Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգ՝ գումարած անձնական վրեժխնդրություն

Հուլիս 12,2023 10:00

ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված է, որ խորհրդարանում պաշտոններ զբաղեցնեն ոչ միայն իշխանության, այլեւ՝ ընդդիմության ներկայացուցիչները: Դա բխում է ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքներից, համաձայն որոնց՝ պետական կառույցները կարող են արդյունավետ աշխատել միայն այն պարագայում, երբ հաշվի են առնվում նաեւ փոքրամասնության տեսակետները:

Եթե պատկերացնենք այն իդեալական վիճակը, երբ իշխանությունը փոխվում է ընտրությունների (ոչ թե պալատական հեղաշրջման կամ հեղափոխության) միջոցով, ապա այդ մեխանիզմի աշխատելու դեպքում իշխանության ղեկին տեղի է ունենում տարբեր քաղաքական ուժերի մշտական ռոտացիա: Հատկապես անգլոամերիկյան քաղաքական ավանդույթի տեսակետից՝ խորհրդարանական մեծամասնությունն ու ընդդիմությունը պետության կարեւորագույն սյուներն են, եւ պետական կառույցները պարբերաբար հիմնվում են դրանցից մեկի վրա:

Հայաստանի նման երկրներում, սակայն, մարդիկ գալիս-նստում են իշխանական աթոռներին՝ հավերժ իշխելու մտադրությամբ, եւ օրինական ճանապարհով նրանց այդ աթոռներից պոկելը գրեթե անիրագործելի խնդիր է դառնում: Այդ իրավիճակը թելադրում է թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության վարքը. դրանք իրենց զգում են ոչ թե միասնական համակարգի մաս, այլ՝ թշնամի ճամբարներ, որոնք միտված են իրար ոչնչացնելու: Պարզ է նաեւ, որ նման աշխարհընկալման դեպքում իշխանության համար բացարձակապես անհանդուրժելի է, որ խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչներն ԱԺ-ում որեւէ պաշտոն զբաղեցնեն:

Հակադեմոկրատական ռեժիմներին հատուկ օրինաչափություններին ավելանում են մեր իշխանավորների (առաջին հերթին, իհարկե, վարչապետի) անձնական առանձնահատկությունները՝ ինքնահաստատվելու հիվանդագին ձգտումը, ոչ հասուն մարդկանց հատուկ ամբիցիաները, մանր վրեժխնդրությունը: Փաշինյանը պատրաստ էր մի ամբողջ համազգային հանրաքվե անցկացնել՝ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու համար, նույնատիպ ցասման բռնկումներին եմ վերագրում Արմեն Աշոտյանին հետապնդելու հրահանգը: Նախկին «իմքայլական» Թագուհի Թովմասյանը նույնպես, բնականաբար, պետք է պատժվի «դավաճանության» համար:

Ահա դրանք են ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները կասեցնելու «ընդհանուր» եւ «տեղական» պատճառները: Այդ գործընթացի հիմնավորումները նման էին ՔՊ-ականների մնացած «փաստարկներին». օրինակ, որ իրենց աղետալի դիվանագիտական ձախողումների համար Օսկանյանն է մեղավոր:

Ի դեպ, Թագուհի Թովմասյանի գործունեությունն այս գումարման Ազգային ժողովում մոտ է «դասականին», այսինքն՝ ուղղված է հնարավորինս կառուցողական երկխոսությանը: Գուցե դա է՞լ է «վերեւներին» նյարդայնացնում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ. Շ. says:

    . ԱԺ կանոնակարգ-օրենքի առարկութիւնը, ներեցէք որ ասեմ՝ ճիշդ չէ. քանի որ պաշտօնանկ եղած ընդդիմադիր պատգամաւորը կը փոխարինուի ընդդիմութեան մի այլ անդամով:

    . Տեղի ունեցած – եւ դեռ ընթացիկ – Աղէտէն ետք, նախկին «Իմքայլական» մը պէտք չէ որ վերադառնար ԱԺ, այս անգամ ալ որպէս հակա-փաշինյանիսթ: Միւս բոլոր նախկին իմքայլականները, գոնէ մէկ ընտրական շրջանի մը համար, քաշուեցան քաղաքական բեմից: Անոնք են՝ իրապէս Պատիւ Ունեցողները:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31