Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀայաՔվե»-ին հակադարձող մեկ այլ թեզ է շրջանառության մեջ դրվել. վտանգավոր թեզ է՝ բազում առումներով. Գևորգ Դանիելյան

Հուլիս 12,2023 17:45

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

«ՀայաՔվե»-ին հակադարձող մեկ այլ թեզ է շրջանառության մեջ դրվել՝ Արցախի անկախությունը ճանաչելու փոխարեն պետք էր պայքարել Արցախի անջատողականության քայլերի դեմ: Սա հանրությանը հայտնի «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» և դրանից ածանցված «Եթե 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ վերամիավորվել էր, էլ ո՞ւմից էր անկախացել Արցախը» թեզերի յուրատեսակ սինթեզն է: Ենթատեքստն այն է, որ Արցախը անկախության հանրաքվեով իբր հանիրավի շրջանցել է վերամիավորման որոշումը:

Այ սա հիրավի վտանգավոր թեզ է՝ բազում առումներով: Վերամիավորման որոշմամբ ողջամտորեն արձանագրվել է, որ վերամիավորումը միանվագ ակտ չէ, այն պետք է որոշակի գործընթացներով ավարտին հասցնել, իսկ գործընթացներից առանցքայինը հենց անկախության հռչակումն է համարվել, ինչն էլ միանգամայն իրավաչափորեն արվեց այդ փուլում գործող խորհրդային օրենսդրությանը խիստ համապատասխան: Եվ եթե Հայաստանի անունից այդ իրավաչափ հիմքը չի ընդունվում, ապա վերամիավորման մասին խոսելն է դառնում իմաստազուրկ: Ուստի Ադրբեջանի մաս չճանաչելը իբր պատերազմի «լեգիտիմության» հիմք համարելու սիրահարները հենց այս իրավական նրբություններին պետք է ծանոթ լինեն և փորձեն իրական սադրանքը տարանջատել իրավաչափ և վտանգը կանխող նախաձեռնությունից:

Հաջորդ հարցը վերաբերում է նրան, թե ինչո՞ւ նախկինում չեն ճանաչել Արցախի անկախությունը, ավելին՝ իբր բանակցություններում քննարկել են այն Ադրբեջանի կազմում թողնելու տարբերակը: Ուղիղ այդպիսի որոշում չի եղել, բայց կայացվել են հարյուրավոր օրենսդրական ակտեր և կնքվել Արցախի հետ երկկողմանի միջազգային պայմանագրեր, այդ թվում՝ ռազմական աջակցության, որոնք միանշանակ թելադրված են եղել ինչպես վերամիավորման որոշման, այնպես էլ անկախության ճանաչման հենքով: Արցախում Հայաստանի ռազմական ներկայությունը իրավաչափ է համարվել հենց ռազմական աջակցության պայմանագրի ուժով, բոլոր արցախցիներին տրվել է ՀՀ անձնագրեր, օրենքով ամրագրված տարեկան պետական բյուջեից ստույգ գումար է հատկացվել և այլն:

Հ.Գ. Այս ամենը լեգիտիմ է դարձրել իշխանությունների ողջ գործունեությունը Արցախում, մինչդեռ՝ եթե անտեսում ենք առնվազն Արցախի անկախության հանրաքվեի (1991թ. դեկտեմբերի 10) արդյունքները և վերը թվարկված մյուս իրավաչափ հիմքերը՝ ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում է, ապա սա խնդրահարույց է դառնում նույն իշխանությունների համար, քանզի միջազգային ատյաններում հնչելու է մի շատ պարզ ու տեղին հարց՝ իսկ այդ դեպքում ի՞նչ գործ ուներ հայկական զորքն իր ակտիվ գործողություններով Ադրբեջանի տարածքում: Էլ չխոսեմ հարյուրավոր միլիոնների (դոլարային) հասնող ռազմատուգանքի, իբր էկոլոգիական ու մշակութային վնասների փոխհատուցման ակնկալիքների մասին…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31