Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե′վ Սոնային սպանողը, և′ Արա Մխիթարյանին այսօր կոմայի հասցրածները, և′ Արմեն Աշոտյանին, և′ Գրիգորի Խաչատուրովին կալանավորածները՝ բոլորը լինելու են հայկական Նյուրենբերգի առաջին շարքերում»․ Նաիրա Զոհրաբյան

Հուլիս 11,2023 20:40

«Այստեղ են մարդիկ, որոնք զոհվել են չակերտավոր ժողովրդավարության բրենդը բոլորի աչքը մտցնող այս իշխանության օրոք։ Զոհվել են, քանի որ կամ եղել են այլախոհներ, կամ եղել են պարզապես այս բռնապետության պատահական զոհերը, որի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրել»,- Հյուսիսային պողոտայում իր կողմից նախաձեռնված «Դեմոկրատիայի իրական դեմքը» խորագրով ցուցահանդեսի ժամանակ հայտարարեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նա ասաց, որ ի սկզբանե որոշել էր երեք պաստառ դնել․ «Ամենամեծում մտածում էի գրել ՀՀ քաղաքացի՝ որպես այս ֆեյք դեմոկրատիայի և այս իրական բռնապետության թիվ մեկ զոհը։ Դրա կողքին լինեին դրված Արցախ ու Հայաստան ցուցապաստառները՝ որպես այս բռնապետության զոհերը։ Երկրորդ տարբերակով ամբողջ Հյուսիսային պողոտան պիտի ողողված լիներ հազարավոր նկարներով։

Այստեղ պիտի լինեին բոլոր այն համայնքապետերը, բոլոր այն քաղաքական գործիչները, բոլորը, որոնք այս ռեժիմի բռնապետության զոհերն էին։ Այստեղ առնվազն պիտի լինեին հոկտեմբերի 19-ից հետո զոհված մեր բոլոր տղաների անունները։ Հոկտեմբերի 19-ից հետո զոհված մեր յուրաքանչյուր տղայի արյան պատասխանատուն միանշանակ մեկ մարդ է, որը կայացրեց դատավճիռ շարունակելու արյունալի պատերազմը։ Այստեղ պիտի լինեին այն լրատվամիջոցների անունները, որոնք ենթարկվում են տարատեսակ սահմանափակումների»։

Նաիրա Զոհրաբյանը հերթով ներկայացրեց, թե ովքեր և ում լուսանկարներն է ներկայացրել Հյուսիսային պողոտայում՝ ԵԿՄ Էջմիածնի բաժանմունքի փոխնախագահ, դանակահարությունից մահացած Նվեր Հովհաննիսյանի, հացադուլից մահացած լրագրող, խմբագիր Մհեր Եղիազարյանի, ԵԿՄ մահացած նախագահ Մանվել Գրիգորյանի,  ՊՆ փոխգնդապետ, 2019-ին Վայոց ձորի նախկին մարզպետի և նրա օգնականի կողմից դաժան ծեծի ենթարկված և կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանը, կալանավորված դատավոր Բորիս Բախշիյանի,  Նիկոլ Փաշինյանի կորտեժի կողմից վրաեթրի ենթարկված և մահացած 28-ամյա Սոնա Մնացականյանի, դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի,  կալանավորված, 3-րդ բանակային կորպուսի նախագահ Գրիգորի Խաչատուրովի, կալանավորված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Վանաձորի նախկին քաղաքապետ, կալանավորված Մամիկոն Ասլանյանի  լուսանկարները։

Նաիրա Զոհրաբյանը վստահ է՝ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը․ «Արժանապատիվ քաղաքացին վստահաբար ոտքի է կանգնելու, այս բոլոր մարդիկ և′ Սոնային սպանողը, և′ Արա Մխիթարյանին այսօր կոմայի հասցրածները, և′ Արմեն Աշոտյանին, և′ Գրիգորի Խաչատուրովին կալանավորածները՝ բոլորը լինելու են հայկական Նյուրենբերգի առաջին շարքերում»։

Լրագրողները Նաիրա Զոհրաբյանին հիշեցրին՝ այս ամենով հանդերձ միջազգային կառույցները, ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դեսպանները ժողովրդավարության ոլորտում մեր երկրում առաջընթաց են արձանագրում։ Նա արձագանքեց․ «Այս իշխանությունն ունի աշխարհաքաղաքական տերեր, և դրանք այն կենտրոններն են, որոնք՝ ի դեմս ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների, այսօր պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի բռնապետությունը։ Արևմուտքը պատեհ պահի նաև փուռն է տալու Նիկոլ Փաշինյանին, երբ նա իր առաքելությունը կավարտի։ Արևմուտքը մեծապես թքած ունի Արցախի վրա, նրանք առաջ են մղում այն օրակարգը, ինչը թույլ է տալիս այս իշխանությունը։ Նրանց թիվ մեկ օրակարգը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելն է՝ Արցախի հարցն այս կամ այն կերպ լուծելու միջոցով։ Արևմուտքի համար Նիկոլ Փաշինյանի դեմքով ոսկե պատուհան է բացվել վերջապես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար։ Նիկոլն այն գործիքն է, որի կիրառման արդյունքում Արցախը հանձնվում է Ադրբեջանին։ Երբ Եվրոպական խորհրդարանի՝ իմ գործընկերներին հարցրի՝ ինչո՞ւ հավատարիմ չեք մնում ձեր իսկ ընդունած բանաձևերին, նրանցից մեկը պատասխանեց՝ շատ պարզ, որովհետև Պրահայում Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։ Ուրեմն այլևս Արցախը Ադրբեջանի ներքին խնդիրն է, իսկ մեր քաղաքական կուրսը չի ենթադրում խառնվել այս կամ այն երկրի ներքին հարցերին»։

Անդրադառնալով Վարդան Օսկանյանի առաջարկություններին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Համաձայն եմ՝ հնարավոր է իրավիճակ փոխել, եթե փոխվի բանակցողը»։

Այս ընթացքում մոտեցավ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, և Նաիրա Զոհրաբյանն այս առիթով հիշեց․ «Մենք գտնվում էինք քաղաքական տարբեր ճամբարներում, մարտի 1-ի գործով կալանավորված էր Սուրեն Սուրենյանցը։ Այդ ժամանակ ես մի քաղաքական ուժի մեջ էի, որը կոալիցիա էր կազմել ՀՀԿ-ի հետ։ Ես, Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը ստորագրեցինք Սուրենյանցի խափանման միջոցը փոխելու համար։ Պատկերացնո՞ւմ եք՝ այսօր ՔՊ-ական որևէ պատգամավոր ստորագրի Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար։ Տեղում Նիկոլ Փաշինյանը կկալանավորի այդ պատգամավորին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31