ԱԺ արտահերթ նստաշրջանում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում ասաց․ «Ես որպես Շիրակի նախկին մարզպետ՝ Երեւան գալուց առաջ, վերջին անգամ 2018 թվականի ապրիլի վերջին եմ գնացել Կապսի ջրամբար, երբ դրոններ էին թռցնում թունելի մեջ, որպեսզի տեսնեին, որ ենթակառուցվածքների վիճակը նորմալ է։ Հինգ տարի է անցել այդ օրից, հիմա նոր ջրամբարի կառուցման պայմանագիրը կնքվում է»։
Ընդդիմադիր պատգամավորին արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը (լուսանկարում)։ «Մեր ընդդիմադիր գործընկերը նաեւ շեշտեց, որ եղել է նախկին մարզպետ։ Բա դուք եղել եք նախկին մարզպետ, ձեր ժամանակ հազարավոր կիլոմետրերով խողովակներ գետնի տակից հանեցին, տարան՝ ծախեցին։ Բա էդ ժամանակ հելնեիք խոսեիք, 30 տարի մի հատ ջրամբար չեք կառուցել, էսօր եկել են, ջրամբար են կառուցում, ուզում ենք ոռոգման ցանցերը նորոգենք։ Այո, ձեր թողած ժառանգության համար մենք հլա շատ ենք ձախողելու, հլա շատ պրոբլեմներ են լինելու։ Ամեն անգամ գալիս եք, ամեն մեկի ասածի վրա կեղտ եք բռնում, բա լավ օրից չի, որ էսօր եկել ենք, սա բերել ենք, ուզում ենք անցկացնել։ Բա դուք ի՞նչ եք թողել, հլա եկեք ասեք՝ այդ ընթացքում ի՞նչ եք կառուցել, այդ կառուցածը մենք նորմալ չենք շահագործել կամ դրանից չենք կարողանում նորմալ եկամուտ ստանալ։ Մենակ Ապարանի տարածաշրջանից հազարավոր կիլոմետրերով «տրուբեք» հանեցին տարան։ Էն գյուղապետերը, որոնք հելնում՝ ընդդիմանում էին, բռնում՝ տանում, փակում էին, որ ձեն չհանեին։ Էս մասով դատախազությունն էլ թող վերանայի, հասկանանք՝ էդ խողովակներն ո՞վ տարավ ծախեց ու ինչի՞ համար են տարել ծախել։ Ու էդ խողովակները տարել են, որպես «ուտիլ» են հանձնել»,- ասաց Մաթեւոս Ասատրյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ