Լրահոս
Օրվա լրահոսը

Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոնն իրադարձություն էր

Հուլիս 12,2023 13:00

Հայաստանի Կոմպոզիտորների միությունը Արարատյան Հայրապետական Թեմի գործընկությամբ՝ վերջերս կազմակերպել էին Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոն։ Փառատոնի մեկնարկը տրվել է ապրիլի 28-ին, Կոմպոզիտորների միության համերգասրահում։

Փառատոնի բացումը տրվեց Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եւ աղոթքով, որից հետո Հովհաննես սարկավագ Ներսեսյանը լսարանին ներկայացրեց Կարա-Մուրզայի քառաձայն պատարագի մեկնությունը, այնուհետեւ ներածական խոսքով հանդես եկավ երաժշտագետ Նարինե Ավետիսյանը, որը փառատոնի ընթացքում ներկայացրեց Կարա-Մուրզայի կենսագրության եւ ժառանգության վերաբերյալ կարեւոր փաստեր։


Փառատոնի մեկնարկային փուլը իրենց ներկայությամբ պատվեցին Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, կոմպոզիտորներ Ավետիս Բերբերյանը, Ստեփան Բաբաթորոսյանը։

Համերգաշրջանի այս փուլին մասնակցում էին «Աննա Մայիլյան» վոկալ տրիոն, դաշնակահար Էլեն Կիրակոսյանը, Երեւանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի երգչախումբը (խմբավար՝ Գրիգոր Հարությունյան), Երեւանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան) եւ Երեւանի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի երգչախումբը (խմբավար՝ Հասմիկ Ամատունի-Թորգոմյան)։

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը հնչեցին Քրիստափոր Կարա-Մուրզայի, Ա. Բաբաջանյանի, Է. Հովհաննիսյանի, Ռ. Պետրոսյանի, Ս. Լուսիկյանի, Թ. Ալթունյանի, Ա. Սաթյանի, Ռ. Ամիրխանյանի, Մ. Մավիսակալյանի, Ս. Շաքարյանի, Գ. Հարությունյանի խմբերգային ստեղծագործություններն ու մշակումները։

Համերգի մեկնարկային օրը արդյունավետ էր Կարա-Մուրզայի անձի եւ գործունեության հանրայնացման, ինչպես նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցման առումներով։

Փառատոնը եռափուլ համերգաշար է, որի երկրորդ փուլը կայացավ մայիսի 18-ին, կրկին Հայաստանի Կոմպոզիտորների միության համերգասրահում։ Այս անգամ եւս համերգը հանդիսապետում էր Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

Համերգին ներկա էր կոմպոզիտորների եւ արվեստագետների նույն հանձնախումբը, որին միացել էին նաեւ Հայաստանի Երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը եւ բանաստեղծ Լեւոն Բլբուլյանը։

Փառատոնի երկրորդ փուլի համերգին մասնակցում էին բացառապես Երեւանի հանրակրթական դպրոցների երգչախմբերը. Լեւոն Շանթի անվան N 4 դպրոցի (խմբավար՝ Գայանե Բարսեղյան), «Վարդանանց ասպետներ» N 106 հիմնական դպրոցի (խմբավար՝ Ներսես Մարգարյան), Գալինա Ստարովոյտովայի անվան N177 հիմնական դպրոցի (խմբավար՝ Գայանե Սարգսյան), Հենրիկ Խաչատրյանի անվան N199 հիմնական դպրոցի (խմբավար՝ Լիաննա Գեւորգյան), Լեոնիդ Ազգալդյանի անվան N 200 դպրոցի (խմբավար՝ Անի Եղիազարյան), Երեւանի N156 դպրոցի (խմբավար Շուշանիկ Վասակյան)։

Համերգի ընթացքում հնչեցին Քրիստափոր Կարա-Մուրզայի, Կոմիտաս վարդապետի, Կ. Օրբելյանի, Է. Միհրանյանի, Մ. Վարդազարյանի, Ս. Լուսիկյանի, Ռ. Պետրոսյանի, Մ. Մավիսակալյանի եւ Ժ. Բլբուլյանի ստեղծագործությունները։

Փառատոնի երրորդ փուլը կայացավ Երեւանի Առնո Բաբաջանյան համերգասրահում, վերջերս, որը մեկնարկեց Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խոսքով եւ աղոթքով, փառատոնի եզրափակիչ փուլը իրենց ներկայությամբ պատվեցին նաեւ Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ Երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, կոմպոզիտորներ Կոստանտին Պետրոսյանը, Ավետիս Բերբերյանը եւ այլք։

Փառատոնի նպատակն է հանրայնացնել հայ խմբերգային արվեստի նախահայր Քրիստափոր Կարա-Մուրզայի թողած հսկայական ժառանգությունը, տարածել հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաեւ մանկական երգչախմբերի մեջ սեր արթնացնել դեպի հայ խմբերգային արվեստը։

Փառատոնի կազմակերպումը համարում ենք արդյունավետ եւ նպատակային։ Փառատոնը մի քայլ է՝ ուղղված երգչախմբերի համախմբմանը, արվեստի, երաժշտական եւ հանրակրթական դպրոցների համագործակցությանը՝ ի շահ հայ երաժշտական արվեստի եւ հայկական մշակույթի։

Գրիգոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31