Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր առցանց ձևաչափով հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսին:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ բարձրաստիճան գործընկերոջը՝ Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ կայացած «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար:
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած 7 պատվիրակությունների ղեկավարների բարձր գնահատականը՝ Դատախազության արտաքին և ներքին անկախության, հաշվետվողականության և էթիկայի հիմնահարցերի քննարկումների արդյունավետության վերաբերյալ:
Հիմք ընդունելով համատեղ աշխատանքի շարունակականության վերաբերյալ երկուստեք ցանկությունը՝ Աննա Վարդապետյանն առաջարկել է Քրիստոս Ջիակումոպուլոսին քննարկել 2023 թվականի ավարտին կամ 2024 թվականի գարնանը նման ձևաչափով երկրորդ խորհրդաժողովն անցկացնելու հնարավորությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեմայով:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում հանրապետության գլխավոր դատախազը բարձր է գնահատել օրեր առաջ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության այցը՝ արգելափակված Լաչինի միջանցքի մեկնարկային կետ, որին ներկա է եղել նաև Քրիստոս Ջիակումոպուլոսը:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին