Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մնալու ենք, ոչ մի տեղ չենք գնալու, սա մեր հողն է, ո՞ւր պիտի գնանք, մտքներովս դա չի էլ անցնում նույնիսկ»․ «Հրապարակ»

Հուլիս 12,2023 11:48

Անահիտ Գեւորգյանի դստրիկը՝ 7-ամյա Վիկտորյա Գեւորգյանը, 44-օրյայի ամենափոքր զոհն էր։ Թշնամին թիրախավորել էր Անահիտի ու իր ընտանիքի Մարտունու տունը։ Վիկտորյան եղբոր՝ Արծվիկի հետ փորձել էր հրետակոծությունից պաշտպանվել նկուղի կողմը փախչելով, սակայն արկը դիպել էր աղջնակին, իսկ փոքրիկ Արծվիկը ծանր վիրավորվել էր․ այսօր նա ամբողջությամբ բուժվել է ու շուրջ 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում է ապրում։

Անահիտը պատմում է, որ հարեւաններն իրեն խորհուրդ են տալիս քիչ գնալ Վիկտորյայի գերեզմանին, քանի որ վտանգավոր է, կարող է մի բան պատահել, ինչն Անահիտի համար հասկանալի չէ: Վիկայից հետո էլ ի՞նչ ավելի վատ բան պիտի լինի՝ տարակուսում է կինը։

«Ամուսինս չի թողնում, որ իր ներկայությամբ երեխաները պարեն, երգեն, իսկ ես հակառակն եմ մտածում՝ թող ապրեն, քանի դեռ պատերազմ չկա։ Պետք է ապրենք երեխաների համար»,- ասում է Մարտունու բնակչուհին։ Անահիտի երկու ավագ դուստրերը եւս ամբողջովին չեն հաղթահարել 44-օրյայի սարսափները, նրանք են վիրավոր կրտսեր քրոջը, եղբորն ու մյուս վիրավորներին օգնել մեքենա տեղափոխելու՝ հիվանդանոց հասցնելու համար։ Պատերազմի արհավիրքները դեռ չեն սպիացել, բայց նոր ընտանիք կազմած ավագ դուստրն ու դեռեւս դպրոցում սովորող երկրորդ աղջիկը շարունակում են ապրել Արցախում եւ հենց այդտեղ էլ տեսնում են իրենց ապագան։

Արծվիկի եւ Մարտունու մյուս փոքրիկների առօրյան փորձում են հետաքրքիր դարձնել Արծվիկի ավագ քույրերը։ Անահիտը պատմում է, որ մեծահասակներով փորձում են փոքրերի առօրյան այնպես կազմակերպել, որ բլոկադայի ծանր հետեւանքները երեխաներին տեսանելի չլինեն։ Ամենադժվարը փոքրիկների համար քաղցրավենիքի տոտալ բացակայությունն է։

«Հրապարակի» հետ զրույցում Անահիտն ասաց, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է։ «Ինձ մոտ բլոկադա չկա, մեզ մոտ ամեն ինչ լավ է»։ Մարտունիի իրենց տան բակում աճեցրած բանջարեղենով Անահիտն ու իր ընտանիքը կարողանում են ոչ միայն հոգալ սննդի հարցը, այլեւ որոշ մասը վաճառել։ «Այնտեղ, որտեղ մարդիկ հողամասեր ունեն, մի բան կարողացել են ցանել, հնարավորինս հեշտ են տանում բլոկադան, բայց ով որ սերմ չի ունեցել կամ Ստեփանակերտում է ապրում, վիճակն ահավոր է։ Մարդիկ էլ կան, որ նույն վարունգն ու լոլիկը չափազանց թանկ են վաճառում, այդպիսի մարդիկ մտածում են՝ արագ փող հավաքեն, որ հետո գնան Արցախից։ Իսկ մենք մնալու ենք, ոչ մի տեղ չենք գնալու, սա մեր հողն է, ո՞ւր պիտի գնանք, մտքներովս դա չի էլ անցնում նույնիսկ»,-ասաց Անահիտը։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31