Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Նյու Յորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Մեսրոպ քահանա Հովսեփյանի և Չիկագոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Անդրեաս քահանա Կարապետյանի:
Տեր Մեսրոպը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեց ուխտավորաբար Մայր Աթոռ ժամանած հավատացյալներին։
Վեհափառ Հայրապետն իր սերն ու օրհնությունը բերեց ուխտավորներին և իր գնահատանքը փոխանցեց հոգևոր հովիվներին արդյունավետ սպասավորության համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, հատկապես հայրենիքի համար այս ծանր օրերին, ինչը հնարավորություն է ընձեռնում հաղորդ դառնալու Հայաստանում և Արցախում առկա մարտահրավերներին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին իրենց երկրում բարձրաձայնելու Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակի մասին ու հետևողական ջանքեր գործադրելու արցախահայության անվտանգ կյանքի, ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության համար։
Կարդացեք նաև
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև պատգամեց ուխտավորներին աջակից և զորակից լինել իրենց հոգևոր հովիվներին, ճիգ ու ջանք չխնայել ի նպաստ իրենց համայնքների զորացման, երիտասարդ սերնդի մոտ ազգային ինքնության պահպանության։
Վերջում Հայոց Հայրապետը պատասխանեց ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանում և Արցախում առկա մարտահրավերների հաղթահարմանը։
Մայր Աթոռ Ս. Էջմիածին