Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ Դիասից մինչեւ կերպարվեստի եւ կինոարվեստի երկխոսություն

Հուլիս 11,2023 22:30

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի և «ՄանԲան» տեսողական մշակույթի արխիվի համագործակցությամբ հուլիսի 11–ից Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Սեւ արեւ. Մելամաղձության սառը հմայքը` Լավ Դիասից մինչեւ հայկական արվեստ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրության համադրողը Վիգեն Գալստյաննն է: Բացմանը ներկա էր նաեւ ժամանակակից հեղինակային կինոյի խոշորագույն ներկայացուցիչ Լավ Դիասը:

«Սա բացառիկ ցուցադրություն է, որովհետեւ այս տարի առաջին անգամ միացել ենք «Ոսկե Ծիրան» 20-րդ կինոփառատոնին: Ուրախ ենք, որ փորձում ենք ձեւավորել մի շատ հետաքրքիր դիալոգային միջավայր՝ 2 կարեւոր արվեստի ճյուղերի միջեւ՝ կերպարվեստ եւ կինոարվեստ: Հիշեցնեմ, որ դեռեւս 2021թ այդպիսի մի փորձ ունեցել ենք՝ Փարաջանովի հայտնի ֆիլմերից մեկի շուրջ:

Այսօր երկրորդ անգամ ձեւավորում ենք հետաքրքիր երկխոսություն: Երբ առաջին անգամ Կարեն Ավետիսյանի հետ քննարկեցինք հնարավորությունը Լավ Դիասի ֆիլմերից մեկի վերաբերյալ, միանշանակ էր էր մեկ բան, որ «Մելանխոլիա» ֆիլմն այստեղ ցուցադրվելու է, թե ինչպես է ուղեկցվելու եւ ինչ ցուցադրությամբ, դեռ պարզ չէր: Հաջորդ փուլում արդեն շնորհակալ եմ մեր ցուցադրության հատվածի համադրող Վիգեն Գալստյանին, որ ամեն ինչ գնաց ճիշտ ուղղությամբ:

Կարծում եմ՝ եթե ուշադիր եւ մանրազնին դիտարկենք եւ ֆիլմը, եւ ցուցադրությունը, բավական հարցեր կառաջանան: Սա եւ խնդիրներ, եւ հարցեր առաջադրելու հնարավորություն է՝ ակտուալ թեմայի շուրջ, նաեւ որոշակի լուծումներ գտնելու հնարավորություն»,-ցուցադրության բացմանն ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի խոսքով, այս տարվանից տրվում է մեկնարկը. «Ոսկե Ծիրանի» 7 օրերի ընթացքում յուրաքանչյուր տարի մեկնարկեն տարբեր ցուցահանդեսներ, որոնք հետո տարբեր ժամանակացույցերով կշարունակվեն:

Չափազանց մեծ պատիվ է մեզ համար, որ սկիզբը դրվում է ամենապատվավոր մշակութային հաստատությունում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, կրկնակի հպարտ ենք, որ մեծ արվեստագետի ներկայությամբ է բացումն իրականացվում: Լավ Դիասը բոլոր հնարավոր միջազգային փառատոների գլխավոր մրցանակակիր է, հեղինակային կինոյի վառ ներկայացուցիչներից մեկը»:

Ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանի խոսքով. «Այսօր կարեւոր է խոսել նրա մասին, թե ինչ ունի արվեստն ասելու՝ առերեսելով այն բոլոր կորուստներին, որ ինքներս ենք առերեսվում առօրյայում, ոչ վաղ անցյալում, նաեւ ապագայում, այսինքն կորուստներ, որոնց դեռ սպասում ենք: Դրանք կորուստներ են, որոնք հաճախ դժվար է նույնիսկ պատկերացնել… Իսկ արվեստն այն կարեւորագույն եւ եզակի միջոցն է, որ թույլ է տալիս մեզ պատկերացնել կորուստների մասշտաբը, անդառնալիությունը, բայց նաեւ հնարավորություն տալիս դրանք սգալու…Ինձ համար շատ կարեւոր է այս թեման, որովհետեւ հայ արդի արվեստը, մշակութային ինքնությունը կապված է մելամաղձոտ բաղձանքի հետ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31