Aravot.am-ը Գյումրու պատմական կենտրոնում գտնվող հյուրանոցա-ռեստորանային համալիրներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանից հետաքրքրվեց, թե օր օրի ավելացող հյուրանոցներն ու հյուրատները շատ չե՞ն արդյոք այս քաղաքի համար․ մի՞թե Գյումրին այդքան զբոսաշրջիկներ ունի, որ շատ ներդրողներ, անգամ արտերկրից հայտեր են ներկայացնում հենց հյուրանոցային բիզնեսը զարգացնելու։
Թե՛ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, և թե՛ գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն Aravot.am-ի հարցազրույցներում բազմիցս են փաստել, որ քաղաքապետարան ներկայացված դիմումների մեծ մասը վերաբերում է հյուրանոցաշինությանը։
«Սպասարկման ոլորտը Գյումրիում շատ ավելի արագ է զարգանում, քան պահանջարկը Գյումրիի տուրիստական ոլորտի նկատմամբ։ Սա լուրջ խնդիր կարող է դառնալ, ներդրողները փաստի առաջ կանգնեն, եթե աշխատանք չտանենք Գյումրիի գրավչությունն ավելացնելու ուղղությամբ։ Ես արդեն խոսել եմ այն մասին, որ միայն թանգարաններով ու մշակութային-ճարտարապետության կառույցներով տուրիստ չես կարող բերել, 1-2 անգամ եկավ, էդ թանգարանների, կառույցների գրավչությունը թուլանում է, չէ՞։
Տուրիստական հոսքը, մեր հաշվարկով, մոտ 30-40 տոկոսով նվազել է, և եթե այս տեմպերը շարունակվեն, վստահորեն կարող եմ ասել՝ մենք 2-3 տարի անց խնդիր ենք ունենալու»,-ասաց Վարդան Սրտաշյանը։
Կարդացեք նաև
Մեր զրուցակցից նաև հետաքրքրվեցինք, թե հյուրանոցների, հյուրատների մեծ քանակը մրցակցություն ստեղծո՞ւմ է գնային առումով, գնիջեցում նկատելի՞ է։
«Իհարկե, այդ գործոնը կա, բայց եթե նախկինում կային հյուրանոցներ, որոնք բավական թանկ գնով էին վաճառում համարներն, այսօր մարդիկ նոր հյուրանոցներ, հյուրատներ բացելով, հոսք չունենալով, ստիպված այնպիսի գներ են սահմանում, որ դրանք գնիջեցման են տանում։ Այդ տենդենցը, իհարկե, կա։ Օրինակ՝ մեր հյուրանոցը բյուջետային է համարվում, խնդիր չունի, բայց այն հյուրանոցները, որոնք բարձր գներով են աշխատում, այցելուներին մտածելու տեղիք են տալիս՝ արդյոք արժե՞ նույն գինը վճարել, գալ Գյումրի, թե՞ վճարել, գնալ Ծաղկաձոր կամ հանրապետության այլ մարզեր, այլ քաղաքներ, որոնք բնության, կլիմայի և այլ առումներով ավելի գրավիչ են»,-ասում է Վարդան Սրտաշյանը։
Հարցին՝ միջինը ինչքա՞ն գումար ունենա զբոսաշրջիկը մեկ օր Գյումրիում անցկացնելու համար, Վարդան Սրտաշյանն ասաց․ «Այս հարցին, իհարկե, միանշանակ չի կարելի պատասխանել, կախված է զբոսաշրջիկի նախասիրությունից, բայց միջինը մեկ հոգին 15-20 հազար դրամ պիտի ունենա սնվելու համար, տրանսպորտի ծախսերն էլ որ հաշվենք, երևի թե 40 հազար դրամը մեկ օրվա համար մեկ հյուրին լրիվ բավարար է։ Խոսքս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է, որ գան նորմալ սնվեն, պտտվեն, հետ գնան, միջինը գինը մոտավորապես դա է»։
Վարդան Սրտաշյանը նշում է, որ պետական կառույցները մեծ անելիք ունեն Գյումրիում, քանի որ զբոսաշրջության տեմպերը գնալով նվազում են։ Ըստ նրա, օրինակ՝ գովելի է Համահայկական 8-րդ ամառային խաղերի բացումը Գյումրիում անցկացնելը։ Թեև, ըստ նրա, այդ մի միջոցառումը բավարար չէ տուրիզմն ակտիվացնելու համար։
«Համահայկական խաղերը տիպիկ օրինակն են այն բանի, թե ինչպես կարելի է քաղաքի գրավչությունն ու ոլորտն ակտիվացնել, բայց, ցավոք սրտի, այդ մի միջոցառմամբ ամբողջ սեզոնի թվային տվյալները փոխել հնարավոր չէ։ Քաղաքի սպասարկման ոլորտը երկու, առավելագույնը երեք օր է ազդեցությունը զգալու։ Նմանատիպ միջոցառումներով, ոչ միայն սպորտային, այլև մշակութային, ինչու չէ նաև գիտակրթական, պետական միջոցառումներով, փառատոների կազմակերպմամբ կարելի է խնդիրը ուղղել»։
Ըստ Վարդան Սրտաշյանի, Գյումրու համայնքապետարանն էլ ներգրավված չէ տուրիզմի ոլորտի զարգացման մեջ, քանի որ շահագրգռող ոչինչ չկա, զբոսաշրջությունից որևէ եկամուտ չի գնում Գյումրու քաղաքապետարանի բյուջե։
«Ես բազմիցս նշել եմ, որ տեղական ինքնակառավարման մարմիններն, իհարկե, անելիք ունեն, բայց ինչո՞ւ չեն անում։ Իմ պատկերացմամբ, պատճառն այն է, որ այս կառույցը տուրիզմից անմիջական ազդեցություն սեփական բյուջեի վրա չի զգում։
Այդ հարցը կարելի է լուծել, եթե միջազգային պրակտիկայում ընդունված City tax՝ քաղաքային հարկ հարկատեսակը ներդրվեր Գյումրիում, եթե օրինակ՝ օբյեկտը 5 տոկոս շրջհարկ է վճարում հարկային մարմիններին՝ պետական բյուջե գնալու համար, այդ 5 տոկոսից 2-ը տոկոսը դառնար քաղաքային հարկ և մտներ բյուջե։
Քաղաքապետարանն էլ, տեսնելով, որ տուրիզմից սեփական բյուջե համալրումներ է ստանում, կսկսեր լրացուցիչ միջոցառումներ և գործողություններ անել տուրիզմի խթանման համար։ Բայց եթե այդ գործառույթը ՏԻՄ-ի վրա չդնենք, ունենք, չէ՞, պետական կազմակերպություններ, որոնք իբր զբաղվում են տուրիզմի զարգացմամբ, խթանմամբ, նրանք առաջինը պետք է տեսնեին այս խնդիրը Գյումրիի պարագայում և փորձեին լուծումներ տալ»,- ասում է Վարդան Սրտաշյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գյումրու լուսանկարը՝ Տիգրան Գասաբյանի