Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իշխանությունը մեկուկես տարի է՝ մեզ «Զենքի մասին օրենքով» տանում, բերում է․ իմ աչքին պատճառը հանցավոր անփութությունն է»․ Իշխան Գևորգյան

Հուլիս 12,2023 16:17

«Այս խնդիրները, որ չլուծվեն, լինելու է այն վիճակը, որ էլի մեր ընտանիքներից ոմանք ունենալու են հայրեր, ոմանք՝ ոչ։ Մենք դրա հետ խիստ համաձայն չենք։ «Զենքի օրենքը» համապարփակ պաշտպանության, անվտանգության համակարգի ընդամենը մի սյունն է, դա պետք է լինի, որ այդ մեծ համակարգը մենք կարողանանք կառուցել։ Շատ կարևոր է, որ այս օրենքն առանց երկարացնելու, առանց այսպես ծամծմելու՝ արագ ուժի մեջ մտնի»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման» խորհրդի անդամ, «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանը։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում»-ի ներկայացուցիչներն իրենց բողոքն են հայտնում կառավարությանը՝ զենքի շրջանառության խիստ սահմանափակման առիթով։

Իշխան Գևորգյանը մանրամասնեց․ «Այս խնդիրը շատ ավելի մեծ է, քան զուտ «Զենքի օրենքի» հարցը։ Այն ներգրավում է մեր ողջ հանրությունը։ Չորս հիմնական կողմի է ներառում, որի մեջ մտնում է ողջ ազգը։ Առաջինը 2,9 միլիոն բնակչությունն է, որ չի կարող զինվել։ Իրենց որ ասենք՝ ավտոբուսները 50 դրամով թանկացել են, փողոցներ կփակեն, շինություններ կգրավեն, ջրցաններով կջրվեն, բայց այս հարցը սրտներին չի կպչում։ Տենց մեկ էլ օսմանյան կայսրության ժամանակ են հայերը եղել։ Մյուս կողմը որսորդմիություններն ու ռազմամարզական կառույցներն են, որոնց գործունեությունն անիմաստ է առանց նոր զենք առնող հայի։ Նրանք 90 տոկոսով լուռ են։ Ամենազարմանալի կողմը խանութներն են, որտեղ շահ կա։ Նույնիսկ այդտեղ խնդիր է։ Դրան զուգահեռ՝ կա իշխանության վարք, որ մեկուկես տարի է, մեզ «Զենքի մասին օրենքով» տանում-բերում է, մինչև այսօր չի նորմալացել։ Այս օրենքը դանդաղ է ընդունվում, մինչդեռ աղի, կիսատ ձմերուկի օրենքներն արագ ընդունվում են»։

Հարցին՝ ո՞րն է սրա պատճառը, Իշխան Գևորգյանը պատասխանեց․ «Իմ աչքին հանցավոր անփութությունն է, բայց հետները չեմ եղել, հստակ ասել չեմ կարող։ Ես ակնկալում եմ, որ մեղավորին գտնելու են։ Էսքան ձգելը բոլոր սահմաններից դուրս է։ Կա ընդդիմություն, որը կարող էր կամ սրտանց մեր կողմից լինել, կամ գոնե մեր սրտերը գրավելու համար ելույթ ունենար, ասեր՝ ո՞նց է սենց իրավիճակ եք հանդուրժում։ Այդ կողմն էլ է լուռ։ Ու կանք մենք, որ մնացել ենք մեջտեղում՝ զինվել, մարզվել ուզող մարդիկ։ Շատերս կռվից հետո մի քանի անգամ էլ սեպտեմբերյան սրացումներին, Սև լճի մոտ, ես, օրինակ՝ վերջինը Վարդենիսում եմ եղել մարդկանց հետ, որոնք նոր են մարզվել, զենք վերցրել»։

Մյուս խնդիրն այն է, որ մեր երկրում մինչև այսօր չկա լրիվ օրինական հրաձգարան։ Իշխան Գևորգյանը մանրամասնեց․ «Մենք մեր հրաձգարանով որ դիմեցինք օրինականացնելու, ասացին, որ դուք որակավորված հրահանգիչ չունեք։ Մեր շարքերում են բանտերի աշխատողների մարզիչները, դատախազների, նոր պարեկների, ոստիկանների և ԱԻՆ-ի մարզիչներ, մի քանի միջազգային որակավորումով մարզիչ ունենք։ Այս բոլորը չեն կարողացել համարվել այդ օրենքում գրված լիցենզավորված մարզիչը, որովհետև դա էլ առանձին ձևով է հարամված, որ քննություն պետք է, բայց տեղ չկա։ Ստացվում է՝ մնացինք էլի գորշ գոտում։ Երբ ուզենան, մի քիչ դուրները չգանք, ասեն՝ հոպ։ Մինչդեռ երկու տարի խնդրում ենք, որ մաքսիմալ օրինական մի հրաձգարան ունենանք երկրում, ինչը Հայաստանի համար խայտառակություն է, որ չկա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31