Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը Ֆրանսիայից լուրջ վտանգ է զգում

Հուլիս 12,2023 12:00

Մոսկվան ու Բաքուն սինքրոն հանդես են գալիս ընդդեմ Մակրոնի

Ֆրանսիայի կողմից եւ անձնապես նախագահ Մակրոնի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ բարեկամական վերաբերմունքը դարձել է Ֆրանսիայի արտաքին քաղաքականության թիվ մեկ մարտահրավերը:

Թվում էր, թե 44-օրյա պատերազմում հաղթանակած երկրի ղեկավարը, որն ամենշաբաթյա ռեժիմով հիշեցնում է իր երկրի հզորության, ռազմական հնարավորությունների մասին` չմոռանալով անընդմեջ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին, չպետք է առանձնապես անհանգստանար բարեկամական Ֆրանսիայի գործողություններով: Բայց ոչ, Մակրոնի վարած քաղաքականությունն Ալիեւին նյարդայնացնում է այն աստիճան, որ Բաքվից դիվանագիտության լեքսիկոնի սահմաններն են անգամ անցնում:

Անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստում խոսեց Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով հումանիտար խորացող ճգնաժամի, ԼՂ-ում էթնիկ զտման ադրբեջանական այդ քաղաքականության մասին եւ անսպասելիորեն մատնանշեց Ադրբեջանի կողմից Ֆրանսիայի նկատմամբ ամիսներ շարունակ իրականացվող լայնածավալ հակաքարոզչությունը: Ֆրանսիան միակ երկիրն է, որտեղից թե պաշտոնական, թե հանրային հարթակներում հնչում են հասցեական գնահատականներ: «Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունն այլ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամին հասցեական հնարավոր գնահատականները կանխելն է: Հայաստանն իր հերթին շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային՝ պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի ու ավելի շատ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան՝ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ», ասաց Փաշինյանը, նաեւ ընդգծելով. «Այս ողջ իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի շարունակական դիվանագիտական աշխատանքը: Որքան էլ ծանր լինի թե բարոյապես, թե քաղաքական, թե էմոցիոնալ առումով՝ մենք որեւէ պարագայում ինքնատիրապետումը չպետք է կորցնենք»:

Ադրբեջանում բանը հասավ նրան, որ օրերս առաջարկեցին Ֆրանսիան ներառել Ադրբեջանի ռազմական դոկտրինում՝ որպես «սպառնալիք ներկայացնող երկիր»։ Ադրբեջանի խորհրդարանում այս նախաձեռնությամբ էր հանդես եկել պատգամավոր Էլշադ Միրբաշիրը։

Երկու շաբաթ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հարկ համարեց անգամ հատուկ անդրադարձ կատարել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը արված աղմկահարույց հայտարարություններին:

Ահա Ադրբեջանի ԱԳՆ-ն Մակրոնի հայտարարություններն անընդունելի որակեց, իսկ Ֆրանսիայի նախագահին` «Հայաստանին միակողմանիորեն սատարող» անվանեց: Բաքուն նաեւ արձանագրում էր, թե Մակրոնը «բազմիցս հանդես է եկել հակաադրբեջանական հայտարարություններով թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ հետկոնֆլիկտային շրջանում», սակայն «չի կարողացել հասնել իր նպատակներին պատերազմական եւ հետպատերազմյան շրջանում», քանի որ, ըստ ԱԳՆ-ի` նախագահ Ալիեւը «մշտապես պաշտպանել է Ադրբեջանի ազգային շահերը` միջազգային իրավունքի եւ սկզբունքների հիման վրա»:

Ավելին, պաշտոնական Բաքուն ուշագրավ ակնարկ արեց, որից կարելի էր ենթադրել, որ Մակրոնը խոչընդոտում է Երեւան-Բաքու համաձայնությունների կայացմանը: «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման եւ Ղարաբաղի տարածաշրջանը որպես Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելու ֆոնին նախագահ Մակրոնի նման կողմնակալ հայտարարությունները ոչ միայն խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության եւ հանգստության հաստատմանը, այլեւ նպաստում են անջատողականությունը եւ ահաբեկչությունը խրախուսողների եւ աջակցողների ապակառուցողական գործունեության հետագա ընդլայնմանը», ասվում էր Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած մամլո հաղորդագրության մեջ։

Կարելի է ենթադրել, թե ինչու Բաքվից այս հայտարարությունից հետո Փաշինյանը կառավարության նիստում որոշեց իր ելույթի մի հատված նվիրել Ֆրանսիայի քաղաքականության պաշտպանությանը, այլապես տպավորություն կստեղծվեր, որ Մակրոնը Հայաստանի ու Արցախի պաշտպանությամբ ավելի մտահոգ է, քան ինքը` Փաշինյանը, եւ ի տարբերություն Փաշինյանի, Մակրոնը ադրբեջանական պահանջները չի ընդունում:

Ադրբեջանական լրատվականները նաեւ հաղորդեցին, որ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոն կանչվել է երկրի ԱԳՆ՝ Մարսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների պատճառով, նաեւ հաղորդում էին, թե դեսպանը հայտնել է, որ որեւէ տեղեկություն չունի այդ հարցի վերաբերյալ։

Ադրբեջանում այնքան էին կենտրոնացել Փարիզի ուղղությամբ, որ անգամ բաց չթողեցին վերջերս Ֆրանսիայում անկարգությունների թեման: Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները դիմել էին միջազգային կազմակերպություններին` Ֆրանսիայի իրադարձությունների կապակցությամբ: Ահա, այս հայտարարությամբ Միլի Մեջլիսի ներկայացուցիչները «խորը վրդովմունք եւ մտահոգություն էին հայտնել» Փարիզի արվարձաններից մեկում ոստիկանի կողմից 17-ամյա ալժիրցի տաքսու վարորդի սպանության կապակցությամբ: Միլլի Մեջլիսի ղեկավարը եւ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները «խստորեն դատապարտել էին» բռնությունը եւ ափսոսանք հայտնել «Ֆրանսիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների եւ անվտանգության նկատմամբ անտարբերության» փաստով…

Սա դեռ ամենը չէր: Ադրբեջանական լրատվականները արտատպեցին իսրայելական «Israel National News» պարբերականի մի հոդված, որում դժգոհություն էր արտահայտվում. «Ֆրանսիայի նախագահը, ուշադրություն չդարձնելով Փարիզի անկարգություններին, կենտրոնացած է այլ բանի վրա՝ Հարավային Կովկասի ռազմավարական կարեւոր տարածաշրջանում հակամարտություն հրահրելու վրա, որը Եվրամիության եւ Իսրայելի էներգետիկ ռեսուրսների աղբյուրներից մեկն է հանդիսանում»: Այս հոդվածում անգամ նշվում էր, թե` «ֆրանսիացիների աջակցությամբ Ղարաբաղի անջատողականները հակված են սադրանքների…», իսկ նման զարգացումը, ըստ նույն հրապարակման` «կլինի Իրանի օգտին, քանի որ այսօր տարածաշրջանում Իսրայելի գլխավոր դաշնակից Ադրբեջանը դարձել է Թեհրանի աչքի փուշը»։

Զարմանալիորեն, Ադրբեջանից ընդդեմ Ֆրանսիայի քննադատական ալիքին անցած օրերին միացավ նաեւ պաշտոնական Մոսկվան: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անցյալ շաբաթ կայացած մամլո ասուլիսում մեկնաբանել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները հայ համայնքի հետ հանդիպմանը, թե ինքն ավելի շատ ճնշում է գործադրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա, քան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Զախարովան, մասնավորապես, նշել էր. «Մենք չենք զարմանում Մակրոնի պաթոսի վրա. գործընթաց կա, իսկ արդյունք չկա, որովհետեւ ոչ ոք այդ արդյունքները չի տեսել, ու՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում։ Ֆրանսիան չի կարող դրական ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրների լուծման հարցում»։

Փաստորեն, ըստ ՌԴ ԱԳՆ-ի` «Ֆրանսիան վարկաբեկել է իրեն որպես միջնորդ» հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ Փարիզի ցուցադրական քայլերը ոչ թե կողմերին օգնելու համար են, այլ` «Ռուսաստանին կարգավորման գործընթացից դուրս մղելու համար»: Զախարովայի խոսքում ակնհայտ հեգնանք նկատվեց, երբ նա ափսոսանք հայտնեց, որ Մակրոնը ոչինչ չի խոսել «այդքան արդյունավետ աշխատանքի գործնական արդյունքների» մասին: «Հնարավոր է, չի ասել, որովհետեւ այդ արդյունքները ոչ մեկը երբեւէ չի տեսել»,- ասել էր Զախարովան՝ հավելով, որ դա վերաբերում է նաեւ Մակրոնի այլ քայլերին եւս:

Սակայն ամենազարմանալին այն է, թե ինչպես է Մոսկվան շարունակում հետեւողականորեն մեղադրել Արեւմուտքին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն արգելափակելու մեջ: Մի ձեւաչափ, որը Մոսկվա-Բաքու-Անկարա ձեւաչափի գործունեության արդյունքում արդեն վաղուց չէր աշխատում` դեռ մինչեւ Ուկրաինայում պատերազմի մեկնարկն ու Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում աննախադեպ սրացումը:

Իսկ այն, որ Զախարովան Փարիզին քննադատեց Ադրբեջանի նկատմամբ իրականացրած որոշ հարցերում, սա թերեւս, արդեն փաստում է Մոսկվայի կողմից Ադրբեջանի նկատմամբ խիստ որոշակի վերաբերմունքի մասին: Ահա, Զախարովան նշել էր, թե Մոսկվան վաղուց պատրանքներ չունի Լեռնային Ղարաբաղի բարդ խնդրում ներդրում ունենալու Ֆրանսիայի կարողությունների վերաբերյալ, ու հավելել էր. «Աշխատանքի սաբոտաժը, իսկ ըստ էության, 2022թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի, այդ թվում Փարիզի ջանքերի տապալումը, անցյալ տարվա աշնանը Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի կողմից ընդունված բանաձեւերը «Ադրբեջանի ագրեսիայի» վերաբերյալ եւ պահանջները պատժամիջոցներ սահմանել այդ երկրի եւ նրա պաշտոնատար անձանց դեմ, Փարիզի նախաձեռնած որոշումը Հայաստանում կասկածելի մանդատով քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ՝ առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու, այս ամենը բացահայտ օրինակներ են այս տարածաշրջանային հակամարտության մեջ ֆրանսիական օրակարգի»: Այս քայլերն, ըստ Զախարովայի, ոչ միայն դրական չեն անդրադարձել բանակցային գործընթացի վրա, այլեւ ընդհակառակը՝ վարկաբեկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում Ֆրանսիայի դերը որպես միջնորդ. «Բայց ինքնափիարը ոչ մեկը չի չեղարկել: Հնարավոր է, դա միակ բանն է, ինչ նրանց մոտ մնացել է»:

Ինչեւէ, Ադրբեջանի եւ ՌԴ-ի ջղաձիգ պահվածքը Ֆրանսիայի նկատմամբ հուշում է, թե որը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթ ուղղություններից մեկը: ԵՄ-ի առաջատար, միջուկային այս պետության աջակցությամբ Հայաստանը կարող է եւ պետք է ամրապնդվի բոլոր առումներով` անվտանգային ու պաշտպանականից սկսած, մինչեւ քաղաքական-տնտեսական համագործակցությունը:

Այլ հարց է, թե Փաշինյանի «խաղաղության օրակարգին» դա, իսկապես, որքանով է խոչընդոտում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 11.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31