Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին շրջանում ադրբեջանական պետական քարոզչամեքենան շրջանառում էր ԿԽՄԿ գրասենյակն Արցախից հանելու կամ Բաքվի գրասենյակին ենթարկելու պահանջը՝ առիթ փնտրելով այն իրականացնելու. Արցախի ՄԻՊ

Հուլիս 11,2023 16:23

Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով Հայաստանից Արցախ վերադարձող բուժառուների և նրանց ուղեկիցների, ինչպես նաև դեղորայքի առանց այն էլ սահմանափակ քանակի մուտքն Արցախ՝ այս անգամ «մաքսանենգության» կեղծ պատրվակով:

Աշխարհի ոչ մի կետում ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներն այնքան մանրազնին չեն խուզարկվում ինչքան Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետում, որը միտված է դիտավորյալ խոչընդոտելու Արցախում միակ միջազգային մարդասիրական կազմակերպության կողմից իրականացվող առաքելությանը:

Ադրբեջանն ակնհայտորեն արհամարհում է միջազգային իրավունքով սահմանված ԿԽՄԿ հատուկ կարգավիճակը, որը ենթադրում է ԿԽՄԿ անձնակազմի, տրասնպորտային միջոցների և բեռների անձեռնմխելիությունը:

Սա Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ գործունեությունը իրականացնելու համար միտումնավոր խոչընդոտներ հարուցելու առաջին դեպքը չի: Նախկինում ադրբեջանական կողմն ապօրինի արգելափակված հատվածում պահանջել էր իրականացնել ԿԽՄԿ վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային ու մեքենաների ստուգումներ: Հարուցված խոչընդոտների հետևանքով հունիսի 15-ից 10 օր շարունակ ամբողջովին կասեցված էր ԿԽՄԿ կողմից դեպի Արցախ մատակարարվող դեղորայքի և բուժառուների երկկողմանի տեղափոխումը:

ԿԽՄԿ գործունեությանը խաթարելով՝ ադրբեջանական կողմը հերթական անգամ ապացուցում է, որ մարդասիրական հարցերը և հումանիտար ճգնաժամը օգտագործվում են որպես Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ճնշում գործադրելու և անտանելի կենսապայմաններ ստեղծելու լծակ:

Վերջին շրջանում ադրբեջանական պետական քարոզչամեքենան ակտիվորեն շրջանառում էր ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի գրասենյակի Արցախից դուրս հանելու կամ Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին ենթարկելու ապօրինի պահանջը՝ անընդհատ առիթ փնտրելով այն հիմնավորելու և իրականացնելու համար: Եվ այս քայլը այդ ստոր քաղաքականության իրականացմանն ուղղված գործողությունների շղթայի մի մասն է կազմում:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31