Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւան» ազգային պարկի տարածքում 11 հազար ծառ վարակված է վտանգավոր հիվանդությամբ․ խնդիրն ի հայտ է եկել տարիներ առաջ, սակայն ոչինչ չի արվել

Հուլիս 12,2023 15:09

«Սեւան» ազգային պարկի տարածքում սոճուտների անտառտնկարկներում 11 հազար ծառ վարակված է վտանգավոր հիվանդությամբ։ Այս հիվանդությամբ վնասված սոճիներ են հայտնաբերվել տարիներ առաջ, Մեղրաձորի Բանքսի սոճու պահպանվող տարածքում, սակայն այն ժամանակ Հայաստանի մասնագետների համար դա անհայտ հիվանդություն էր։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց անտառագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Խուրշուդյանը։

Նրա խոսքով՝ այն ժամանակ հիվանդ ծառերն ուսումնասիրվեցին, բայց տեղացի մասնագետները կոնկրետ ոչինչ չկարողացան հայտնաբերել․ «Այն ժամանակ անգամ նեմատոդ վարակի մասին խոսք էլ չգնաց, ուղղակի ծառերը հատվեցին։ Ընդ որում, հատելու ժամանակ ծառի մնացորդները վարակի աղբյուր են հանդիսանում։ Դա մոտ 15 տարի առաջ էր, պետք էր շատ մաքուր ու մասնագիտորեն դրանք հեռացնել եւ այրել, ինչը չի արվել»։

Այս հիվանդության դեմ պայքարելու համար շրջակա միջավայրի նախարարությունը փորձում է գործողությունների պլան մշակել Սեւան ազգային պարկի հատվածում օջախների լոկալացման եւ որոշակի միջոցառումներ իրականացնելու համար։ Բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանն ասաց, որ Սիսիանի տարածքում էլ նկատվում են սոճիների մոտ նույն ախտանիշները։

Այս վարակի աղբյուրը նեմատոդ որդերն են, որոնք հարուցիչը փոխանցում է ծառին, ավելի կոնկրետ, ինչպես Ղազարյանն ասաց՝ հարուցը փակում է ծառաբնի ջրի փոխադրող անոթները, որոշ ժամանակ հետո ծառը չորանում է, տաք գոտիներում ծառը չորանում է երկու ամսում։

Ղազարյանի խոսքով՝ հիվանդության դեմ քիմիական պայքարը թանկ միջոցառում է, արդյունավետությունն էլ շատ բարձր չէ։

«Գործողությունները պետք է շուտ անեին։ Պիլոտային ծրագիր էր արվում կլիմայի փոփոխության շրջանակներում, անտառների տրանսֆորմացիայի ծրագիրն էր։ Այսինքն միատեսակ սոճուտներում պետք է արվեին խնամքի հատումներ, որպեսզի անտառաճման պայմանները բարելավեին, պետք էր լայնատերեւ տեսակներ տնկվեին, որոնք սոճիների հետ լավ աճում են եւ խառը տնկարկի միջոցով կուժեղացվեին էկոհամակարգերը, կարանտինային միջոցառումներ պետք է անեին։ Եթե անեին, ապա այսօր այս խնդիրների առաջ չէինք կանգնի։

Հասմիկ Խուրշուդյանն էլ հավելեց, որ խնդրին սկսել են լուրջ մոտենալ 2018-19 թվականներին, երբ արդեն հիվանդ ծառերը բավականին մեծ տարածք էին զբաղեցնում․ «Այդ ժամանակ հետազոտություններ արեցինք, մենք կասկածեցինք արդեն, որ դա կարող է լինել նեմատոդի հարուցիչը։ Առաջին անգամ էինք հետազոտում դա, նմուշներ վերցրեցինք, եւ քանի որ Հայաստանում մոլեկուլյար վերլուծություն չի արվում, ուղարկեցինք Մոսկվա՝ սեռը որոշելու։ Բայց պետք էր կրկնել փորձը, քանի որ Մոսկվայում չէին կարողացել որոշել սեռը։ Դրանից հետո մի քանի անգամ նորից ահազանգեցի, Հայանտառին եմ դիմել, գնացին Տավուշ՝ ուսումնասիրելու, բայց կանգնեց գործընթացը, ոչինչ չարեցին։ Եվ ահա բռնկում եղավ։ Կարծում եմ՝ բռնկումը կշարունակվի, ու ավելի մեծ ծավալով»։

Մասնագետն ասաց, որ այդ տնկարկները միայն անտառի գեղեցկության կամ անտառը մեծացնելու համար չեն, դրանք ունեն բավականին լուրջ ջրակարգավորիչ եւ հողապաշտպան, կլիմայի կարգավորիչ գործառույթ․ «Եթե մենք կորցնենք սոճուտները, ապա անտառպատվածությունը մեծ տոկոսներով կնվազի։ Դա Հայաստանի համար կլինի աղետ»։

Այս փուլում խնդրի լուծման համար, ըստ Խուրշուդյանի, հարկավոր է դրսից մասնագետների հրավիրել, օրինակ՝ Ճապոնիայից, քանի որ նրանք այս ոլորտում հմուտ են եւ մասնագիտացված։

Մանրամասն՝ տեսանյութում

Այսեր Ղազարյանի խոսքով՝ ԳԱԱ մասնագետները լուրջ հետազոտություններ արել են, բայց դրսում մոլեկուլյար հետազոտության պատասխանին են դեռ սպասում, թեեւ առկա ախտանիշներն 90%-ով խոսում են նեմատոդի մասին։

Համալիր միջոցառումներ են հարկավոր վարակը չտարածելու համար։ Ղազարյանն ասաց, որ պետք է մասնագետներ հրավիրել այն երկրներից, որոնք խնդրի դեմ պայքարի փորձ ունեն, կարողություններ են զարգացրել եւ կարող են աջակցել Հայաստանին, նրանց փորձը պետք է տեղայնացնել եւ տեղական ներուժի վրա աշխատել։

«Պատրաստված մասնագետները պետք է այդ հատվածներում աշխատեն, պետք է իմանան, թե կարանտինն ինչպես պետք է իրականացվի, նախարարությունը համայնքների հետ պետք է աշխատի, որովհետեւ մարդիկ փայտանյութ են հավաքում, եւ այդ ընթացքում կարող են կողքի տնկարկներում տարածեն վարակը։

Մանրամասն՝ տեսանյութում

Հասմիկ Խուրշուդյանն էլ, որպես վարակի դեմ պայքար, առաջարկեց սոճու տնկարկներում սոճու մասնաբաժինը նվազագույնի հասցնել՝ մինչեւ խնդիրը լուծվի։

Այդուհանդերձ, սոճիները, ըստ Ղազարյանի, մեր էկոհամակարգի անքակտելի մասն են, եթե խաթարման գործընթաց գնա, եթե սոճուտները ոչնչանան, դա բացասական կազդի Սեւանա լճի ջրի որակի վրա։

«Եթե այդ տարածքում սոճիները հատվեն, անտառապատ հատվածը կնվազի, դա կազդի Սեւանա լճի հայելու վրա, ավազանում ստորգետնյա ջրերով նաեւ սնվում է լիճը, որը տասնյակ անգամ մեծանում է, եթե անտառածածկ է։ Եթե անտառը վերանա, քամիները կշատանան, դա կհանգեցնի ջրի գոլորշիացման մեծ քանակի»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31