«Սա ՔՊ-ի հերթական ապօրինությունն է, հակասահմանադրական, հակաքաղաքական հերթական գործողությունը, երբ փորձ է անում իր քաղաքական մեծամասնության ուժով իրեն ոչ ցանկալի, այլակարծություն ունեցող ընդդիմադիրներին զրկի սահմանադրությամբ երաշխավորված լծակներից: Սա հետեւողականորեն ՔՊ-ի իշխանազավթման քայլերից մեկն է՝ ընդ որում, անհանդուրժողականության, ատելության, զրպարտանքի նորանոր ռեկորդներ սահմանելով: Այն, ինչ իրենք հիմա անում են, ցույց է տալիս, որ այս մարդիկ, իրականում երբ որ իշխանության էին գալիս ու հայտարարում ընդդիմության դերի, մարդու իրավունքների պաշտպանության մասին, բոլորը սին խոսքեր են, անում են իշխանազավթում»,- «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանին ազատելու ՔՊ-ի նախաձեռնությունը:
Նա վստահ է, որ սրանով ընդդիմությանն ուզում են, որ խաղա իրենց խաղը. «Դա նշանակում է դիկտատուրա, ուզում են զսպաշապիկ հագցնել, պարտադրել, թե ում դնեն հանձնաժողովի նախագահ»:
Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ «Հայաստան» խմբակցությունը չի առաջադրելու նոր թեկնածու, Սահմանադրությամբ խմբակցությանն է վերապահված այդ որոշումը, բայց այսօրվա «ԱԺ կանոնակարգ» օրենքով այնպես են արել, որ այդ պաշտոնն անցնի ՔՊ-ին, տեղակալներն են իրականացնում հանձնաժողովի նախագահի պարտականությունները ու զավթում են ընդդիմադիրների համար նախատեսված պաշտոններն էլ:
Ըստ Արծվիկ Մինասյանի, աբսուրդ է ԱԺ խորհրդի նիստերին Թագուհի Թովմասյանի չմասնակցելը ներկայացնել՝ որպես խորհրդի նիստի տապալում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ