Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ն կարծում է, որ գործուն զղջալու հիմքով ծանր հանցանքների դեպքում պատժից ազատումը հանգեցնելու է կոռուպցիոն դրսեւորումների»․ Արծվիկ Մինասյան

Հուլիս 12,2023 12:38

«Շարունակում եմ պնդել, որ այս նախաձեռնությունը հակասում է սահմանադրական կարգավորումներին, քրեական արդարադատության միջազգային հիմնարար սկզբունքներին»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավակարգավորումը բացառիկ դեպքերում կիրառել նաեւ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասել էր, որ սրա անհրաժեշտությունը բխում է նախաքննական մարմինների եւ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակից։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ հակասություններն այնքան ակնառու են, որ անգամ պետական մարմինները, որոնք իրավասու են այս ոլորտում առաջարկություններ ներկայացնելու, իրենք են այդ մասին բարձրաձայնել։ «Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունն արձանագրում է, որ անընդունելի է այս կարգավորումը, նպատակահարմար չէ, այն հանգեցնելու է կոռուպցիոն դրսեւորումների՝ իրավակիրառողին տալով լայն հնարավորություններ՝ անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար։ Պատժի անխուսափելիության սկզբունքին է հակասում։ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ այն կիրառելի չէ եւ բերելու է քրեական պատասխանատվությունից առհասարակ ազատմանը՝ խախտելով պատժի համաչափության եւ անխուսափելիության սկզբունքը։ Այն չի համապատասխանում նաեւ արդարության եւ հանրայնության սկզբունքներին։ Նույնը վերաբերում է նաեւ Ներքին գործերի նախարարության տված կարծիքին, նույնը վերաբերում է վարչապետի աշխատակազմի երկու ստորաբաժանումների կողմից տրված կարծիքին։ Նման վտանգավորության արարք կատարած անձին պատասխանատվությունից ազատելը սկզբունքորեն ընդունելի չէ՝ ծանրաբեռնվածության նվազեցման վկայակոչմամբ։ Այսինքն՝ այն հիմնավորումները, որոնք այս նախագծով ներկայացվում են, նույնիսկ պետական մարմիններն են կոշտ արձագանքել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ այս հարցն անպայման սահմանադրական բողոքարկման ինստիտուտ է անցնելու։ Ըստ նրա՝ եթե ծանրաբեռնվածության թեթեւացման խնդիր կա, քրեական դատավարությունում բազմաթիվ ինստիտուտներ կան՝ սկսած համաներումից։ «Բայց ոչ նման ձեւով ավերելով քրեական արդարադատությունը»,- հավելեց Մինասյանը։

Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նախագիծը։ Կողմ քվեարկեց 65, դեմ՝ 23 պատգամավոր։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31