Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ուլտրաձայնն ու կենսաքայքայվող իմպլանտները նոր դռներ են բացում գլխուղեղի քաղցկեղի արդյունավետ բուժման համար

Հուլիս 12,2023 09:30

Գիտնականները մշակել են կենսաքայքայվող իմպլանտ, որի օգնությամբ քիմիաթերապևտիկ դեղամիջոցները ներթափանցում են գլխուղեղի արյունաուղեղային (հեմատոէնցեֆալիկ) պատնեշի միջով և ուղիղ ազդեցություն գործում գլխուղեղի ուռուցքների վրա։ 

Սա վերջին ձեռքբերումն է քաղցկեղի և այլ հիվանդությունների դեմ պայքարում ուլտրաձայնի կիրառության ոլորտում․ բարձր հաճախականության ձայնային ալիքների, որոնք անտեսանելի և անլսելի են մարդու համար։

Խնդիրը, որը փորձում են լուծել հետազոտողները, արյունաուղեղային պատնեշն է՝ արյունատար անոթների գրեթե անթափանց թաղանթը, որը խոչընդոտում է վնասակար մոլեկուլների ներթափանցումն արյունից գլխուղեղ։ Վնասակար մոլեկուլներից բացի այդ թաղանթը կարող է արգելափակել նաև քիմիաթերապևտիկ դեղամիջոցների ներթափանցումը քաղցկեղի բջիջների մեջ։ 

Հետազոտության շրջանակներում գիտնականները մեկ քառակուսի սանտիմետր մակերեսով սարքավորում են տեղադրել մկների գանգի մեջ՝ անմիջապես ուռուցքի ետևում և պարզել, որ իմպլանտները, ուլտրաձայնային ալիքներ առաջացնելով, թուլացնում են հեմատոէնցեֆալիկ պատնեշը՝ թույլ տալով դեղամիջոցներին հասնել ուռուցքին։ Ձայնային ալիքները չեն վնասում առողջ հյուսվածքները։ 

Դեղամիջոցը ներարկվում է օրգանիզմ և միաժամանակ միացվում է ուլտրաձայնը, և դեղորայքն անմիջապես հայտնվում է ուռուցքի տարածքում։ Հետազոտությունում օգտագործվել է  Պակլիտաքսել դեղորայքը, որը սովորաբար դժվարությամբ է հաղթահարում արյունաուղեղային պատնեշը։ Հետազոտության արդյունքում ուռուցքները փոքրացել են, իսկ մկների կյանքի տևողությունը կրկնապատկվել է ի տարբերություն չբուժված մկների։ 6 ամիս անց մկների առողջությունը բացասական հետևանքներ չի կրել։ 

Հեմատոէնցեֆալիկ պատնեշի հաղթահարումը

Կենսաքայքայվող իմպլանտանտը պատրաստված է գլիցին ամինաթթվից, որը, լինելով ուժեղ պիեզոէլեկտրիկ, թրթռում է՝ էլեկտրական հոսանքի ազդեցությանը ենթարկվելով։ Իմպլանտի վրա լարվածությունը փոխանցվում է արտաքին սարքավորման միջոցով, և արդյունքում առաջացող ուլտրաձայնի շնորհիվ արյունաուղեղային պատնեշի սերտորեն կապված բջիջները թրթռում են՝ ձգվելով և տարածություն առաջացնելով, ինչը թույլ է տալիս շատ մանր մասնիկների, այդ թվում և դեղամիջոցների ներթափանցումը այդ բջիջների միջով։

Գլիցինային նոր իմպլանտը ճկուն է, կայուն և խիստ պիեզոէլեկտրիկ, այն կարելի է ներմուծել գլխուղեղի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո՝ քաղցկեղի մնացած բջիջների բուժումը շարունակելու համար։ Իմպլանտն անվնաս է օրգանիզմի համար և ժամանակի ընթացքում քայքայվում է, իսկ բժիշկները կարող են վերահսկել դրա ծառայության ժամկետը։

Ուլտրաձայնի հնարավորությունները

Կենտրոնացված ուլտրաձայնի հնարավորություններն այսօր լայնորեն ուսումնասիրվում են առողջապահության ոլորտի մասնագետների կողմից։ Նմանատիպ  նախորդ կլինիկական հետազոտության մեջ օգտագործվել էր չկենսաքայքայվող իմպլանտ։ 

«Դա նման է խոշորացույցի օգտագործման, որը թույլ է տալիս արևի մի քանի ճառագայթներ կենտրոնացնել որևէ կետի վրա և այրել թուղթը»,- ասել է Կենտրոնացված ուլտրաձայնի ֆոնդի հիմնադիր, բ․գ․թ․ Նիլ Կասելը։ Նրա խոսքով՝ այդ մոտեցումը խնայում է հարակից նորմալ հյուսվածքները։ 

Ներկայումս բժիշկները հայտնաբերել են հյուսվածքների և ուլտրաձայնի փոխազդեցության ավելի քան 30 միջոց՝ ոչ նորմալ հյուսվածքի քայքայումից մինչև դեղամիջոցների արդյունավետ փոխանցում և իմունային պատասխանի խթանում։ 10 տարի առաջ հայտնի էր միայն 5 այդպիսի փոխազդեցության մասին։ 

Դա նոր հնարավորություններ է ստեղծում «առողջական խանգալումների լայն սպեկտրի» բուժման համար, ինչպիսիք են նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, օրինակ՝ Ալցհայմերի ու Պարկինսոնի հիվանդությունը, շագանակագեղձի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վատ բուժվող տեսակները։  

Կասելն առաջարկում է օգտագործել կենտրոնացված ուլտրաձայնը գլխուղեղի ուռուցքների բուժման համար որպես այլընտրանք կամ լրացում վիրահատական միջամտությանը, քիմիաթերապիային, իմունոթերապիային կամ ճառագայթային թերապիային։ 

 Բ.գ.թ., Կոնեկտիկուտի համալսարանի մեխանիկական ճարտարագիտության դոցենտ Թան Նգուեն, որը հիշյալ հետազոտության հեղինակն է, շարունակում է իր ուսումնասիրություններն այդ ոլորտում՝ հաջորդիվ պլանավորելով ստուգել իմպլանտների արդյունավետությունն ու անվտանգությունը խոզերի շրջանում։ 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31