«Այսօրվա հանդիպման նպատակը ոչ այնքան ինչ-որ բան ասելն է երիտասարդներին, այլ նրանց լսելը: Տարածված մեղադրանք կա երիտասարդների վերաբերյալ, թե նրանք անտարբեր են, չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, փոփոխություններով, երկրի ճակատագրով, եւ այլն: Օդում կախված այս մեղադրանքը պիտի ունենա պատճառ, հիմնավորում: Անձամբ ես մեծ սիրով եմ լսում նրանց, հաճախ եմ իրենց հետ հանդիպում, եւ սա էլ այդ հանդիպումների շարքից հերթականն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ «Մատենա» առաջնորդության դպրոցում առաջնորդության թեմայով զրույց-քննարկում մասին:
«Երիտասարդները միշտ չէ , որ համաձայնում են իրենց ուղղված մեղադրանքի հետ, որովհետեւ ունեն հիմնավորումներ, թե ինչ է կատարվում մեր երկրում, իրենք ինչպես են ամեն ինչ տեսնում: Ամեն դեպքում, երիտասարդներին լսելը կօգնի ապագան ճիշտ կառուցել, ծառացած խնդիրների համար համատեղ լուծումներ գտնել: Չէ՞ որ վաղը նրանք են ստանձնելու ավելի մեծ պատասխանատվություն, ինչը մեզ պարտավորեցնում է իրենց լսել, սովորել իրենցից, հասկանալ այն խնդիրները, որոնք նախանշում են»,- հավելեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը:
Անդրադառնալով հայրերի-որդիների «դարավոր» կոնֆլիկտին՝ Մանե Թանդիլյանը նշեց. «Հաճախ մոռանում ենք, որ մենք էլ ենք երիտասարդ եղել, եւ որոշ խնդիրներ այնպես չենք պատկերացնում, ինչպես պատկերացնում են երիտասարդները: Մյուս կողմից, կարծում եմ , որ այսօր այդ եզրը խիստ լղոզվել է, եւ նման տարանջատում այլեւս չկա: Այսօր բոլորս ձգտում ենք լինել ու մնալ երիտասարդ, ինչը կարեւոր է մեր կյանքն ավելի որակով եւ բովանդակալից ապրելու եւ ավելի շատ գործունեություն ծավալելու համար: Խոսքը հատկապես փոփոխություններին է վերաբերվում:
Իսկ երիտասարդները հակված են փոփոխությունների եւ առաջնորդելու, ինչն այսօր Հայաստանի համար կարևոր է: Մենք կարիք ունենք խորքային եւ արմատական փոփոխությունների, որոնց առաջամարտիկները եւ կրողը երիտասարդությունը պետք է լինի եւ կարող է լինել: Այս առումով, կարծում եմ, երկխոսելու շատ բան ունենք իրենց հետ, փոխանցելու մեր մտքերը, միասնական ջանքերով կառուցելու մեր հայրենիքը»:
Կարդացեք նաև
Հանդիպման մասնակիցներից Բրյուսովի անվան համալսարանի ուսանողուհի, ապագա քաղաքագետ Սաթեն Թորոսյանը նշեց, որ սիրում է տարբեր, հատկապես կին քաղաքական գործիչների հետ շփվել. «Մասնագիտությամբ քաղաքագետ եմ, իսկ ոլորտի մասնագետների, քաղաքականության մեջ ներգրաված կին գործիչների հետ շփվելը հետաքրքիր է: Ինչ վերաբերվում է Մանե Թանդիլյանին, իմ կարծիքով, նա բավականին լավ փորձ ունեցող քաղաքական գործիչ է: Ցանկանում էի իր հետ հանդիպել, հետագայում իմ փորձը ուսանողների, ընկերների հետ կիսելու համար»:
Վ. Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներից Սոնա Գրիգորյանը նշեց, որ եկել է հանդիպման, քանի որ թեման վերաբերվում է կանանց առաջնորդությանը. «Լինելով իգական սեռի ներկայացուցիչ՝ ինձ համար շատ հարցեր հետաքրքիր են, գուցե որոշ հարցեր առաջանան, ցանկանամ այդ մասին բարձրաձայնել»:
Իր պատկերացրած առաջնորդի կերպարի մասին խոսելիս էլ՝ Սոնան ասաց. «Առաջնորդն այն մարդն է, որ կարողանում է իր թիմին օգնել ամեն հարցով, նրանց մեջ եղած լավ կողմերը բացահայտել, պոտենցիալը զարգացնել եւ իրացնել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ