Այսօր Շիրակի մարզխորհրդի հերթական նիստի ժամանակ, որին մարզպետարանի պաշտոնյաներից բացի մասնակցում էին նաև ուժային կառույցների ներկայացուցիչներ, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն անդրադարձ կատարեց Շիրակի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին։
Մակխորհուրդը հենց մեկնարկին նա տեղեկացրեց, որ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։
Ըստ վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության գործընթացի, մարզպետարանի 14 կառուցվածքային ստորաբաժանումները միաձուլվել և անվանափոխվել են, ինչի արդյունքում ստեղծվել են նոր 10 կառուցվածքային ստորաբաժանումներ՝ 7 վարչություններ:
Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքում արդեն իսկ տեղադրված են այդ 7 վարչությունների անվանումները։
Կարդացեք նաև
Դրանցից մեկը քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունն է։
Մարզպետարանի հողօգտագործման և հողաշինության բաժինը միավորվել է քաղաքաշինության վարչությանը։
Առողջապահության և սոցիալական ոլորտի վարչությանը միավորվել է Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը։
Նշենք, որ մարզպետարանում միավորվել են նաև երեք տարբեր բաժիններ՝ անձնակազմի կառավարման, քարտուղարության և տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի։
Միավորման արդյունքում ստեղծվել է երկար անվամբ մի վարչություն, այն է՝ Անձնակազմի կառավարման, փաստաթղթղաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն։
Վարչությունների պետերը մնացել են անփոփոխ, որոշ բաժինների պետեր դարձել են գլխավոր մասնագետներ։ Առաջիկայում կսպասվեն նաև կրճատումներ։
Սակայն, ինչպես իր պաշտոնավարման հարյուր օրվա առիթով հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը․ «Կառուցվածքային փոփոխություններն աշխատանքի որակի բարձրացմանն են միտված։ Իսկ ինչ վերաբերում է կրճատումներին, ինչպես իմ պաշտոնավարման հենց սկզբի օրերին եմ ասել՝ այո՛, լինելու են, բայց այն քանակը, այն մտահոգիչ մասը չի կարող լինել, որովհետև մենք այսօր ունենք նաև թափուր հաստիքներ, որոնք չենք համալրվում և հնարավոր կլինի մեկը մյուսով փակելու։ Իսկ կառուցվածքային փոփոխությունները կլինեն ստորաբաժանումների վերամիավորմամբ»։