Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր չէ կառուցել «հպարտ քաղաքացու տաճար»

Հուլիս 12,2023 14:30

Գուցե կարիք կա վերաիմաստավորելու գոյություն ունեցող տաճարները

Հանրահայտ է, որ հրեաների ազգայնական հոսանքի՝ սիոնիզմի հիմքում կրոնական միֆն է (միֆն այստեղ գնահատողական երանգ չի պարունակում՝ դա պարզապես պատում է, որի «ճիշտ» կամ «սխալ» լինելը կարեւոր չէ): Ինքն՝ անունն, ուղղակիորեն առնչվում է իրենց հոգեւոր տեքստերում բազմիցս հիշատակվող Սիոն սրբազան լեռան հետ: Ըստ այդ միֆի՝ Ք.հ. 70-ական թվականներին հռոմեացիները քանդել էին Երկրորդ տաճարը եւ արտաքսել էին հրեաների մեծ մասին: Ամեն տարի «պեսախ» տոնի ժամանակ հրեաները, որտեղ էլ նրանք գտնվեն, ուխտ են անում՝ մյուս տարի հանդիպել Յերուսաղեմում, իսկ հարսանիքի ժամանակ փեսացուն երդվում է՝ «Եթե քեզ մոռանամ, ո՜վ Յերուսաղեմ, թող աջ ձեռքս կտրվի»: Այդ բառերը վերցված են Դավթի սաղմոսներից (137:5): Սիոնիզմը, այդպիսով, այդ ժողովրդի պետականաշինության եւ ազգաշինության հիմնական տարրն է: Ինչպես 1930-ականներին գրում էր մեր նշանավոր ազգայնական մտածող Հայկ Ասատրյանը՝ «Հրեության հզորության գաղտնիքը նրանում է, որ ամեն հրեայի սրտի անկյունում կենդանիորեն տրոփում է Մովսեսը»:

19-րդ դարի վերջում հրեական ծագում ունեցող ավստրիացի լրագրող Թեոդոր Հերցլը նախագծել էր ապագա հրեական պետության կառուցման հիմնական ուղղությունները: Հատկանշական է, որ Պաղեստինը վերաբնակեցնելու իր ծրագրերում Հերցլը շեշտում է կրոնական բաղադրիչը. «Ամեն մի խմբում անպայման պետք է լինի ռաբբի, որի շուրջը եւ պետք է հավաքվեն վերաբնակեցման ցանկություն ունեցող մարդիկ… թող ռաբբին ժամերգության ժամանակ ծանոթացնի իր հոտը մեր գործի նպատակների հետ, եւ թող մեր հայրերի հավատը նորից միավորի մեզ»:

Հայ ազգայնականները խուսափում էին որպես գաղափարախոսության հիմք ընդունել ավանդական քրիստոնեական կրոնական բաղադրիչը: Գարեգին Նժդեհը մեր ազգը համարում էր «զոհը քրիստոնեական բարոյականության, որ շարունակում է մնալ որպես ներկ եւ շպար, որպես քող ու դիմակ ուժեղների հոգու համար»: Սուր հակադրության մեջ չմտնելով քրիստոնեության հետ՝ նա որպես կրոն հռչակում էր ցեղի պաշտամունքը, եւ այդ պատճառով նրա հիմնած շարժումը կոչվում է «ցեղակրոն»: Այդ մոտեցումներով է պայմանավորված քրիստոնեական միֆերից դուրս գտնվող կերպարների որոնումը: Նժդեհը, մասնավորապես, նշում էր հեթանոսական շրջանի դիցաբանություն նշանակությունը: Վահագնն է, ըստ նրա, «Աստվածը հին արիական հայության: Մի նոր սուրբ գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ ավետարանը արիների… Վահագնի համար տաճարներ պիտի բարձրանան ամեն տեղ, ուր կապրի հայը»: Այդպիսի տաճարներ, սակայն, զանգվածաբար չկառուցվեցին եւ, համենայնդեպս, համախմբող նշանակություն չունեցան:

Եթե ընդունենք, որ ազգաշինության եւ պետականաշինության համար անհրաժեշտ է որեւէ միֆ, պատում (նարատիվ), ապա ո՞րն է ներկա իշխանության համար նման ելակետը: Հավանաբար, «պաշտոնապես» այդպիսին կարելի է համարել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, «հպարտ քաղաքացու» կերտումը: Այդ նարատիվին այսօրվա իշխանությունները հավատում են ճիշտ նույնքան, որքան ՀՀԿ-ականները հավատում էին ցեղակրոնությանը: Բայց խնդիրը ոչ միայն չհավատալն է, անկեղծ չլինելը, եւ իրականության մեջ՝ ճիշտ հակառակ ուղղությումբ գործելը: Խնդիրն այն է, որ այդ, անշուշտ, կարեւոր արժեքները չեն կարող ազգի համար համախմբող դեր խաղաղ: Հնարավոր չէ կառուցել «հպարտ քաղաքացու տաճարներ», որոնց «քահանաներն» ասելու են, որ հայ ժողովրդի պատմությունը սկսվել է 2018 թվականին, եւ որտեղ ամբողջ աշխարհում ապրող միլիոնավոր հայեր կհավաքվեն ամեն կիրակի:

Մանավանդ, որ այդպիսի տաճարներ արդեն իսկ կան աշխարհով մեկ: Փչացնել հարաբերությունները Հայ առաքելական եկեղեցու հետ, իհարկե (փորձեմ մեղմ բնորոշում գտնել), անհեռատեսության դրսեւորում էր: Բայց եւ ինքը՝ եկեղեցին, Սբ. Էջմիածինը եւ Անթիլիասը պետք է մտածեն իրենց դերակատարությունը վերաիմաստավորելու մասին: Ինչպես՝ առանձին խոսակցության առարկա է:

Սիոնիզմի նմանությամբ՝ որոշ հայ հետազոտողներ առաջարկում էին «արարատիզմ» եզրը: Գուցե դա՞ է Մասիս սարի վրա հարձակվելու պատճառներից մեկը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Վերջապես խոսվեց մեր ազգային հիմնախնդրի խորքի մասին: Այո, շատ կարևոր է թե ազգին համախմբող և առաջ տանող ինչ «կրոն» կընտրվի: 100 տարի առաջ Նժդեհը գտավ հայերին հզորացնող այդպիսի մի հավատք՝ ցեղակրոնությունը, որը հայ հայրենասերների որոշ մասին հոգեհարազատ դարձավ և դրա շնորհիվ զինված ոչ մեծաքանակ ցեղակրոնականները կարողացան կռվել թշնամու կանոնավոր զորամիավորումների դեմ և պաշտպանել ու պահպանել Հայաստանի համար կենսական մեծ նշանակություն ունեցող Սյունիքը՝ Լեռնահայաստանը:
    Այսօր ևս ազգին համախմբող մի այդպիսի «կրոն» է պետք կիրառել: Իհարկե, դա չի կարող լինել անդեմ «հպարտ քաղաքացու տաճարը», որն իրականում կարճ խուզած մորուքով եսակենտրոն ՔՊ-ական ջահելն է կամ էլ ճարտար խոսող բայց իրենց գործից հեռու դեսպանուհին, դատախազուհին, նախարարուհին կամ ՄԻՊ-ուհին՝ անհավատության և նիկոլապաշտության իրենց գաղափարախոսությամբ:
    Խորհուրդ եմ տալիս ընթերցել (կամ վերընթերցել) Լևոն Շանթի «Հին Աստվածներ» հրաշալի ստեղծագործությունը (grapaharan.org/ Հին_Աստվածներ), որտեղ դրամատիկ կերպով հակադրվում են երիտասարդ աբեղայի երկրպագած հին աստվածների և փորձառու վանահոր կողմից կառուցվելիք իր նոր տաճարի գաղափարախոսությունները:
    Կարծում եմ 1 դար առաջ գրված այս արժեքավոր պիեսից կարելի է արդյունավետ եզրահանգումների գալ՝ թե այսօր մեզ ինչպիսի տաճար է պետք կառուցել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31