Հաջորդ տարի դարձյալ Սեւանից հավելյալ ջրառի խնդրի առաջ ենք կանգնելու, որովհետեւ այս կառավարությունը ձախողել է ջրամբարաշինությունը։ Այս մասին ԱԺ արտահերթ նստաշրջանում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այս նախագծով կառավարությունն առաջարկում է Սեւանա լճից 170 մլն խմ ջրառի չափաքանակն ավելացնել մինչեւ 240 մլն խմ՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, ջրավազանների ու ջրամբարների թերի լցվածությամբ։
«Երեկ ես ասացի, որ կառավարությունը սխալ ուղիով է գնում, ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում։ Ես հարց ուղղեցի՝ ինչքա՞ն ջուր է բաց թողնվել մինչեւ ոռոգման սեզոնը։ Պատասխան չստացա, որովհետեւ ոռոգման սեզոնը սկսվում է, արդեն ջուր չկա։ Ակնհայտ է, չէ՞, որ մինչեւ ոռոգման սեզոնի սկսումը ջրամբարներում այնքան ջուր պետք է լինի, որ չգան եւ այստեղ քաղաքական, տնտեսական, հումանիտար խղճմտանքի առջեւ չկանգնեցնեն մեզ՝ բա որ ջուր չտանք, էդ մարդիկ ինչո՞վ են ջրելու։ Մինչեւ ոռոգման սեզոնի սկիզբը՝ ջրամբարներում պետք է բավականաչափ ջուր լինի։ Այլապես ցանքատարածությունները, բերքը կրճատվել է, եւ դրանով պայմանավորված մեզ մոտ տեղական արտադրության բանջարեղենի պահանջարկը նվազել է, գները բարձրացել են, ջուր քիչ է օգտագործում գյուղատնտեսությունը։ Անցյալ տարվա ջրամբարաշինությունը կատարվել է 46 տոկոսով, եթե ճիշտ կատարվեր, էսօր էդ խնդիրը չէինք ունենա։ Իսկ ինչքա՞ն է եղել Ոռոգման համակարգերի առողջացում ծրագրի կապիտալ ծախսերն առաջին կիսամյակում՝ 32․6 տոկոս։ Մյուս տարի էլի նույն խնդրի առաջ ենք կանգնելու, որովհետեւ այս կառավարությունը որերորդ անգամ ձախողում է ջրամբարաշինությունը։ Էլի գալու եք ասեք՝ բա ի՞նչ անենք, ջուր չտանք, էդ մարդիկ բերք չեն տա, ծարավ կլինեն։ Այսպես չի կարելի»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Ի պատասխան ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ ջրառի սեզոնը սկսվել է մայիսի 14-ից։ Եվ այդ ջրառից առաջ Սեւանից ոչ մի գրամ ջուր բաց չի թողնվել։ «Էմոցիոնալ ձեր ելույթի մի մասին հաստատ համաձայն կլինեի, ես էլ այդպես էմոցիոնալ կարող եմ ասել, որ ջրամբարներում պիտի շատ ջուր լիներ։ Թող լիներ, շատ լավ կլիներ, որ ջրամբարներում շատ ջուր լիներ։ Դուք գոնե քաջատեղյակ եք, որ մեր ջրամբարների ճնշող մեծամասնությունը հեղեղային են եւ հոսքային չեն։ Այդպես է ստացվել, որ մեր ջրամբարներում այս տարի քիչ ջուր է ամբարվել։ Որպես լավ նոտա ուզում եմ ասել, որ երկար տարիներ ամենատարբեր պատճառներով չստացվող ամենախոշոր ջրամբարի՝ Կապսի ջրամբարի շինարարությունն այս տարի սկսվել է»,- ասաց Տերտերյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ