«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ցավով տեղեկացա աշխարհահռչակ գիտնական, պատմաբան, մեր ժողովրդի արժանի զավակ Ռիչարդ Հովհաննիսյանի մահվան մասին: Լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ նա իր ողջ կյանքը նվիրել էր հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրելու և այն աշխարհին ներկայացնելու գործին: Հսկայական է նրա ներդրումը հայ ժողովրդի պատմության և հայագիտական հետազոտությունների ոլորտներում:
Ապրելով հայրենիքից հեռու, մեծ ճանաչում ունենալով ամերիկյան գիտակրթական ասպարեզում՝ Ռիչարդ Հովհաննիսյանը սերտորեն կապված էր հայրենիքի հետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ էր և իր կապերով ու գործունեությամբ մեծապես նպաստում էր Հայաստանում պատմագիտության զարգացմանը:
«Պատմությունը կարող է մեռնել, եթե մոռացվի», – մի անգամ ասել էր Ռիչարդ Հովհաննիսյանն ու որպեսզի դա թույլ չտար՝ դարձել մի շարք կոթողային աշխատությունների, այդ թվում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության քառահատորյակի հեղինակը:
Կարդացեք նաև
Ափսոսում եմ, որ հայաստանցի երիտասարդ պատմաբաններն ու գիտնականները նրա դասախոսություններն ունկնդրելու հնարավորություն չեն ունեցել, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ մենք չենք կարողացել լիարժեք օգտագործել Սփյուռքի հսկայական ներուժը:
Նրա նման գիտնականներն են «կենդանի պահել» մեր պատմությունը, այն փոխանցել սերունդներին: Ու մենք էլ հետևելով նրա օրինակին՝ պետք է շարունակենք սերունդներին փոխանցել մեր ժողովրդի պատմությունը, այդ թվում՝ Արցախյան շարժման պատմությունը, որովհետև մեր հերոսների սխրանքը մեզ ուժ է տալիս:
Ռիչարդ Հովհաննիսյանը հայկական խոր արմատներ ուներ, և իր զավակներին էլ դաստիարակել է որպես իսկական հայրենասերների: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա զավակներին, թոռներին, մերձավորներին ու գիտական հանրության ներկայացուցիչներին: