Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղալա՛թ է անում Տիրան Խաչատրյանը, ո՞նց թե չի վստահում, բա ո՞ւմ է վստահում, էդ դեպքում պետության շնորհած ուսադիրներն ինչի՞ է կրում». Անդրանիկ Քոչարյան

Հուլիս 12,2023 17:18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում պնդում էր, որ ինքը մշտապես ընդառաջել է ԶՈՒ ղեկավարության բոլոր առաջարկներին եւ սպառազինություն ձեռք բերելու համար միշտ տրամադրել է անհրաժեշտ ֆինանսավորումը:

Մինչդեռ ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը հերքում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ ասելով. «Բազում են եղել դեպքերը, երբ անհրաժեշտ ֆինանսավորումը չի հատկացվել…Դա շատ մեծ ցուցակ է եւ հատ-հատ չեմ կարող ներկայացնել: Բնականաբար, խոսքը գնում է առաջնահերթ պահանջների մասին»:

44-օրյա պատերազմի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նույնպես Հ1-ին տված հարցազրույցում նշել էր. «2020 թվականի հուլիսյան դեպքերից հետո ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը Անվտանգության խորհրդում ներկայացրել է զենք-զինամթերքի երազանքների, կամ, կոպիտ ասած, իդեալական ցուցակ: Եթե չեմ սխալվում, խոսքը 5 մլրդ դոլար կամ դրանից մի քիչ ավելի կամ պակասի մասին է: ՀՀ տնտեսությունը 1 օրում չէր կարող հատկացնել, իսկ ունենալուց հնարավոր չէր արագ ռեալիզացնել»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, լսելով Տիրան Խաչատրյանի անունը, ասաց. «Էդ անունն իմ մոտ մի՛ տվեք: Ինքը երբ կգա քննիչ հանձնաժողով, նոր հարցեր կտաք»:

Դիտարկմանը, որ նա արդեն ասել է, որ չի գալու՝ Քոչարյանն արձագանքեց. «Տիրան Խաչատրյանին դիմեք, թե իր կառավարման հատվածում ինչքան զոհեր է տվել: Տիրան Խաչատրյանին ես չեմ մեկնաբանելու: Տիրան Խաչատրյանը, եթե կցանկանա, կհանդիպենք քննիչ հանձնաժողովում: Ինչի Տիրան Խաչատրյանն ումի՞ց է առավել՝ հանրապետության վարչապետի՞ց, նախկին ԱԳ նախարարից, նաեւ իր նախարար Դավիթ Տոնոյանից ինչո՞վ է առավել»:

Երբ ասացինք՝ Տիրան Խաչատրյանը հերքում է քննիչ հանձնաժողովում Փաշինյանի ասածները՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Տիրան Խաչատրյանը կարա հերքի քննիչ հանձնաժողովում, ինքը չի եկել, ինքը փախել է, հերիք չի՞ դա ձեզ: Ինքը փախել է հարցերից, առա՛յժմ փախել է, դրա համար մենք «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն ենք անում: Քննիչ հանձնաժողովներ հրավիրում են նույն Տիրան Խաչատրյաններին եւ Վարդան Օսկանյաններին, որպեսզի գան եւ այդ հարցերին պատասխանեն»:

Դիտարկմանը, որ չի վստահում ձեր հանձնաժողովին՝ նա արձագանքեց. «Ղալա՛թ է անում, ո՞նց թե չի վստահում, բա ո՞ւմ է վստահում, պետությա՞նն էլ չի վստահում, էդ դեպքում պետության շնորհած ուսադիրներն ինչի՞ է կրում: Չի վստահում: Բա ո՞ւմ է վստահում, օտարների՞ն է վստահում: Այնպես որ ձեր Տիրան Խաչատրյանին հանձնում եմ ձեզ»:

Հիշեցրինք, որ Տիրան Խաչատրյանին իրենք են կոչումներ տվել՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Տիրան Խաչատրյանի կենսագրությունը եթե փորփրեք, էնքան բան դուրս կգա՝ Արցախից սկսած»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31