Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բանտային տետրերը» ուշադրության է արժանացել հատկապես երիտասարդների կողմից»

Հուլիս 12,2023 12:30

Առաջին անգամ հայերեն տպագրվել է Անտոնիո Գրամշիի նոթատետրերից մի քանի գլուխ

Տարբեր ժամանակներում աշխարհի շատ տիրակալներ քաղաքական ըմբոստ մտքերի պատճառով բազում տաղանդավոր ստեղծագործողների մեկուսացրել են բանտերում։ Հայկական իրականությունում էլ նման դեպքերի պակաս չի զգացվում՝ Վահրամ Ալազան, Չարենց, Լեռ Կամսար… Այս առումով հատկապես հայտնի են իտալացի քաղբանտարկյալները՝ գրող, պատմաբան, փիլիսոփա, մարդասեր, քաղաքական գործիչ Նիկոլո Մաքիավելի, ինժեներ, տնտեսագետ, սոցիոլոգ Վիլֆրեդո Պարետո, գրականության տեսաբան, պատմաբան, քննադատ Բենեդետտո Կրոչե եւ այլն։

Օրերս էլ «ԱՐԻ գրականության հիմնադրամի» հրատարակությամբ առաջին անգամ լույս է տեսել իտալացի մարքսիստ, փիլիսոփա, լրագրող, լեզվաբան, գրող ու քաղաքական գործիչ Անտոնիո Գրամշիի «Բանտային տետրերը» էսսեների ժողովածուն։ Գրամշին բանտարկվել է իտալական ֆաշիստական ռեժիմի կողմից՝ 1926թ. եւ մահկանացուն կնքել է բանտում, 1937թ.։ Այս գործիչն առավել հայտնի է մշակութային հեգեմոնիայի իր տեսությամբ, որը նկարագրում է, թե ինչպես են պետությունն ու իշխող կապիտալիստական դասը՝ բուրժուազիան, օգտագործում մշակութային ինստիտուտները իշխանությունը պահպանելու համար։

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ «ԱՐԻ գրականության հիմնադրամի» եւ «ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր տնօրեն, գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանն ասաց, որ Անտոնիո Գրամշիի «Բանտային տետրերը» «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի» հերթական գիրքն է։

«Անազատության տարիների ընթացքում Գրամշին գրել է ավելի քան 30 տետր՝ 3000 էջ պատմություն եւ վերլուծություն։ Թեեւ դրանք համակարգված կերպով չեն գրվել, այնուամենայնիվ, «Բանտային տետրերը» համարվում է խիստ ինքնատիպ ներդրում 20-րդ դարի քաղաքական տեսության մեջ։ Նրա նոթատետրերն ընդգրկում են թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Իտալիայի պատմություն եւ իտալական ազգայնականություն, ֆրանսիական հեղափոխություն, ֆաշիզմ, քաղաքացիական հասարակություն, բանահյուսություն, կրոն, մշակույթ եւ այլն։ Հետաքրքիր է իմանալ, որ 1930-ականներին նոթատետրերն անօրինական ճանապարհով դուրս են բերվել բանտից, իսկ առաջին հրատարակությունը եղել է 1947թ., մեկ-երկու ամիս այն արժանացել է Վիարեջիոյի մրցանակի։ Հետմահու այս մրցանակից մեկ-երկու ամիս անց էլ Իտալիայի Հիմնադիր ժողովի կողմից բացվել է հուշահամալիր։ «Տետրերի» առաջին օտարալեզու թարգմանությունը՝ անգլերեն, տպագրվել է 1970թ.»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Հավելեց նաեւ, թե գրքի հայերեն տարբերակում տեղ է գտել օրիգինալից ընտրված ընդամենը մի քանի գլուխ՝ Մտավորականներ, Կրթություն, Արդի տիրակալը, Պետություն, Քաղհասարակություն եւ Փիլիսոփայության ուսումնասիրություն։ Հետաքրքրությանը՝ պատահակա՞ն էր ձեր անդրադարձն այդ գրքին այս օրերին, երբ, ինչպես հայտնի պիեսի վերնագիրն է՝ «Աշխարհն, այո, շուռ է եկել», մեր զրուցակիցը պատասխանեց. «Ընտրությունը կատարվել է վերոնշյալ մատենաշարի խորհրդատվական հանձնախմբի կողմից՝ որպես 20-րդ դարի փիլիսոփայական մտքի կարեւոր գործոններից մեկը։ Վերջին ժամանակներում մարքսիստական գաղափարներն ամենաքննարկվող թեմաներից մեկն է աշխարհում։ Իսկ իմ անձնական կարծիքը հետեւյալն է. մեր ժամանակներում մեծացել է անդունդը աշխարհում իշխող դասակարգերի եւ ժողովուրդների միջեւ, հետեւաբար մարքսիզմի գաղափարները նորից ակտուալ են։ Պետք է նշեմ, որ հայերեն տարբերակում ներառված մի քանի գլուխները հետաքրքրում են ընթերցողներին»։

Իսկ թե ընթերցողների թվում նկատի ունի նաեւ մեր կառավարիչների՞ն, Արեւիկ Աշխարոյանն ընդամենն ասաց, որ մեկ շաբաթ է՝ ինչ գիրքը հասու է ընթերցողին ու հավաստիացրեց. «Մեծ է ուշադրությունը հատկապես երիտասարդների կողմից։ Ընդ որում, մինչ հրատարակումը մեր կայքում՝ www.ariliterature.org, տեղեկատվություն էինք տարածել, որ տպագրության է պատրաստվում Գրամշիի «Բանտային տետրերը»։ Դրանից հետո անընդհատ նամակներ էինք ստանում, թե երբ է գիրքը պատրաստ լինելու։ Կուզեի անպայման նշել թարգմանչի՝ իտալաբնակ Աննա Բլուրցյանի իրականացրած բարդ աշխատանքի մասին։ Թարգմանչուհին իր գործունեության ընթացքում կենտրոնացել է դասական հետազոտությունների ոլորտի վրա, ուսումնասիրել դասական հռոմեական պոեզիայի եւ ողբերգության հոգեբանական ասպեկտները՝ Մեծ Բրիտանիայի Էքսեթերի համալսարանում ստանալով դոկտորի կոչում»։

Օրերս Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության տեղեկացմամբ՝ համայնքային գրադարանները համալրվել են հայաստանյան 5 հրատարակչությունների տպագրած 482 անուն՝ 12632 կտոր նոր գրականությամբ։ Հետաքրքրվեցինք՝ «Բանտային տետրերը» կա՞ այդ ցանկում։ Գրական գործակալի պատասխանը հետեւյալն էր. «Մեր հրատարակչությունը չի մասնակցում այդ գործընթացին։ Մեր գրքերը ձեռք են բերվում գրադարանների կողմից։ Սակայն գիտենք, որ այդ գործընթացներում կան թերություններ. եթե մարզային գրադարանները ի վիճակի են ձեռք բերել որոշակի քանակությամբ գրքեր, ապա համայնքայինները հիմնականում շատ ավելի նվազ քանակի են ձեռք բերում։ Վերջերս եղանք մարզերում՝ «Նկարազարդ գրքեր. ՏԱՐԲԵՐ պատմություններ» ծրագրով, այցելեցինք մի քանի մարզային ու համայնքային գրադարաններ։ Տեսարանը շատ տարբեր էր, անհամաչափ՝ կախված կոնկրետ գրադարանի ղեկավարից։ Մեր երկրում շատ բան է կախված անձերից, պարզ պատճառով՝ չկա գործող համակարգ»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31