Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը խիստ անընդունելի է. Արցախի ՄԻՊ

Հուլիս 11,2023 18:05

Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է դիմել ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ ԱՀ դատախազության շենքի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողն իրենից ապօրինաբար խլել է բջջային հեռախոսը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությանը և մինչ բողոք ներկայացնելու պահը, հեռախոսը իրեն չեն վերադարձրել:

Պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հեռախոսը վերադարձվել է Հայկ Ղազարյանին, որը, ստուգելով հեռախոսի պարունակությունը, հայտնել է, որ Ոստիկանության ծառայողը հեռախոսից ջնջել է հավաքի վերաբերյալ կատարված տեսաձայնագրությունները, որոնցում արձանագրված էին նաև նույն օրը ԱՀ դատախազության շենքի դիմացից փաստաբաններին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության ծառայողների գործողությունները: Հարկ է նշել, որ ոստիկանության համապատասխան ծառայողը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին հայտնել է, որ ինքը չի իմացել, որ Հայկ Ղազարյանը լրագրող է, չի տեսել նրա տարբերակիչ նշանը, իսկ այդ մասին իմանալուն պես անմիջապես ցուցում է տվել իր ծառայողների հեռախոսը վերադարձնել տիրոջը։

Հուլիսի 11֊ին ՍիվիլՆեթ լրատվական կայքում հրապարակված «Արցախի ուժային կառույցներին հորդորում ենք չխոչընդոտել ՍիվիլՆեթի թղթակցի աշխատանքը» վերտառությամբ նյութում բարձրաձայնվել է այն մասին, որ հուլիսի 10-ին ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանին հրավիրել են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, որտեղ և սպառնալիքներ են հնչեցրել լրագրողի հասցեին։

Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծում է. լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը խիստ անընդունելի և դատապարտելի է։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից համապատասխան գրություններ կհասցեագրվեն ԱՀ գլխավոր դատախազություն և ԱՀ ներքին գործերի նախարարություն հավաքագրված նյութերի հետ միասին՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31