Լոս Անջելեսի «Հոլիվուդ բոուլ»-ում («Hollywood bowl») կայացած համերգից հետո տեղի է ունեցել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի նախատեսված հանդիպումը:
Քննարկվել են մաեստրո Դուդամելի և Վենեսուելայի Սիմոն Բոլիվար երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի՝ Երևանում հաջորդ տարի կայանալիք հյուրախաղերին առնչվող խնդիրները:
Հանդիպման ընթացքում Գոշ Սարգսյանն աշխարհահռչակ երաժշտին է փոխանցել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնական հրավերը՝ Երևանում անցկացվելիք միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում բացօթյա համերգային ծրագրով հանդես գալու առաջարկով:
«Քաղաքային մշակույթի նոր միջավայր ձևավորելու, Երևանը որպես համաշխարհային մշակութային գործընթացների գործուն մասնակից դիրքավորելու հանձնառության ճանապարհին քաղաքապետարանն իրականացնում է հանրության համար բարձրարժեք մշակութային-իրադարձային միջոցառումներ, որի մեկնարկը տրվեց այս տարվա հունիսին՝ Թումոյի այգում Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված բալետային բացառիկ երեկոների իրականացմամբ»,-նշել է Գոշ Սարգսյանը:
Փառատոնային մշակույթը խթանելու համար Երևանի քաղաքապետարանը նախատեսում է անցկացնել բազմաժանր նոր ծրագրեր և միջոցառումներ, ապահովել դրանց հասանելիությունն ու մատչելիությունը՝ մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի և զբոսաշրջիկների համար: Այդ նպատակով քաղաքապետարանն առաջիկայում ձեռք կբերի բեմական և լուսաձայնային գերժամանակակից անհրաժեշտ տեխնիկա:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ