Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Կարապետ Բադալյանը չհարգեց փաստաբանների գործադուլի իրավունքը. Սերժ Սարգսյանի եւ նրա դստեր ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը կայացավ

Հուլիս 12,2023 13:44

Սերժ Սարգսյանի եւ նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով նիստն այսօր, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում կայացավ՝ չնայած փաստաբանների եռօրյա գործադուլին:

Սերժ Սարգսյանի եւ նրա դստեր պաշտպանները նախօրեին միջնորդություն էին ներկայացրել դատարանին, որ փաստաբանների գործադուլի պատճառով հուլիսի 11,12 եւ 13-ի դատական նիստերին չեն մասնակցելու եւ խնդրել էին իրենց բացակայությունը համարել հարգելի, դատական նիստը հետաձգել: Միջնորդությունում նաեւ հաստատել են, որ կիսում են գործընկերների դիրքորոշումը եւ ոստիկանների սանձարձակ գործողությունները փաստաբանների նկատմամբ պետք է դատապարտվեն:

Դատարանը՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, միջնորդությունը չի հարգել: Ավելին, հուլիսի 11-ին, նույն դատավորը մեկ այլ քաղաքացիական գործով անհարգելի է համարել փաստաբանների բացակայությունը եւ նիստը շարունակել է: Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ իրենք հակասական իրավիճակում են հայտնվել, քանի որ իրենց բացակայությամբ հավանական է իրենց վստահորդների շահերին հակասող որոշումներ ընդունվեն, այսօր ստիպված են եկել դատական նիստի, բայց վերահաստատում են միջնորդությունը ու խնդրում են հաշվի առնել իրավիճակն ու դատական նիստը հետաձգել:

Դատախազը առարկեց. միջնորդությանը կից ներկայացված ՓՊ-ի հիմնավորումները, այդ թվում՝ նաեւ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջը, հիմնավոր չի համարում: Գործադուլի իրականացումը նա փաստաբանների իրավունքն է համարում եւ բացի այդ, ասում է՝ ծայրահեղ դեպքերում փաստաբանները կարող են մասնակցել նիստին, բայց չի կարծում, որ ներկայացված հիմքով պետք է նիստը հետաձգվի:

Ամրամ Մակինյանը հակադարձեց՝ ծայրահեղ դեպքը վերաբերում է անձի ազատությանը, իսկ այս դեպքը ծայրահեղ չէ: Պաշտպանները օրինականության մասով որեւէ խնդիր չեն տեսնում, հարցը մնում է դատարանի հայեցողությանը եւ նպատակահարմարությանը:

Դատարանը մերժեց միջնորդությունը, քանի որ, ըստ դատավոր Կարապետ Բադալյանի, «ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին «փաստաբանության թշնամի» հռչակելու մասով հարցումների անցկացումը չի կարող այս գործի քննությունը հետաձգելու հարգելի հիմք լինել»:

Պաշտպանական կողմը գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց, քանի որ ՍԴ-ում քննարկվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի սահմանադրականության հարցը՝ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա: Նաեւ Վենետիկի հանձնաժողովն է այս օրենքի մասին բացասական եզրակացություն տվել: Գործի կասեցումը, ըստ պաշտպանների պետք է օրինական լինի՝ մինչեւ ՍԴ-ի որոշում կայացնելը: Պաշտպանական կողմի դիրքորոշման համաձայն, գործող օրենքով ապացույցների բեռի բաշխումն էլ տարակուսելի է ստացվում: Պաշտպանների կարծիքով նաեւ, ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրությունը պետք է սկսվի 2010 թվականից, ոչ թե 1991, ինչպես սահմանված է օրենքով եւ ինչն այս օրենքի հիմնական վիճելի դրույթն է:

Դատախազներն առարկեցին գործը կասեցնելու միջնորդության դեմ, քանի որ կասեցումը կխոչընդոտի ողջամիտ ժամկետում գործի քննությանը եւ գործին մասնակից անձանց իրավունքներին: Դատախազների կարծիքով, եթե ՍԴ-ի կողմից չի կասեցվել այս օրենքի որեւէ նորմի գործունեությունը՝ գործի քննության ընթացքում, ապա սույն օրենքով վարույթների քննության շարունակումը օրինական է եւ չի հակասում որեւէ գործընթացի: Դատախազների գնահատմամբ, առհասարակ, նշված հիմքով Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերի կասեցումը կհանգեցնի սույն դատարանի աշխատանքների աշխատանքների խաթարմանը: Ապացույցների բեռի բաշխման մասով էլ դատախազական կողմը խնդիր չի տեսնում, քանի որ անկախ ժամկետներից, պաշտպանները պարտավոր են ապացույցներ ներկայացնել ենթադրյալ ապօրինի գույքի մասով:

Պաշտպանական կողմի կարծիքով, դատախազների դիրքորոշումը ընդունելի չէ, քանի որ ՀՀ-ն չի կարող ստանալ որեւէ շահ՝ ենթադրյալ ապօրինի գույքի տեսքով, եթե արդյունքում կխախտվի որեւէ անձի իրավունք:

Դատարանը մերժեց միջնորդությունը, քանի որ ՍԴ-ն վերջնական որոշում չունի վիճելի հարցի մասով եւ չի կասեցրել վիճարկվող օրենքի գործունեությունը:

Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց՝ նույն հիմքով եւ նույն պահանջով գործի քննությունը հետաձգելու միջնորդություն: Այս դեպքում հիմնավորումներն էին տարբեր. օրինակ, տվյալ դեպքում, կարծում են, որ գործի քննությունը անհնարին դարձնող այն հանգամանքը, որ ՍԴ-ում քննվում է օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի հակասահմանադրականության հարցը: Խնդիրը վերաբերում է ապօրինի գույքի ձեռքբերման ուսումնասիրությունների ժամկետներին եւ, ըստ այդմ, ապացուցման բեռի բաշխմանը: ՍԴ վերջնական որոշումից հետո, ըստ պաշտպանների, հստակ կլինի, թե ո՞ր կողմը եւ ի՞նչ պետք է ապացուցի: Պաշտպանական կողմը կարծում է, որ այս հարցով ՍԴ-ի եզրափակիչ ակտը կկայացվի 2-3 ամսվա ընթացքում եւ գործի քննության հետաձգումը այդ ժամկետներին է վերաբերվւմ:

Դատախազները միջնորդությունն անհիմն համարեցին: Ավելին, կարծում են, որ պաշտպանները գործի քննությունը ձգձգելու նպատակ են հետապնդում՝ չարաշահելով իրենց իրավունքը եւ կապ չունի, որ պահանջները տարբեր են: Պաշտպանական կողմն առարկեց՝ միջնորդությունները տարբեր են եւ արգելք չկա, որ միջնորդությունները նույնական հիմնավորումներով ներկայացվեն, մանավանդ, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը կա, իրենք էլ գործի քննությունը ձգձգելու միտում չունեն:

Այս միջնորդությունը դատարանը նույնպես մերժեց, քանի որ միջնորդության մեջ չկա հիմնավորում, որը անհնար է դարձնում գործի քննության շարունակությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31