Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելը ոչ թե կնվազեցնի, այլ էլ ավելի կծանրաբեռնի քննչական մարմիններին և դատարաններին. Գեւորգ Դանիելյան

Հուլիս 11,2023 16:35

Aravot.am-ի զրուցակիցն է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր իրավաբան Գեւորգ Դանիելյանը

 -Կառավարությունը քննարկման է դրել Քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, որով նախատեսվում է ներդնել, այսպես կոչված՝ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու ինստիտուտը` ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում։ Նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ արտահերթ նստաշրջանում։ Ինչո՞վ է պայմանավորված ներկայումս նման նախաձեռնությունը։

-Նախ, նկատենք, որ այս նախագծի առնչությամբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ հրապարակվել է մասնագիտական եզրակացություն, որով նշված օրինագիծն ամբողջովին ճանաչվել է անհիմն և սահմանադրականության հետ առերևույթ լրջագույն խնդիրներ ունեցող։ Գործնականում իրավագիտության ֆակուլտետը դիմում է այսպիսի միջոցի, երբ շրջանառության մեջ են դրվում ծայրահեղ խնդրահարույց օրինագծեր, իսկ ձեր կողմից նշվածը հենց այդպիսին է ճանաչվել։

Այս նախաձեռնության հեղինակները իրենց քայլը բացատրում են քննչական մարմինների և դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու անհրաժեշտությամբ։ Նախապես ասեմ, որ գործնականում ճիշտ հակառակ պատկերն ենք ունենալու, ինչին դեռ կանդրադառնամ։ Բացի այդ, արտաքուստ կարող է թվալ, թե այս նախաձեռնությունը հետապնդում է պատժողական քաղաքականությունը մեղմացնելու նպատակ, սակայն դա ուղեկցվել է սահմանադրական նորմերի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի այնպիսի դրույթների բացահայտ ոտնահարմամբ, ինչի արդյունքում այդ նպատակը ևս մեծ հարցականի տակ է։ Վերջին հաշվով, մեղմացումն ինքնանպատակ չէ, այն չի կարող իրացվել ամեն գնով, այդ թվում՝ առավել ծանրակշիռ արժեքների անտեսմամբ։ Այս նախագծով առերևույթ շրջանցվում են Սահմանադրության առնվազն մի քանի հիմնադրույթներ, ընդհուպ՝ խտրականության արգելքը, արդար դատաքննության իրավունքը, պատժի համաչափության սկզբունքը և այլն։

Կոնկրետ ինձ առավել մտահոգում է վրեժխնդրության (վենդետա) կտրուկ աճի վտանգը։ Այսպիսի աննախադեպ լիբերալիզացիայի պարագայում դա, ցավոք, անխուսափելի է լինելու։ Նկատենք, որ վենդետան մեզանում հանդիպում է անգամ այն դեպքերում, երբ հանցագործը ստացել է իր արժանի պատիժն ու գտնվում է ՔԿՀ-֊ում, իսկ այսպիսի անհեռատես նախաձեռնությունները այդ վտանգավոր երևույթի տարածման համար ուղղակի պարարտ հող են։

Ընդհանրապես հատվածական միջամտությունները խարխլում են քրեական օրենսդրության ամբողջական, համակարգված չափանիշների կուռ տրամաբանությունը։ Ի դեպ, միջազգային իրավական չափանիշներով ևս բացառվում է այս բնույթի ծայրահեղ պատժողական քաղաքականությանը։ Այսպես, «Մարդու իրավունքների լուրջ խախտումների համար անպատժելիությունը վերացնելու վերաբերյալ» ԵԽ ուղեցույցում նշվում է, որ պետությունները պետք է պայքարեն անպատժելիության դեմ՝ որպես զոհերի համար արդարադատության միջոց և որպես մարդու իրավունքների հետագա խախտումները զսպող և արդարադատության համակարգում իրավունքի գերակայության և հանրային վստահության ապահովման միջոց։

 Օրինագծի հեղինակները փորձել են հիմնավորել, թե իբր օրենսդրությամբ նախատեսված մյուս դեպքերում ևս ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները տարանջատված չեն, մինչդեռ, ճիշտ հակառակը՝ այդ տարբերակումը չկա միայն մի դեպքում, երբ խոսքը ոչ թե պատժից ազատելուն, այլ օրենքով նշանակված պատժից ավելի մեղմ պատիժ նշանակելուն է վերաբերում։ Մյուս բոլոր դեպքերում մեղմացնող կարգավորումները չեն տարածվում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վրա։

 -Ըստ օրինագծի հեղինակների՝ այս նախաձեռնությունը զգալիորեն կնվազեցնի քննչական մարմինների և դատարանների խիստ ծանրաբեռնված աշխատանքը։ Ինչո՞ւ դա իրատեսական չէ։

-Այն պարզ պատճառով, որ պատժի անխուսափելիության դոկտրինի փոխարեն, ըստ էության, առաջարկվում է անպատժելիության զգացման արմատավորում, ինչը հանցավորության կտրուկ աճի առաջնահերթ գործոններից է։ Ինքս էլ, որպես տասնյակ տարիների պրակտիկ աշխատող՝ համարժեք պատկերացնում եմ ծանրաբեռնվածության նվազեցման անհրաժեշտությունը, բայց ողջ խնդիրն էլ այն է, որ ծանրաբեռնվածությունը նվազեցնում են գիտականորեն մշակված համալիր քաղաքականությամբ, ոչ թե ծայրահեղ վտանգավոր հատվածական առաջարկություններով։ Վերջին հաշվով, ողջ քրեական օրենսդրությունը ուղղված է հանցավորության կանխմանը, ոչ թե քողարկված խրախուսմանը, ինչը ծնում է անպատժելիության մթնոլորտ։ Բազմիցս եմ նկատել, որ մեզանում առանց այդ էլ հանցավորության դեմ պայքարի առանցքում պատկերացնում են ոչ թե պատժի անխուսափելիությունը, այլ խստությունը, հիմա որոշել են գնալ մեկ այլ ծայրահեղ միջոցի, որը դարձյալ ընդհանուր ոչինչ չունի պատժի անխուսափելիության հետ։

Էլ ավելի անհիմն է այն կարգավորումը, որի համաձայն՝ պատժից ազատելու հիմքերի գնահատականը տրվելու է ոչ թե դատաքննության, այլ մինչդատական վարույթի մարմինների կողմից, ինչը ոչ միայն հակասում է արդար դատաքննության իրավունքին, արդարադատությունը միայն դատարանների կողմից իրականացնելու սահմանադրական հիմնադրույթին, ինչը իշխանությունների տարանջատման երաշխիք է, այլև բովանդակում է ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր, այդ թվում՝ քաղաքական բնույթի։

Քիչ առաջ խոսեցինք ծանրաբեռնվածության նվազման օբյեկտիվ անհրաժեշտության մասին, իսկ ո՞ւմ համար պարզ չէ, որ իմաստազուրկ էր քաղաքական ու պետական գործիչներին վիրավորելու համար հազարավոր քրեական գործեր հարուցելն ու անավարտ թողնելը։ Ընդհանրապես իմաստազուրկ էր վիրավորանքը և զրպարտությունը քրեականացնելը։

Իսկ ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և իրավապահ մարմինների համակարգն ու դատարանները խելամտորեն բեռնաթափելու բազում իրավաչափ ուղիներ կան՝ սկսած դատաքննության կանոնների պարզեցումներից, վերջացրած դատարաններին ոչ ենթակա գործերը հանելու, դատական ակտերի կառուցվածքը և ծավալը էապես նվազեցնելու քայլերով։ Մեր դատական պրակտիկայում սովորական երևույթ է մի քանի տասնյակ էջերի հասնող դատական ակտերի առկայությունը, ինչը չեք հանդիպի որևէ երկրի դատական պրակտիկայում։ Ընդ որում, դրանցում զետեղված են մեծածավալ իրավական նորմերի վրա հղումներ, որոնց գերակշիռ մասն անմիջական առնչություն չունի քննվող գործի հետ։ Զավեշտը հասել է այն աստիճանի, որ դատական ակտում կիրառված օրենսդրական նորմը ճանաչվում է հակասահմանադրական, բայց դա որևէ ազդեցություն չի ունենում, քանի որ այդ նորմը պարզապես շարադրված է եղել տեքստում, այն էական դեր չի էլ ունեցել։ Վերջապես, ծանրաբեռնվածության նվազման զորեղ գործոն կարող է լինել լիարժեք, ոչ թե իմիտացիոն էլեկտրոնային արդարադատության ներդրումը և այլն։

Մի խոսքով, հարյուրավոր քայլեր կան, որոնք ոչ միայն չեն խոչընդոտում արդար դատաքննության իրավունքին, այլև համակողմանիորեն միտված են վերջինիս երաշխավորմանը, ուղղակի պետք է պետական կամք դրսևորել և գործի անցնել։

 -Հանրային որոշ շրջանակներում մտահոգություններ կան, որ, այսպիսով, կարող է կանաչ լույս վառվել Ծիծեռնակաբերդի կամ Եռաբլուրի նկատմամբ ոտնձգություններ անողների համար։ Կա՞ այդպիսի մտահոգություն։

-Հանրության իրավագիտակցությունը հակված է նաև այս նախաձեռնությունը դասալիքների վրա տարածելու նկրտումներին, սակայն ինքս չէի առանձնացնի այդ հանցագործությունները, քանզի սա համընդհանուր իրավական կարգավորում է և հավասարապես վերաբերելու է բոլոր ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին՝ դրանից բխող բացասական հետևանքներով հանդերձ։

Ամբողջ խնդիրն այն է, որ բացառիկ հիմքերի պարագայում քրեական օրենսգիրքը արդեն իսկ նախատեսում է մեղմ պատժողական քաղաքականություն, օրինակ՝ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը, մինչդեռ՝ առաջադրված կարգավորումը ոչ միայն անտեսում է անգամ նվազագույն չափով պատիժ նշանակելու իմաստը, այլև անհնարին է դառնալու նշված երկու ինստիտուտները միմյանցից տարանջատելը, քանզի երկուսի համար էլ նույն հիմքերն են՝ գործուն զղջալ, համագործակցություն մինչդատական վարույթի մարմինների հետ և այլն։ Ընդ որում, եթե գործող օրենսդրությամբ այդպիսի հայեցողություն վերապահված է դատարանին, ապա առաջարկվող տարբերակով՝ մինչդատական վարույթ իրականացնող մարմնին։

Մի խոսքով, հանրությանն առաջարկվում է չափազանց անհիմն, որևէ դրական արդյունք չերաշխավորող օրինագիծ, որը անխուսափելիորեն խեղաթյուրելու է ողջ քրեադատավարական քաղաքականությունը։

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31