Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի եւ Սաթենիկ Սարգսյանի ենթադրյալ ապօրինի ձեռք բերված գույքի գործով հայցային վաղեմություն չի կիրառվի

Հուլիս 12,2023 14:54

Սերժ Սարգսյանի եւ նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի շրջանակներում այսօր պաշտպանական կողմը նաեւ հայցային վաղեմության ժամկետով գործի քննությունը կարճելու միջնորդություն ներկայացրեց:

Հիշեցնենք, ՍԴ-ում վիճարկվող «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի սահմանադրականության հարցի վերաբերյալ մինչեւ ՍԴ վերջնական որոշումը գործի քննությունը կասեցնելու եւ հետաձգելու մասին միջնորդությունները մերժվել էին:

Միջնորդության հիմքում դրված է այն, որ իրավասու մարմնի կողմից ներկայացված հայցադիմումը թվագրված է 2022 թվականով եւ հայցադիմումը վերաբերվում է բավականին վաղ անցյալում ենթադրաբար տեղի ունեցած իրադարձություններին: Նման միջնորդությունը, սակայն, ըստ պաշտպանական կողմի, չի ենթադրում հայցային պահանջների ընդունում, քանի որ իրենք ամբողջությամբ առարկում են հայցի, հայցի հիմքերի եւ հայցապահանջի դեմ: Պաշտպանական կողմի հիմնավորումների համաձայն, հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է եւ դրա ընթացքը սկսվում է այն պահից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Տվյալ դեպքը օրենքով սահմանված բացառությունների շարքում չէ, քանի որ հայցվորը՝ ՀՀ-ն, ոչ թե իրավասու մարմինը կամ գլխավոր դատախազությունը, ե՞րբ է իմացել եւ ե՞րբ էր պարտավոր իմանալ իր իրավունքի խախտման մասին: Այժմ, Վճռաբեկ դատարանի սահմանման համաձայն, դատարանի խնդիրն է՝ պարզել՝ ե՞րբ է ՀՀ-ն իմացել իր իրավունքի խախտման մասին: Պաշտպանների կարծիքով, այս վեճի կողմ հանդիսացող ՀՀ-ն՝ անկախ հայցը ներկայացնող մարմինների ձեւավորումից, մշտապես ունեցել է բավարար հնարավորություններ եւ գործիքակազմ, իր ենթադրյալ իրավախախտումները վեր հանելու եւ վերականգնման պահանջ ներկայացնելու համար, նաեւ ժամանակ՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենք ընդունելու համար: Ըստ այդմ, եթե անգամ պաշտպանական կողմը հիպոթետիկ ընդունի, որ իրավասու մարմնի հայցը օրինական է, ապա իրավահարաբերությունների կողմ հանդիսացող ՀՀ-ն դրսեւորել է պասիվ վարքագիծ եւ իրավասու մարմինը հայցադիմումը ներկայացրել է 2022 թվականին, այսինքն, հայցային վաղեմության ժամկետի խախտումով:

 

Հիշեցնենք, այս գործով պաշտպանական կողմը ավելի վաղ ևս ներկայացրել էր հայցային վաղեմության հիմքով վարույթը կարճելու որոշում, որը դատարանը մերժել էր: Այդ միջնորդությամբ, ըստ պաշտպանների, հայցի հիմքը այլ էր: Սերժ Սարգսյանի մյուս դստեր՝ Անուշ Մինասյանի մասով, սակայն, դատախազությունը հրաժարվել էր իր պահանջից:

Դատարանը որոշեց, որ պաշտպանական կողմը միջնորդությունը ներկայացրել է նույն հիմքով եւ նպատակ ունի գործի քննությունը ձգձգել, իսկ իր որոշման մեջ, դատարանը մանրամասն անդրադարձել էր հակափաստարկներին, ուստի, միջնորդության քննությունը մերժվեց:

Նիստը, սակայն հետաձգվեց, քանի որ պատասխանողի ներկայացուցիչները պետք է թաղման արարողության մասնակցեին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31