Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հարձակվողներից երկու հոգի բերման են ենթարկվել»․ Նաիրի Հոխիկյանը՝ Մարտունիում «ՀայաՔվեի» ներկայացուցիչների վրա հարձակման մասին

Հուլիս 12,2023 13:16

«Այս պահի դրությամբ հարձակվողներից երկու հոգի բերման են ենթարկվել»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «ՀայաՔվե» նախաձեռնության Մարտունու համակարգող Նաիրի Հոխիկյանը։

Հիշեցնենք՝ «ՀայաՔվե» նախաձեռնության տեղեկացմամբ՝ այսօր հարձակվել են «ՀայաՔվեի» Մարտունու ներկայացուցիչների վրա։

Նաիրի Հոխիկյանը հիշեցրեց՝ արդեն երկրորդ անգամ է, որ Մարտունիում «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքի վայրի վրա ոտնձգություն է կատարվում․ «Առաջինը՝ երկու օր առաջ էր․ երկու-երեք հոգի եկան, փորձեցին թղթեր խլել։ Այն ժամանակ դիմեցինք ոստիկանություն,  ոստիկանությունը միջամտեց, բայց հաղորդում չտվեցինք հանցագործության մասին։ Ոստիկանությունը խոստացավ, որ կկարգավորի և այլն։ Այսօր առավոտյան 10-12 հոգով են բառացիորեն հարձակվել, հարվածել են մեր գործընկերներին, քաշքշել են ստորագրող անձանց։ Այսինքն՝ փաստացի խանգարել են՝ որպես այդպիսին սահմանադրական օրենքով նախատեսված «ՀայաՔվեի» ստորագրության ընթացքը։ Պատռել են թղթեր։ Երկու խմբի են բաժանված եղել․ մի խումբը հարձակվել է բառացիորեն ստորագրահավաքի վայրի վրա, մյուսը՝ ինֆոկենտրոնի վրա։ Տեսանյութերից էլ երևում է, որ այդ ամենին ներկա է եղել նաև քաղաքապետարանի ներկայացուցիչը»։

Նաիրի Հոխիկյանն ասաց, որ ինքն է զանգել, հաղորդում ներկայացրել ոստիկանություն հանցագործության մասին․ «Հիմա պիտի հասնեմ Մարտունի, որ արդեն  կոնկրետ ոստիկանապետի հետ հանդիպում ունենամ, և կոնկրետ գրավոր տեսքով այդ հաղորդումը ներկայացվի։ Սա քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածն է․ սա խուլիգանություն չէ։ Սա 210-րդ հոդվածի համապատասխան՝ այսինքն՝ հանրաքվեի կամ ընտրության խոչընդոտելն է կազմակերպիչների, մասնակիցների համար, որը պատժելի է 6 տարի կամ որոշ դեպքերում՝ 8 տարի ազատազրկմամբ։ Մենք ունենք  բոլոր փաստերը։ Մարտունիում գործում է կազմակերպված բանդա, և որոնք արդեն երկրորդ անգամ նման հանցանք են գործում «ՀայաՔվեի» նկատմամբ։ Երեկ էլ մեկը մոտեցավ, հայհոյեց, սպառնաց, թե կտեսնեք՝ ինչ ենք անելու ձեզ հետ։ Ես ուշադրություն չդարձրի, հիմա փաստացի այսօր առավոտյան հստակ կազմակերպված հանցավոր գործունեություն են իրականացրել»։

Նաիրի Հոխիկյանն ասաց, որ տեղացիները հարձակվողներին դեմքերով ճանաչում են, բայց ինքը երբ հասնի Մարտունի, նույնականացում կանի անձանց և անուններ կհրապարակի․ «Այդ մարդիկ տեղում հայտնի են՝ որպես Նիկոլ Փաշինյանի չասեմ կողմնակիցներ, որքան իրենց համար աշխատողներ։ Հատկապես ՔՊ-ի համար են աշխատում այդ մարդիկ, որոնք սպառնալով, վախեցնելով ընտրությունների ժամանակ ձայն են փախցնում, այսպիսի դեպքերում մարդկանց վախեցնում։ Նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է, որպեսզի մարդիկ չգան, չստորագրեն։ Ահաբեկում են մարդկանց, ապատեղեկացնում, մտնում են տները։ Տեղեկություն ունեմ, որ գրեթե բոլոր պետական հաստատություններ են մտել ու վախեցրել, թե հանկարծ չգնաք, չստորագրեք, ձեզ գործից կհանենք, ընդհուպ մինչև Մարտունիում բնակվող տեղահանված արցախցիներին են զգուշացրել՝ եթե գնաք, ստորագրեք, ձեզ այն տեղերը, որոնք տրամադրել ենք, այդտեղից կհանենք։ Պետությունը ձեզ այլևս փող չի տա, և նման այլ բաներ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները և տեսանյութը՝ «ՀայաՔվե»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31