Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան․ «Օսկանյանն ասում է` գտնում եք, որ նախկինների թողած ժառանգությո՞ւնն է ձեզ այս վիճակի մեջ գցել, ուրեմն ինձ հնարավորություն տվեք բանակցելու»․ «Հրապարակ»

Հուլիս 12,2023 11:21
xosrov harutyunyan

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը մոտ 10 օր առաջ հայտարարեց, որ եթե իրեն եւ մի խումբ դիվանագետների լիազորություն տան, 2-3 ամսում իրավիճակը կփոխեն ղարաբաղյան բանակցային գործընթացում: Օրեր անց ասաց. «Ես կրկնում եմ իմ առաջարկը, վստահ եմ, որ դա հնարավոր է անել։ Եվ ինչպես նախորդ իմ գրառումներում, ձայնագրությունում ասել եմ, պատրաստ եմ պատասխանատվություն վերցնելու՝ այդ գործն առաջ տանելու համար»։ «Փաշինյանը դիվանագիտությունից հեռու է, եւ դա փաստ է»։

Օսկանյանի այս հայտարարություններին եւ առաջարկին անմիջապես հակադարձեցին ՔՊ-ականները` հայհոյանքներից մինչեւ «բա որ դուք էլ…» բնույթի գրառումներով: Օսկանյանին մեղադրեցին «աշխարհի» բոլոր մեղքերի մեջ, ընդհուպ մինչեւ Ղարաբաղի հարցը բանակցային սեղանից դուրս թողնելու:

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը մեզ հետ զրույցում նշում է, որ անիմաստ է ՔՊ-ականների գրառումները մեկնաբանելը, Օսկանյանի ավանդի մասին նրանք չէ, որ պետք է խոսեն. «Վարդան Օսկանյանի առաջարկին պետք է պատասխանի միմիայն Նիկոլ Փաշինյանը: Ուրիշ ոչ ոք` մամուլի խոսնակ, պատգամավորներ եւ այլն, չպետք է այդ մասին խոսեն, դա նրանց ֆունկցիան չէ»: Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե իշխանությունը, ընդունելով Օսկանյանի առաջարկը, իր «մահկանացուն» կկնքի, Խոսրով Հարությունյանը համամիտ չէ. «Ինչի՞ մասին է խոսքը, ես լավ չեմ հասկանում: Ընդունելով Վարդան Օսկանյանի առաջարկը, կնշանակի հետեւյալը` իշխանությունները ձգտում են Արցախի խնդրի կարգավորմանը` Արցախի անվտանգություն, Հայաստանի անվտանգության դեմ սպառնալիքների չեզոքացում եւ այլն: Շատ դեպքերում մեկնաբանում են, որ այս անելանելի վիճակը ոչ թե իրենց քայլերի, այլ նախկինում բանակցային գործընթացի պատճառով է տեղի ունենում: Բազմիցս են այդ մասին խոսել իշխանությունները, իբրեւ նախկիններն են այդ ժառանգությունն իրենց թողել: Այժմ Վարդան Օսկանյանը, որպես դիվանագիտական ոլորտի կարկառուն նախկին ներկայացուցիչ, որն ուզենք թե ոչ, Մադրիդյան սկզբունքների ճարտարապետներից է, եթե չասենք՝ գլխավոր ճարտարապետը, հասել էր նրան, որ Լիսաբոնում, երբ միջազգային հանրությունը հակամարտությունը դիտում էր երկու պետությունների միջեւ տարածքային վեճ, այդ նույն միջազգային հանրությունը տվյալ վեճը դիտարկեց որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքների հիման վրա կարգավորման ենթակա հակամարտություն: Սա իրողություն է, այդ ընթացքում Մեղրին ցանկանում էին հանձնել եւ այլն, եւ այլն` իրականության հետ աղերս չունեն: Եթե ցանկանում էին Մեղրին հանձնել, ինչո՞ւ Ալիեւը չվերցրեց, ինչո՞ւ ասաց` ոչ: Պետք է առնվազն մտոք կույր լինել՝ չգիտակցելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ալիեւի պռոշը ճաքում է, որ Մեղրին իրենը լինի, ինչո՞ւ նախկինում չցանկացավ վերցնել նույն այդ Մեղրին, եթե հանձնում էին: Այս ամենն իրականում ստվերվում է մեկ պարզ պատճառով` Օսկանյանին հաջողվել է տարածքային վեճից խնդիրը վերածել ինքնորոշման իրավունքի սկզբունքի:

Օսկանյանն ասում է` գտնում եք, որ նախկինների թողած ժառանգությո՞ւնն է ձեզ այս վիճակի մեջ գցել, ուրեմն ինձ հնարավորություն տվեք բանակցելու, ընդ որում` ո՛չ ասում եմ` հեռացեք, գնացեք, ո՛չ էլ մեղադրում եմ, պարզապես ԱԳՆ-ի կազմում տվեք հնարավորություն՝ ձեւավորել մի թիմ, որը կբանակցի Արցախի հարցի շուրջ, եւ կտեսնեք, որ 3 ամիս անց իրավիճակը կփոխվի»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31