Լրահոս
Օրվա լրահոսը

Զենք ձեռք բերել ցանկացող քաղաքացու իրավունքները ոտնահարված են․ ռազմամարզական կառույցների միավորումը շարունակում է բարձրաձայնել խնդիրը

Հուլիս 12,2023 16:02

Հուլիսի 12-ին, ժամը 14:00-ին, «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ զենքի շրջանառության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի թեմայով։

Միավորման ներկայացուցիչները իրենց խոսքը հղեցին կառավարությանը և հանրությանը՝ զենքի շրջանառության խիստ սահմանափակման առիթով և տեղեկացրին իրենց հետագա քայլերի մասին։

«Առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացիները հանձնելու են տեսական և գործնական քննություններ, որոնց կազմակերպումը, ըստ նոր օրենքի, պետք է ապահովեին ռազմամարզական կազմակերպությունները։ Չնայած օրենքում առկա են մի շարք դրական փոփոխություններ՝ «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը շրջանառությունից դուրս է եկել և այժմ զենքի կրման թույլտվություն չունեցող անձը զրկված է այն ստանալու իրավունքից», – իրավիճակը մեկնաբանեց «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանը։

Միավորման ներկայացուցիչները խիստ սահմանափակված և ոտնահարված համարեցին քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը պաշտպանելու և զենք կրելու իրավունքը։ «Զենք կրելու մշակույթը կարևորագույն հենասյուն է արդյունավետ համապարփակ անվտանգության համակարգի ներդրման ճանապարհին: Զենք կրող, զենքից օգտվել իմացող ՀՀ քաղաքացին է պաշտպանում իր բնակավայրը ցանկացած իրավիճակում ու բանակի հետ միասին երաշխավորում սահմանի անվտանգությունը» – նշեց միավորման խորհրդի նախագահ, իրավաբան և ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը։

«Մեր կյանքի իրավունքը պարբերաբար խախտվում է թշնամու կողմից՝ թե՛ սահմանին, թե՛ դրանից ներս: Իսկ մենք ցանկանում ենք ապրել: Ցանկանում ենք, որ մեր երեխաները միշտ հայր ունենան: Ու օրենքի նախագիծը պետք է անպայման արագ շտկվի, այնուհետև լրամշակվի ու դառնա մեր այդ գործի մի սյունը: Մենք անշեղորեն պայքարելու ենք դրա համար բոլոր կարելի միջոցներով» – ամփոփեց միավորման խորհրդի անդամ, «Ազատազէն» ՌՀԿ խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանը։

Հիշեցնենք, որ անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչները հունիսի 29-ին կոչ էին արել ՀՀ կառավարությանը՝ հստակեցնել ու հայտարարել, թե երբ և ինչպես կվերականգնվի ՀՀ քաղաքացիների՝ առաջին անգամ զենք ձեռք բերելու խախտված իրավունքը։ Ներկայացուցիչները նշել էին, որ նշված ժամկետում խնդիրը չլուծելու դեպքում իրենց իրավունք կվերապահեն օրենքով թույլատրված բոլոր միջոցներով և գործողություններով իրագործել քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:

«Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2022 թվականին՝ մի խումբ ռազմամարզական ու կրթական կառույցների և անվտանգային ոլորտի մասնագետների կողմից։ Միավորման նպատակն է ռազմական և անվտանգության խնդիրներով զբաղվողների և հարակից ոլորտներում գործունեության իրականացնողների միավորման միջոցով հետազոտել, մշակել և ներդնել անվտանգության ոլորտներում առկա խնդիրների լուծման եղանակները։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31