Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսների հետ խոսելու ենք նոյեմբերի 9-ի պարտականությունների շրջանակներում, եթե չկատարեն՝ իրենց մատակարարումը փակելու ենք»․ Արթուր Օսիպյան

Հուլիս 12,2023 15:22

Այսօր Արցախում բողոքի ցույց է իրականացնում «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը»։ Նրանք պահանջում են ապաշրջափակել Բերձորի միջանցքը։ Մասնակիցները որոշեցին գնալ նախագահական նստավայր՝ պարզելու՝ Արցախի իշխանությունները միանո՞ւմ են իրենց, թե՞ ոչ։

Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը (լուսանկարում) ասաց, որ իրենց նպատակն է հասարակությանը համախմբել, հազարներով, 10 հազարներով գնալ դեպի Հակարիի կամուրջ ու պահանջել բացել միջանցքը։ Իսկ դրա համար իրենց պետք է Արցախի իշխանությունների աջակցությունը։ «Այդ կամուրջը գնալու համար մեզ անվտանգություն ու վառելիք է պետք, անվտանգությունն էլ, վառելիքն էլ մենք պետք է պահանջենք ռուսներից։ Ասելու ենք՝ ուզում ենք 10 հազար հոգով գնանք Մեծ Շեն, դուք էլ պարտավոր եք ու պիտի ապահովեք անվտանգությունը։ Ուրիշ հարց կա՝ բա որ ռուսը չանի, մենք ի՞նչ պետք է անենք։ Դրա պատասխանն էլ կա՝ մտնում ենք օդանավակայան, թուրքերին քշում ենք, ռուսների «սնաբժենին» փակում ենք»,- ասաց նա։

Ըստ Օսիպյանի՝ օդանավակայանն այսօր միայն ադրբեջանցիների վերահսկողության տակ է, նրանք ռուսներին ստուգում են։ Ըստ նրա՝ պետք է գնալ, օդանավակայանից ադրբեջանցիներին քշել ու օդանավակայանը վերցնել վերահսկողության տակ։

«Ռուս խաղաղապահների նկատմամբ, ընդհանրապես հրամանատարության նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է լինի կոռեկտ, ադեկվատ, առանց ավելորդ զրույցների ու ռեպլիկների։ Մենք խոսելու ենք իրավական հարցերի շուրջ եւ հարցերը կոնկրետ ենք դեմ տալու։ Ռուսներն ունեն պարտականություններ՝ ըստ նոյեմբերի 9-ի, իրենց հետ խոսելու ենք այդ պարտականությունների շրջանակներում։ Եթե իրենք չեն ապահովում, մենք իրենց «սնաբժենին վոն» ենք անելու ու պարտադրելու ենք, через день проголодается, через неделю тосковать будет, а через месяц умной станет․ Ով այս շարժմանը դեմ գնա, ինքը դառնում է մեր թշնամին։ Եթե մեր իշխանությունը, մեր քաղաքական գործիչները չեն ուզում հայտարարվել որպես թշնամի, պետք է այս գործին աջակցեն՝ մարդկային ռեսուրսներով։ Սա առաջին դիմումն է իրենց բոլորին՝ դեպուտատներով, կառավարությունով, գեներալներով, ազգային հերոսներով։ Արցախի ապաշրջափակումը համարժեք է Արցախի անկախությանը, դա նույնիսկ թշնամիներն են հայտարարել։ Մնացածը ինչ խոսում են, դա իրականության հետ կապ չունի, թե՝ գնանք բանակցությունների։ Թուրքը բանակցությունների չի գնում, ուլտիմատումը դնում է, անում չես, սոված է թողնում։ Մինչեւ երբ ենք մենք գնալու զիջման, սաղ զիջում ենք արել, Լաչինը ժամանակից շուտ հանձնել ենք, ոսկու հանքը կանգնեցրել, հրաժարական են ուզել, հրաժարական էլ է եղել։ Իրականում ըստեղ լինելու է ցեղասպանություն։ Սա վերջին շանսն է, որ պետք է հավաքվենք ու մեր նպատակին հասնենք։ Գնանք նախագահական, թող Արայիկ Հարությունյանը կամ մի ներկայացուցիչ ասեն՝ այո, մենք ձեր պահանջը բավարարում ենք, որովհետեւ սա օրինավոր պահանջ է, սա Արցախի ապաշրջափակման հարց է»,- հայտարարեց Արթուր Օսիպյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31