, ապա մե՛զ հետ եք գործ ունենալու, ու ոչ միայն մեզ հետ։ Խոսքս Արցախի պատկան մարմիններին է ուղղված։ Այս իրավիճակից փոքրիշատե պատվով դուրս գալու շանս դեռ ունեք»։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտելով Հայկ Ղազարյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը, պահանջում ենք․

  • Արցախի դատախազությունից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները լրագրողին ծեծի ենթարկած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար,
  • ԱՀ խորհրդարանից ու կառավարությունից՝ դիրքորոշում արտահայտել տեղի ունեցած բռնության վերաբերյալ,
  • Արցախի նախագահից՝ պաշտոնանկ անել ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին, եթե ապացուցվի նրա առնչությունը վերոհիշյալ միջադեպին։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31